«Նման ինստիտուտ մարզպետների մոտ էլ պետք է լինի». Կարեն Կարապետյան
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն հանձնարարականներ տվեց շինարարության ոլորտի ակտիվության գնահատման և շինարարության թույլտվությունների տրամադրման խնդիրների վերաբերյալ։ Ըստ նրա՝ 2017 թ.՝ 2016 թվականի 2404 տրամադրված շինարարության թույլտվությունների համեմատությամբ, մարզերում և Երևան քաղաքում տրամադրվել է 3407 թույլտվություններ՝ 1003-ով ավել։
«Չնայած նշված դրական դինամիկային, պետք է արձանագրել, որ համայնքների և բնակավայրերի գլխավոր հատակգծերի և գոտևորման նախագծերի բացակայությունը խոչընդոտ է հանդիսանում մարզերում շինարարական աշխատանքների նախաձեռնման, հատկապես կանխատեսելիության տեսանկյունից»,- ասաց նա։
Վարչապետը հանձնարարեց տարածքային կառավարման և զարգացման նախարարին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին և մարզպետներին մեկամսյա ժամկետում մշակել համայնքների ղեկավարների կողմից շինարարության թույլտվությունների տրամադրման միասնական նորմատիվային մոտեցումներ, այդ թվում՝ անդրադառնալով տևողության և պահանջվող փաստաթղթերի հարցերին, միաժամանակ Քաղաքաշինության պետական կոմիտեում նախատեսել նման թույլտվությունների տրամադրման վերաբերյալ բողոքների ընդունման և խնդիրների արագ արձագանքման մեխանիզմ։
«Կարծում եմ՝ նման ինստիտուտ մարզպետների մոտ էլ պետք է լինի, պարոն Լոքյան»,- տարածքային կառավարման և զարգացման նախարարին դիմեց վարչապետը:
Կ.Կարապետյանը Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց ապահովել ըստ հաստատված ժամանակացույցի, համայնքների և բնակավայրերի գլխավոր հատակագծերի և գոտևորման նախագծերի մշակման աշխատանքների կատարումը, համապատասխան գործընթացում ցուցաբերել մասնագիտական օժանդակություն և սահմանել հսկողություն՝ քաղաքաշինական նորմատիվների պահպանման ուղղությամբ, իրականացված աշխատանքների մասին պարբերաբար ներկայացնել հաշվետվություն կառավարության աշխատակազմ։