Բաժիններ՝

«Ասացեք՝ ինչո՞ւ է այդքան թանկ Հայաստան թռչելը». Լապշինը՝ Հայաստանի բարձր գների մասին

Ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը Ֆեյսբուքի իր էջում կիսվել է Հայաստանում զբոսաշրջությանը խոչընդոտող ծառայությունների բարձր գների հետ կապված մտահոգություններով: Նա, մասնավորապես, ուշադրություն է դարձրել այն փաստին, թե որքան թանկ են ավիատոմսերը և հյուրանոցները:

«Հարց հայ ընկերներիս: Ասացեք՝ ինչո՞ւ է այդքան թանկ Հայաստան թռչելը: Օրերս ապրիլի վերջի համար տոմս էի փնտրում Երևանից դեպի Փարիզ, և բոլորը՝ մեկ ուղղության համար սկսվում են 250 եվրոյից, և դա դեռ էժան է, և ոչ բոլոր օրերին: Իսկ միջինը՝ մի ուղղությամբ՝ 350 եվրոյից սկսած: Այնուհետև ես նայեցի տարբերակներ Թբիլիսիից, այնտեղ սկսվում է 130 եվրոյից: Արդեն լավ է: Հետո նայեցի Քութայիսիից Wizzair-ով, իսկ այնտեղից Փարիզ մեկ ուղղությունն ընդամենը 50 եվրո արժե»,- գրել է նա:

Ըստ Լապշինի՝ մյուս խնդիրը հյուրանոցներն են:

«Ասացեք ինձ՝ ինչո՞ւ է գրեթե անհնար Երևանում օրական 50 եվրոյից ցածր գնով հյուրանոց գտնել: Ես խոսում եմ միջին՝ 3-աստղանի հյուրանոցի մասին՝ առանց շքեղության, բայց որպեսզի լինի մաքուր և բարեկիրթ»:

Լապշինը գրառման մեջ պատմել է նաև իր «համեստ թոշակառու» մոր մասին, ով կարող է 500 եվրոյից կազմված բյուջեով մեկ շաբաթ հանգստանալ Փարիզում, Հռոմում, Լոնդոնում և այլուր, բայց Հայաստան չի կարող գալ: Նա նշում է, որ Հայաստան այցը նրա մոր համար չափազանց թանկ է:

«Անհեթեթությո՞ւն է: Իմ մայրը տիպիկ օրինակ է այն բանի, որ օտարերկրացի զբոսաշրջիկները, անգամ Հայաստանի հանդեպ համակրանք ունենալով, ստիպված են հանգստի համար այլ երկրներ ընտրել»,- գրում է նա:

Ինքը Լապշինն իր ընկերներին հաճախ է խորհուրդ տալիս այցելել Հայաստան, սակայն վերջիններս ընտրում են այլ երկրներ:

«Ահա, թե ինչն է անհասկանալի: Հայաստանն իր հսկայական տուրիստական պոտենցիալով կարող է ներգրավել միլիոնավոր զբոսաշրջիկներին և զբոսաշրջության շնորհիվ վաստակել միլիարդավոր դոլարներ, որոնք այդքան անհրաժեշտ են տնտեսության համար: Սակայն գործնականում Վրաստան այցելում է տարեկան մոտ 7 միլիոն հյուր, իսկ Հայաստան՝ 1.5 միլիոն: Պարզապես վրացիները ստեղծեցին զբոսաշրջության զարգացման համար անհրաժեշտ բոլոր պայմանները»:

Բլոգերը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում նաև Հայաստանի ներքին տրանսպորտին.

«Առանձին կխոսեմ Հայաստանի ներքին տրանսպորտի մասին: Այն վատն է: Երևանում մի քանի անկանոն ավտոկայաններ կան, որտեղ շատ դժվար է արտասահմանցի զբոսաշրջիկների համար: Համացանցում հնարավոր չէ գտնել ավտոբուսների ժամանակացույցերը դեպի երկրի այլ շրջաններ, հասկանալի չէ՝ ի՞նչ արժեն գնացքի տոմսերը, ինչպե՞ս հասնել լեռներում գտնվող ինչ-որ վանքեր: Ամբողջ հույսը միայն հայերի հյուրընկալության և բարեսրտության վրա է: Հիշում եմ՝ մի քանի տարի առաջ ինքս էլ մնացել էի Գորիսում և երկու ժամ Տաթև տանող փոխադրամիջոց էի փնտրում: Տաքսիստները թանկ էին վերցնում՝ տեսնելով, որ ես զբոսաշրջիկ եմ: Արդյունքում ինձ տեղ հասցրին այլ զբոսաշրջիկներ, որոնք նույնպես մոլորվել էին, բայց գոնե վարձակալությամբ մեքենա էին վերցրել: Իսկ մի անգամ, երբ ուզում էի Երևանից Գյումրի գնալ, մեկ ժամ նստած էին մեքենայում ու սպասում էի՝ երբ է վարորդը ուղևորներով լցնելու ամբողջ մեքենան: Գումարած դրան՝ բավարար չեն անգլերենով ցուցումները, և եթե դուք չեք խոսում հայերեն կամ գոնե ռուսերեն, ապա շատ դժվար է»,- գրել է Լապշինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս