Բաժիններ՝

Մեզ օրինակներ են պետք, ոչ թե՝ ռազմավարություններ

Հայաստանը պատերազմական իրավիճակում գտնվող երկիր է։ Դա նշանակում է, որ Հայաստանում ռազմական կրթությունը և ռազմական գործի կազմակերպումը կարևոր են։ Դա նաև նշանակում է, որ այս ոլորտում տեղի ունեցող յուրաքանչյուր քայլ պետք է կշռադատված լինի։

Այս տեսանկյունից դիտարկենք ՀՀ կրթության և գիտության (ԿԳ) նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարության» նախագիծը։ Նման փաստաթղթեր ներկայացնելիս՝ պետք է մարդկանց ու հասարակության հետ աշխատել, հետազոտություններ անցկացնել։

Օրինակ՝ կարելի է փաստաթուղթը հրապարակելուց առաջ հայտնել նման նախաձեռնության մասին, կենդանի շփման միջոցով ներկայացնել դրա նպատակները, ասել, որ պատրաստ են լսել ու հաշվի առնել դիտողությունները։ Հասկանալի է, որ տեխնոլոգիաների զարգացումն ընդլայնում է հանրությանը նոր փաստաթուղթ ներկայացնելու եղանակները (օրինակ՝ օնլայն հարթակներ), բայց հաղորդակցման հին ձևերը չպետք է մոռացվեն։

Նախագծի հետ կապված առաջին հարցը հետևյալն է։ Արդյո՞ք մեզ անհրաժեշտ է նման անվանումով փաստաթուղթ։ Կարծում եմ՝ անհրաժեշտ չէ, քանի որ հայրենասիրության մասին իրավական փաստաթուղթ ունենալը ճիշտ չէ։ Հայրենասիրությունը ոչ պետք է մասնագիտություն լինի, ոչ էլ փաստաթղթի վերնագիր։ Հայրենասիրությունը բարձր գաղափար է, որը չի կարելի տրոհել մասերի (ռազմահայրենասիրություն, գիտահայրենասիրություն, սպորտահայրենասիրություն)։ Ո՞վ է ռազմահայրենասերը։

Կարդացեք նաև

Եթե մարդը լավ մարզիկ է, բայց բանակում չի ծառայել, նա ռազմահայրենասե՞ր է, թե՞ ոչ։ Եթե ռազմահայրենասեր չէ, կարելի՞ է նրան համարել հայրենասեր։ Կամ, եթե մարդը մասնակցել է ռազմական գործողությունների, բայց հետագայում իր հարկային պարտավորությունները պատշաճ չի կատարել, նա ռազմահայրենասե՞ր է, թե՞ ոչ։ Հայրենասիրությունը չես կարող կոդավորել տեքստում և փոխանցել դպրոցներին՝ կիրառման նպատակով։ Հայրենասիրության տարածման լավագույն միջոցն օրինակն է։ Մեզ օրինակներ են պետք, ոչ թե՝ ռազմավարություններ։ Ժամանակակից մանկավարժության կարևորագույն հենասյուներից մեկն այն է, որ այսօրվա երիտասարդներին չես կարող քարոզներով ու խոսքերով դաստիարակել։ Պետք է օրինակներ ցույց տաս ու համոզես։

Փաստն այն է, որ այս փաստաթուղթն արդեն գոյություն ունի և դրվել է շրջանառության մեջ։ Հիմա դիտարկենք փաստաթղթի ուղերձները։ Կա մի հատված, որում խոսվում է Հայաստանի արտաքին և ներքին մարտահրավերների մասին։ Ներքին մարտահրավերների բաժնում առկա խնդիրների մեղքն ամբողջությամբ քաղաքացիների վրա է դրված, ինչն անընդունելի է։

Ճիշտ չէ գրել կրթական փաստաթուղթ և դրանում նշել, որ մեր քաղաքացիները դժկամորեն են բանակ գնում, հաղորդակցվում են օտար մշակույթի հետ, անկարգապահ ու անդաստիարակ են, թունամոլ ու թմրամոլ են, արատավոր վարքագիծ ու փողոցային բառամթերք ունեն, սեռապես էլ այլասերված են։ Ընդ որում, այս կետերից շատերը գրված են ընդհանրական։ Չի ասվում, որ անկարգապահությունն ու անդաստիարակությունը բոլորին չեն վերաբերում։

Փաստաթուղթը չի անդրադառնում Հայաստանում առկա կառավարման թերացումներին։ Փոխարենը՝ փաստաթղթում կա անուղղակի դժգոհություն ԿԳ նախարարության նախկին տարիների աշխատանքից։ Պարզվում է, որ մեթոդական գրականությունն աղքատիկ է, բացակայում են դասավանդման նորարարական մեթոդները, լավագույն փորձի փոխանակումն ու տարածումը։ Զինղեկների հեղինակությունն անկում է ապրում։

Դպրոցները ձախողում են դաստիարակության ուղղությամբ կատարվող մեթոդական աշխատանքները։ Հարց է առաջանում։ Իսկ ի՞նչ է արվել նախորդ տարիներին, ինչո՞ւ մեթոդական ձեռնարկներ չեն գրվել, ինչո՞ւ նորարարական մեթոդներ չեն ներդրվել։

Իմ կարծիքով՝ Հայաստանի դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակությունն այսօր ավելի բարձր մակարդակի վրա է, քան ստեղծագործական և քննադատական մտածողության զարգացումը։ Մաթեմատիկայի, ռուսաց լեզվի և այլ առարկաների դասավանդման մակարդակը շատ ավելի վատ վիճակում է, քան ռազմահայրենասիրական քարոզը։ Ապրիլյան պատերազմն էլ ցույց տվեց, որ Հայաստանի դպրոցները չեն ձախողել ռազմահայրենասիրական դաստիարակությունը։

Կան սուր ձևակերպումներ, որոնք հարիր չեն կրթական փաստաթղթին։ Օրինակ՝ ասվում է, որ ռազմահայրենասիրական դաստիարակության «բովանդակությամբ Սովետական ժամանակաշրջանի գրականությունը դպրոցական գրադարաններից գրեթե ոչնչացված են», օգտագործվում է «անդաստիարակություն» բառը, օտար մշակութային արժեքներին հաղորդակից լինելը դիտվում է՝ որպես մարտահրավեր, խոսվում է սեռական այլասերվածության մասին։

Կարծում եմ՝ ճիշտ կլիներ՝ նախարարությունը մշակեր «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի բարելավման հայեցակարգ։ Այս դեպքում խնդիրը շատ ավելի հստակ կլիներ։ Մանավանդ, փաստաթղթի կատարողականի ցուցանիշները հիմնականում կապված են «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի և զինղեկների հետ։

«Ռազմահայրենասիրական դաստիարակություն» արտահայտությունը պաթետիկ է, նեղացնում է հայրենասիրություն հասկացությունը։ Բացի այդ, ռազմավարություն գրելու անհրաժեշտություն կա այն դեպքում, երբ դու նոր ասելիք ունես։ Այս փաստաթղթից բացարձակապես չի զգացվում, որ նախարարությունը գտել է ոլորտի խնդիրների նորարարական լուծումներ։ Չափորոշիչներ ու դասագրքեր փոխելը, հոդածներ գրելը, մրցույթներ կազմակերպելն ու ֆիլմեր ցուցադրելը կարելի է առանց ռազմավարության էլ անել։

Ի վերջո, 21-րդ դարում հակառակորդին հաղթում են ոչ միայն՝ ռազմադաշտում, այլև՝ տնտեսության, կրթության, մշակույթի, բնապահպանական կրթության զարգացման, արդար ընտրություններ անցկացնելու միջոցով։ Մեզ այսօր ոչ թե ռազմավարություններ են պետք, այլ մարդկանց հետ ամենօրյա աշխատանք, մարդկանց հանդեպ ուշադրություն։ Թուղթ գրելով՝ կյանքը չես փոխի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս