«Սա այն աղբյուրն է, որը սնում է ոչ միայն լարվածություն, այլև ապրիլյան պատերազմի պես վտանգներ». Արցախի ՄԻՊ
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ապրիլյան պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների, խոշտանգումների դեպքերի մասով իրենց կատարած քայլերին, նշեց, որ գործընթացներն իրականացվել են մի քանի ուղղություններով։
«Դրանց մի մասի հետ մենք ունենք առնչություն, մի մասի հետ չունենք։ Մեր գրասենյակը հենց ապրիլի վերջին առաջին զեկույցը հրապարակեց, որը վերաբերում էր Ադրբեջանի կողմից թույլ տրված վայրագություններին՝ բաց աղբյուրների հիման վրա։ Այդ զեկույցը՝ որպես ապրիլյան ադրբեջանական ագրեսիայի հիմք, նշում էր հայատյացության քաղաքականությունը, որը խոր արմատներ է տվել Ադրբեջանում և շարունակաբար հրահրվում է պետական իշխանության բարձրագույն մարմինների կողմից»,- ասաց նա։
Վերոնշյալ զեկույցից հետո, Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ սկսվել են փաստահավաք աշխատանքները, որպեսզի առկա պնդումները հիմնվեն ոչ միայն բաց աղբյուրների, այլև հետազոտված փաստերի վրա.
«Մենք մեծածավալ աշխատանքներ փորձեցինք կատարել, այդ թվում՝ նաև ուսումնասիրեցինք ադրբեջանական սոցիալական կայքերի սեգմենտը, և բազմաթիվ ապացույցներ այդտեղից նույնպես ի հայտ եկան՝ ձայնագրություններ, տեսագրություններ, լուսանկարներ։ Կազմվեց զեկույց՝ վայրագությունների հետ կապված, որը դեկտեմբերի 9-ին հրապարակվեց։ Հիմնական ուղերձն այն էր, որ Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված մարդկանց 90%-ը ենթարկվել է պատերազմական հանցագործությունների։ Եվ փորձեցինք այնուհետև լայնորեն տարածել։ Տարածման հարցում մեզ օժանդակել են մեր Սփյուռքի կառույցները, նաև դիվանագիտական ճանապարհով է զեկույցը տարածվել, և այլն»։
Արցախի ՄԻՊ-ի խոսքով՝ զեկույցների արդյունավետությունը չափվում է հղման քանակով, թե ինչպիսի հղումներ են լինում այդ զեկույցի վրա. «Մենք ունեցանք հղումներ՝ միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կառույցների կողմից, օրինակ՝ Freedom House միջազգային հակաճգնաժամային խումբն իր զեկույցներում, որպես աղբյուր, անդրադարձել էր մեր հրապարակած զեկույցներին։
Իսկ ինչ վերաբերում է զեկույցների չերևացող արդյունքին, ապա, ըստ Մելիքյանի՝ դրանք կարևոր էին, ընդհանրապես, միջազգային իրավապաշտպան հանրության հնարավորինս լայն շրջանակներին տեղի ունեցածի մասին տեղեկացնելու առումով.
«Մենք հիմա շարունակում ենք մեր աշխատանքները։ Հատկապես հայատյացության մասով մոտենում ենք զեկույցի ավարտին։ Բայց ես ուզում եմ կարևորել հատկապես Եվրոպական դատարանում աշխատանքը, որ անկախ փաստաբանական խմբի կողմից է իրականացվել։
Այդ աշխատանքի արդյունքում բազմաթիվ հայցեր են ներկայացվել Եվրոպական դատարան, որոնք բաժանվել են երկու խմբի՝ խոշտանգումների հետ կապված հայցեր, և այլ հայցեր, որոնք քաղաքացիների գույքի կորստի, տեղափոխության հետ էին կապված։
Առաջին խումբ գործերն արագացված կարգով վարույթ են ընդունվել, դրանք հրապարակային են, երևում է կոմունիկացիան, երկրորդ խմբի մասով դեռ հրապարակային որևէ բան չունենք՝ վարույթ ընդունելու հետ կապված»։
Մեր հարցին՝ նշվեց Ադրբեջանի հայատյացության մասին, հայտնի է, որ Ալիևն իր նախընտրական քարոզարշավի հիմքում էլ է դա դրել, միջազգային կառույցներից ի՞նչ արձագանք սպասենք, ի՞նչ քայլեր են արվում այս ուղղությամբ, նա այսպես պատասխանեց.
«Մենք, ինչպես նշեցի՝ այդ տեսության վերաբերյալ զեկույց ենք պատրաստում, կարծում ենք, որ միջազգային հանրությունը պատշաճ չափով հասու չէ խնդրին, և փորձում ենք դա ապահովել, որպեսզի միջազգային հանրությունը դառնա հասու այս խնդրին, որովհետև մեր պատկերացմամբ՝ սա այն աղբյուրն է, որը սնում է ոչ միայն լարվածություն, այլև ապրիլյան պատերազմի պես վտանգներ»։