«Հայկական կողմը պաշտպանությունից անցնում է պատժիչ, կանխարգելիչ ռազմավարության». Արթուր Եղիազարյան

«2016թ. ապրիլն իր վատ հետևանքները թողեց՝ պայմանավորված մարդկային մեծ կորուստով, բայց ապրիլյան պատերազմը նաև մեծ դաս եղավ հայկական կողմի համար։ Մենք դուրս եկանք այն թմբիրից, որ կար 1994թ. հետո։ Այս զինադադարի շրջանում չէր դիտվում, որ հնարավոր է լայնամասշտաբ մեծ պատերազմի կրկնություն, բայց մենք հաշվի չառանք, թե ինչպիսի հակառակորդ ունենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի գործողությունները ցույց են տալիս, որ հայի տեսակի հանդեպ իրենք թշնամանք են տածում, միայն ռազմական խնդիրը չէր. «Այդ դասը մեզ ինչ-որ տեղ պետք էր, ցավոք, զոհերի գնով, որպեսզի անդրադառնայինք բանակաշինության գործին։ Այս երկու տարվա ընթացքում եղան օրենսդրական փոփոխություններ, առաջնագծում լուրջ աշխատանքներ, արդիականացման այս 7-ամյա ծրագիրը, որը փոփոխական ծրագիր է լինելու, այսինքն՝ մշտապես ժամանակակից պատերազմի շունչը հաշվի առնելով՝ մենք պետք է զարգացնենք մեր բանակը։

Շատ բան է փոխվել. սկսած սպառազինության որոշ տեսակների թարմացումից, նոր միավորների ձևավորումից, մինչև մարտական դիրքերի վերազինումն ու վերապատրաստումը։ Եթե նկատել եք, վերջին երկու տարվա ընթացքում հակառակորդի կողմից շատ քիչ դիվերսիոն գործողություններ են եղել, առավել ևս, որ դրանք ոչ մի անգամ հաջողություն չեն ունեցել»։

Նա կարևորեց նաև մարտական ոգին, որը, ըստ փորձագետի՝ որոշիչ է դառնում ռազմական գործողությունների ժամանակ.

Կարդացեք նաև

«Նույն ապրիլյանի ժամանակ, եթե սկզբից խուճապային տրամադրություն լիներ, դա էլ կարող էր վարակիչ լինել, բայց հակառակը՝ մենք տեսանք, որ հայկական բանակում մարտական ոգին կայուն է։ Այսօր շատ դեպքերում ապրիլյան պատերազմի օրերը նաև պարտության օրեր են նշում, բայց դա իրականությանը չի համապատասխանում։ Եթե հիշում եք՝ 2016թ. մինչև մայիս ամիսը ոչ ոք պարտությունից չէր խոսում՝ անկախ նույնիսկ մի փոքր տարածքային կորստից, որովհետև դա մարտավարական կորուստ էր, ոչ թե՝ ռազմավարական։

Եթե այդ կռիվները 4 օր չտևեին, այլ տևեին 5 օր, լրիվ այլ պատկեր կարող էինք ունենալ։ Ուղղակի քաղաքական նկատառումներով դադար տրվեց, և այն բնագծում, որտեղ այդ պահին կային, այդպես էլ մնացին։ Սա էր տարբերությունը»։

Եղիազարյանը կարևորում է նաև պատրաստվածությունը. «Քառօրյա պատերազմը նաև ցույց տվեց, որ հայկական բանակում շատ բարձր մակարդակ է։ Այսօր անընդհատ լսում ենք, որ Ադրբեջանը նոր զինատեսակներ է ձեռք բերում, բայց մեր տղաներն ամենապարզ զինատեսակներով կարողացան ոչնչացնել հակառակորդի շատ ավելի թանկ ու լուրջ միջոցներ։ Այսինքն՝ պետք է հասկանալ, որ, երբ ինչ-որ միջոցի դեմ պայքարում ես, համարժեք կարող է չլինել, և շատ ավելի փոքր, էժան միջոցներով կարող ես ոչնչացնել հակառակորդի ավելի լուրջ միջոցները։ Կարևորը՝ իմանաս, թե հակառակորդն ինչ ունի, և դրա դեմ ինչպես պայքարել»։

Նա ընդգծեց, որ հայկական բանակը վերջին տարիներին բավականին համալրել է իր տեխնիկական միջոցները. «Ես վստահեցնում եմ, որ հակառակորդն այլևս երբեք շանս չի ունենա այնպիսի «հաջողություն» գրանցել, ինչպիսին ապրիլին էր։

Իրականում, Ադրբեջանը լայնամասշտաբ գործողության էր անցել, ուներ շատ լուրջ նպատակներ, և գործի էր դրել իր ամբողջ բանակային պոտենցիալը։ Այն ժամանակ մենք ամբողջությամբ չօգտագործեցինք մեր հնարավորությունները, և տեսեք՝ կասեցվեցին հակառակորդի գործողությունները։

Ադրբեջանը փորձում էր կայծակնային արագությամբ հաջողություն գրանցել, իր հաշվարկով պետք է Արցախի կենտրոնական հատվածից ստորաբաժանումները քաշվեին հյուսիս և հարավ, կենտրոնական մասը թուլանար, և այդ ժամանակ կտրուկ ճեղքումով՝ Ստեփանակերտը վերցնելով, մտածում էին՝ բլից-կրիգային տարբերակով Արցախի խնդիրը լուծել։

Բայց հակառակորդը հենց առաջին օրից անհաջողության մատնվեց, նրա բոլոր պլանները ձախողվեցին։ Եթե Ադրբեջանը մի փոքր էլ շարունակեր, կոչնչացներ իր զինված ուժերը։ Նրանք նույնիսկ գումարտակի խնդիր չկարողացան լուծել՝ հսկայական կորպուսներ գործի մեջ դնելով»։

Ռազմական փորձագետը վստահեցրեց՝ եթե Ադրբեջանը մեկ անգամ էլ նման սխալ թույլ տա, շատ հեշտ կլինի հայկական կողմի կորցրած տարածքները վերադարձնելը, մի բան էլ՝ ավելի. «Ասում եմ՝ մի բան էլ՝ ավելի, որովհետև 7-ամյա ծրագրով այդ խնդիրը դրված է, մենք պաշտպանությունից անցնում ենք պատժիչ, կանխարգելիչ ռազմավարության։ Այսինքն՝ ոչ միայն հակառակորդին կասեցնել, այլ նրան այնպես պետք է պատժել, որ մյուս անգամ նման գործողություն անելուց առաջ երկար մտածի»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30