Այս ստի հայրը պատասխա՛ն ունի տալու. Բագրատ սրբազան
«Հայությունն ունի անսահմանափակ ներուժ, որը կարող է գործադրել ի շահ իր հավաքական կամքի և իր պետության անխոչընդոտ զարգացման»,-Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Խոսելով երիտասարդության մասին, Բագրատ սրբազանն ասաց՝ երիտասարդությունը պատասխանատու ու հանձնառու է, ձգտումներով, երազներով և դրանք իրականացնելու կամքով։ Հայրենատեր են, աստվածասեր, նվիրված ազատության գաղափարին ու կյանքին նվիրված։
«Երիտասարդությունն այստեղ է առաջին իսկ օրվանից։
Մեր ժողովուրդը լայն իմաստով կարիք ունի երկխոսության՝ երկխոսություն իր ներկայի, գալիքի, ինքնության, դավանած արժեքների մասին։ Հակառակ այս ամենին, ինչ ստացանք մենք, իշխանական ինքնաընդդիմացող և ինքնամերժող, ինքնաժխտող, ստի ու թշնամության մունետիկ ղեկավարի՝ նրա տարաբնույթ և նրա մի քանի արբանյակների կողմից։ Հաշտության փոխարեն՝ թշնամություն, սիրո փոխարեն՝ ատելություն, ինքնամաքրվելու փոխարեն՝ցեխարձակում, օրհնության փոխարեն՝ հայհոյանք և զրպարտություն, լուտանք և հալածանք։ Սուտ ու էլի սուտ, մանավանդ վերջին երկու օրերին և դրանից առաջ էլ տարաբնույթ հալածանք մեր արցախցի հայրենակիցների նկատմամբ, շարժմանը մասնակից գործարարների, բժիշկների նկատմամբ, ովքեր արհամարհել են վախը, կալանքն ու նեղությունը և կանգնել են ճշմարտության համար պայքարի։ Շարունակական սպառնալիքներ, ահաբեկումներ՝հատկապես գործիք դարձնելով ոստիկանական ուժերին ու ողջ իրավապահ ու անվտանգային ծառայությունները։ Նրանք կոչված են պաշտպանելու սեփական ժողովրդին, սակայն գերի լինելով՝ լծված են հակառակ գործին՝ իրենց կամքից անկախ»,-նշեց Բագրատ սրբազանը։
Սրբազանը հիշեցրեց՝ ՀՀ իշխանությունների թեզերն ուղղակի ձայնակցում են ադրբեջանական և թուրքական իշխանությունների քարոզչամեքենային և ոչ միայն ձայնակցում, այլև կարծես թե նույն աղբյուրից են հրահանգ ստանում։
Բագրատ սրբազանը նաև ասաց, որ վերջին ամիսներն իրենց ողջ ընթացքով եղել են իր կյանքի և հոգևոր ծառայության ամենաերջանիկ օրերը, երբ տեսել է մարդկանց ժպտացող ու լուսավոր դեմքերը, անխարդախ գրկախառնումները, մաղթանքներն ու օրհնանքները։
«Դժբախտաբար, այս ընթացքում շարունակվեց սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո ուժի սպառնալիքով միակողմանի զիջումները՝ հակասահմանադրական, հակաօրինական՝ թե՛ ՀՀ-ի, և թե՛ միջազգային սկզբունքներին ամբողջովին հակառակ, բառիս բուն իմաստով։
Կիրանցում՝ հակառակ այդ դժվարին իրավիճակի, մարդիկ մեզ ասացին՝ չնահանջեք, մենք ձեր մեջքին ենք։ Եվ այսօր այստեղ այս փոքրիկ գյուղը՝ Ոսկեպարով, Բաղանիսով, եկել են նաև ֆիզիկապես ասելու, որ մենք ողջ Հայաստանի մեջքին ենք, այնպես, ինչպես եղել ենք այս անցնող բոլոր տարիների ընթացքում»,-շեշտեց Բագրատ սրբազանը։
Նա նաև ընդգծեց, որ ուխտել են՝ այս հերոսական գյուղերի բնակիչներին միայնակ չեն թողնելու։
«Այս ստի հայրը պատասխան ունի տալու այդ արդար արցունքների համար»,-եզրափակեց Բագրատ սրբազանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում