Բանակում մոլեխաղը կարգելվի
Զինծառայողի կողմից զորամասում, ծառայության վայրում կամ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ընթացքում մոլեխաղերի մասնակցելու կամ դրանց կազմակերպելու համար ՀՀ քրեական օրենսգրքում պատասխանատվություն կսահմանվի: Ինչպես այսօր ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀԿ-ական պատգամավոր, նախագծի համահեղինակ Կարինե Աճեմյանը, այդ նպատակով փոփոխություն է առաջարկվում ՀՀ քրեական օրենսգրքում:
Ըստ նրա` մոլեխաղը` գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ այլ առավելություններ ստանալու նպատակով երկու կամ ավելի մասնակիցների միջև կամ կազմակերպչի կողմից սահմանված կանոններով շահումի վերաբերյալ ռիսկի հիման վրա համաձայնությամբ խաղ է:
«Այս ոլորտները մարտահրավեր են հանդիսանում մեր հասարակության համար»,- նկատեց Կ.Աճեմյանը:
Հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը համաձայնեց, որ այս կարգավորումը ծայրահեղ կարևոր նշանակություն ունի: Նա հետաքրքրվեց` արդյոք լոտոն ևս համարվելո՞ւ է մոլեխաղ, և ընդհանրապես այս նախագիծը արդյոք չի՞ նպաստի ԶՈՒ-ում հանցավորության աճին:
Կ.Աճեմյանի կարծիքով` հակառակը` հանցավորության մակարդակը պետք է նվազի. «Մենք չէինք կարող նախագիծ բերել, որը կնպաստեր հանցավորության աճին»:
Սակայն հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ սա կնպաստի հանցավորության աճին, որով քրեականացվում է մի հարց, որը նախկինում քրեականացված չէր:
Կառավարության ներկայացուցիչը նշեց, որ շուտով Արդարադատության նախարարությունը նախատեսում է Քրեական նոր օրենսգիրքը ներկայացնել կառավարության քննարկմանը, և կրկնակի քննարկումից խուսափելու համար՝ հարցին անդրադառնալ նոր ՔՕ շրջանակներում, առավել ևս, որ այս հանցագործություններով վիճակագրությունը շատ ցածր թիվ է:
Ի վերջո, նախագիծը հետաձգվեց` լրամշակման նպատակով: