Բաժիններ՝

Պիպոյանը տարօրինակ չի համարում շոկոլադի այրվելու տեսանյութը. շոկոլադի ճիշտ կիրառման խորհուրդներ

Համացանցում աղմուկ բարձրացրած՝ շոկոլադե սալիկի այրման տեսանյութը պարզ քիմիա է և նորմալ երևույթ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է պարենային իրավունքի մասնագետ Դավիթ Պիպոյանը։

«Համացանցում աղմուկ բարձրացրած՝ շոկոլադե սալիկի այրման տեսանյութը շատերը սկսեցին կրկնօրինակել։ Բոլոր այն մարդիկ, ովքեր հետևում են յութուբյան հոլովակներին և կրկնօրինակում են, տեղեկության պակաս ունեն։ Եթե անգամ վերցնենք հատիկավոր կակաո կամ շոկոլադի հատիկ և այրենք՝ բնականաբար այն կայրվի, որը պարզ օրգանական քիմիա է։ Իսկական շոկոլադը պետք է պարունակի երեք բաղադրիչ՝ հատիկավոր կակաո, կակաոյի յուղ, շաքար»,- նշեց Պիպոյանը։

Նա և՛ տանը, և՛ խանութում եղած կոնֆետների մոնիթորինգ է իրականացրել և բոլորի վրա կա մակնշում, որ օրինակ՝ կակաոյի յուղի փոխարեն բուսական այլ յուղեր են օգտագործվում։

«Հաճախ կակաոյի քերուկի փոխարեն կակաոյի փոշի է օգտագործվում, բարձրարժեք յուղն էլ փոխարինվում է ցածրորակով, մասնավորապես արմավենու յուղով։ Համարյա բոլոր ապրանքների մակնշումներում այս տեղեկությունը լինում է և մենք մի կողմից չենք հետևում մակնշմանը, իսկ մյուս կողմից էլ աղմուկ ենք բարձրացնում սիրողական հոլովակներից»,-նշում է Պիպոյանը:

Շոկոլադի բարձրորակ լինելը ստուգելու համար Պիպոյանը մի քանի փոքրիկ խորհուրդ տվեց՝ կարելի է տեղադրել սառցախցիկ, ինչի դեպքում այն պետք է սպիտակի, երկրորդ դեպքում կաթի մեջ գցելով՝ այն պետք է սուզվի և նստի հատակին, ջրի մեջ չի սուզվի խտության քիչ լինելու պատճառով։

«Հաշվի առնելով, որ կակաոյի յուղն ունի շատ ցածր հալման ջերմաստիճան՝ մոտ 20-30, իսկ բուսական յուղերը՝ 40 աստիճան, ապա պետք է շոկոլադի սալիկը պահել ձեռքի ափում։ Արագ հալչելու դեպքում գործ ունենք կակաոյի յուղի հետ, եթե չի հալչում, ուրեմն բուսական յուղ է։ Բնական շոկոլադը պետք է ունենա փայլ»,- նշեց Դավիթ Պիպոյանը։

Նա ծնողներին խորհուրդ տվեց երեխաներին շոկոլադ գնելուց առաջ ուշադրություն դարձնել մակնշմանը՝ ինչից է պատրաստված՝ ինչ-որ բուսայուղերից, թե կակաոյի յուղից կամ զգուշանալ շաքարի մեծ քանակություն պարունակող շոկոլադից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս