Այս շարժումը ոչ թե մարել է, այլ հասնելու է ողջ ժողովրդի երազների իրականացմանը. Սրբազան
Երևանի Հանրապետության հրապարակում ընթանում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համազգային հանրահավաքը:
Տավուշի թեմի առաջնորդն իր ելույթում նշել է՝ գրեթե երկու շաբաթից ավելի է, «Տավուշը հանուն հայրենիքի» կամ Սրբազան շարժումը հետևողականորեն, համբերատար և հստակ օրակարգով, վստահ ուղեգծով ընթանում է դեպի բաղձալի ճշմարտության հաղթանակը, որը սարերի ետևում չէ, ավելին, շատ մոտ է:
«Վերստին ցանկանում եմ հիշեցնել և վերահաստատել, որ մենք պայքարի ենք դուրս եկել հանրային լայն հաշտության օրակարգով՝ պայքարելով ստի և կեղծիքի, ատելության և թշնամության դեմ, հանուն ճշմարտության, հաշտության և սիրո: Այսինքն, իր ողջ էությամբ այս շարժումն արժեքային և քաղաքակրթական փոփոխության մասին է: Մենք պարզապես ապրելու և պետություն կառուցելու այլընտրանք չունենք: Վերջին 2 շաբաթը ցույց տվեց, որ մեր ազգն ապրում է փոփոխությունների մեծ ակնկալիքով և սպասումով, նոր արթնացած հույսերով, որը, մեր ներքին և արտաքին թշնամիները կարծում էին, թե սպանել են վերջնականապես»,- նշել է Սրբազանը՝ հավելելով, որ ժողովուրդը՝ մեծից փոքր, ընդունել է շարժման օրակարգը և պատասխանատու մասնակցությամբ ցանկանում է փոխել այն դառը իրականությունը, որը ոչ թե իր ստեղծածն է, այլ արհեստական կերպով պարտադրվել է մեզ՝ որպես «անխուսափելի» իրականություն, փորձելով այն դարձնել հուսահատության, անելանելիության, անզորության, վախերի, անօգնականության մշակույթ և վարքագիծ:
«Այս օրերը փաստեցին, և դուք այժմ փաստում եք, որ մերժել եք և պատռել այդ ամենը՝ պատրաստ անտեղիտալի պայքարի»,- ընդգծել է Սրբազանը և հավելել, որ շարժումը ոչ թե մարել է, այլ բյուրեղացել:
Մանրամասները՝ տեսանյութում