Նոր մանրամասներ` Կեմերովոյի հրդեհի դեպքից. Քննչական կոմիտեն հրապարակել է տեսագրությունը

Շարունակվում է Կեմերովոյի առևտրային կենտրոնում բռնկված մահացու հրդեհի գործի քննությունը: Քննչական կոմիտեն հրապարակել է տեսագրությունը: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Ռուսաստանի Քննչական կոմիտեն հրապարակել է տեսագրություն, որը ցույց է տալիս այն պահը, երբ բռնկվեց հրդեհը Կեմերովոյի առևտրային կենտրոնում, որի արդյունքում եղան տասնյակ զոհեր:

Սա Խորհրդային Միության փլուզումից հետո ամենաշատ զոհեր գրանցած ողբերգական հրդեհն է, որն ընդգրկել էր առևտրային կենտրոնի՝ երեխաների համար նախատեսված հատվածները:

Տեսագրությունում երևում է, թե ինչպես են երեխաներն արագորեն լքում խաղահրապարակն ու հրդեհով բռնկված հատվածները: Նախորդ շաբաթ հետաքննությունը տեղեկացրել է, որ առևտրային կենտրոնի ելքերը օրենքին հակառակ փակ են եղել, չէր աշխատել մարդկանց տեղեկացնելու մեխանիզմը, անսարք էր ազդանշանային համակարգը, իսկ երեխաները փակված են մնացել կինոթատրոնում:

Ուրբաթ օրը ոստիկանությունը ձերբակալել է «Կեմերովոյի հրուշակեղենի կոմբինատ»-ի գլխավոր տնօրենին: Ընկերությունը «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի սեփականատերն է: Քննչական կոմիտեի տվյալներով տնօրեն Յուլիա Բոգդանովան միջոցներ ձեռք չէր առել՝ թերությունները վերացնելու համար:

Ձերբակալվածների թվում են նաև Կեմերովոյի շրջանի շինարարական ստուգումներ իրականացնող մարմնի ղեկավար Թանզիլիա Կոմկովան, ում մեղադրել են անօրինական կառուցապատմանը չխոչընդոտելու մեջ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, անդրադառնալով հրդեհին, ասել է, որ ողբերգության պատճառն է հանցավոր անփութությունը և հավաստիացրել, որ բոլոր մեղավորները կստանան արժանի պատիժ:

Տեսանյութեր

Լրահոս