«Ալիևն այդ պատճառով էլ մտածում է Երևանը վերցնելու մասին». Գառնիկ Իսագուլյան

«Մենք պետք է նշենք, որ բանակում թերություններ են արձանագրվում, հատկապես, երբ լինում են ռազմական բախումներ: Դա ցավալի է, որովհետև լինում են մարդկային զոհեր։ Ապրիլյան պատերազմը ի ցույց դրեց որոշակի թերացումներ՝ հատկապես առաջին գծում: Հետագա գործունեության ընթացքում Պաշտպանության բանակը և երկու պետությունների Գերագույն գլխավոր հրամանատարները ձեռնամուխ եղան թերացումների վերացմանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդարանական խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

Նրա խոսքով՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմից բավականին լուրջ հետևություններ են արվել. «Առաջնագծում մենք ունենք  այնպիսի զենք և տեխնիկա, որ ամբողջությամբ կարող ենք վերահսկել, թե ինչ գործողություն է պատրաստվում անել թշնամին։ Բացի այդ՝ առաջնագծում կառուցվեցին բավականին լուրջ նշանակության ռազմական կառույցներ, թաքստոցներ, ընդ որում՝ դրանց բոլոր հնարավորություններն ապահովված են։ Այս տարի կավարտվի էլեկտրաէներգիայի մշտական մատակարարումը հենց առաջին գիծ, անմիջապես խրամատներ, ինչպես նաև կլուծվի մաքուր ջրի մշտական մատակարարման հարցը»:

Գառնիկ Իսագուլյանը քաղաքագետներին, վերլուծաբաններին խորհուրդ է տալիս երբեք չխոսել տարածքներ հանձնելու մասին.

«Հայկական կողմը երբեք պատրաստ չի եղել որևէ մեկին տարածք զիջել, ոչ էլ ապրիլյան պատերազմից հետո են նման թեզեր եղել, թե պատրաստ են տարածքներ զիջել։ Արցախն ունի Սահմանադրություն, որում հստակ նշված է, որ այն տարածքները, որոնք գտնվում են Արցախի Հանրապետության լիազորությունների ներքո, ամբողջական են, որևէ տարբերություն չկա ո՛չ Թալիշի, ո՛չ Ստեփանակերտի մեջ։ Հայաստանը իրավասություն չունի անգամ Արցախի տարածքների հետ կապված որևէ փաստաթուղթ ստորագրել: Հայաստանը միայն Արցախի տարածքների ամբողջության և անվտանգության երաշխավորն է: Հայաստանն Արցախի կողքին է, բայց ոչ՝ Արցախի փոխարեն: Տարածքներ հանձնելու մասին այս ելույթները երևի հասնում են Ալիևին, և նա այդ պատճառով էլ մտածում է Երևանը վերցնելու մասին»։

Տեսանյութեր

Լրահոս