«Կտեսնենք, ըստ զարգացումների՝ կերևա». Բագրատ Սրբազանը՝ հարթակից վարչապետի թեկնածուի անունը տալու մասին
Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համազգային հանրահավաքը:
Հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում Բագրատ Սրբազանը պատասխանելով իրեն ուղղված հարցին, թե՝ երկրում աղետ է, իսկ դուք հանրահավա՞ք եք անում, ընդգծել է, որ երկրում աղետ է, որովհետև իրենք՝ այս իշխանություններն են ներկա, ապա ավելացրել է, որ աղետը կանխելու և աղետի հետևանքները վերացնելու պարտականությունն իշխանություններինն է, իրենց գործն է: Թեպետ վստահ չէ, որ կիրականացնեն, ինչի մասին վկայում են տարածված կադրերը: Իհարկե, Բագրատ Սրբազանը բնական աղետի շրջանի ժողովրդին աջակցելու իր պատրաստակամությունը հայտնել է :
«Երկրում ոչ դիմակայունության հայեցակարգ կա, ոչ էլ անվտանգության ռազմավարություն: Ավելին, այս աղետը նաև ցույց տվեց, թե ինչքան վտանգավոր է այս սահմանազատման, միակողմանի զիջման արկածախնդրությունը, գրեթե բոլոր ճանապարհները փակվել են, ինչը փաստում է, որ այս ձևով տեղի ունեցած սահմանազատման միջոցով, զիջումներով ուղղակի մեր կենսական նշանակության ճանապարհներն այլևս չեն գործելու»,- ասել է Սրբազանը:
Իսկ հարցին՝ այսօր հարթակից կհնչի՞ վարչապետի թեկնածուի անունը, Տավուշի թեմի առաջնորդը հակիրճ պատասխանել է՝ կտեսնենք:
«Ըստ զարգացումների՝ կերևա»,- ընդգծել է Բագրատ Սրբազանը:
Մանրամասները՝ տեսանյութում