Պատմագիտական նշանակության ոսկյա, արծաթյա և պղնձյա թանկարժեք գտածոների մի մասն անհետացե՞լ է
Վերջին օրերին մամուլի էջերում լայնորեն քննարկվում են ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ մշակույթի և ֆինանսների նախարարություններից ստացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքները, որով պարզվել է՝ «Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» ծրագրի շրջանակներում 2014-2016թթ. իրականացված շինարարական աշխատանքների ընթացքում ՀՀ Մշակույթի նախարարության պաշտոնատար անձինք փաստացի չկատարված կամ թերի կատարված աշխատանքներն ընդունել են՝ որպես ամբողջությամբ կատարված, ինչի հետևանքով դրանց դիմաց ՀՀ պետական բյուջեից վճարվել է ընդհանուր առմամբ 67 մլն ՀՀ դրամ՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:
ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, և մինչ ՀՀ Գլխավոր դատախազությունը փնտրում է մշակույթի ոլորտի օրինազանց պաշտոնյաներին ու ճշգրտում նրանց գրպանած գումարների չափն ու տուժած պատմամշակութային հուշարձանների ցանկը, «168 Ժամը» ստանում է հերթական ահազանգը՝ անհետացել են 2011 թվականին Եղվարդ համայնքում կարասային թաղումների պեղումների արդյունքում հայտնաբերված Ք. ա. I դարով թվագրվող պատմագիտական նշանակության ոսկյա, արծաթյա և պղնձյա թանկարժեք գտածոներ:
Խնդրի առնչությամբ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով «168 Ժամը» կապ հաստատեց ՀՀ Մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Հակոբ Սիմոնյանի հետ:
Պարոն Սիմոնյանը տեղեկացրեց, որ Եղվարդ համայնքից հայտնաբերված թանկարժեք գտածոները տեղում են և գտնվում են վերոհիշյալ ՊՈԱԿ-ի չհրկիզվող պահարանում: Հ. Սիմոնյանը չմերժեց մեր առաջարկը՝ տեղում զրուցելու և լուսանկարելու չհրկիզվող պահարանում պահվող գտածոները:
Մեզ հետ զրույցում Հ. Սիմոնյանը մանրամասնեց, որ 2011 թվականի հուլիսից Սյունիքի մարզի Եղվարդ գյուղում պատահաբար բացված կարասային բեկորների հետքերով հայտնաբերված նորահայտ դամբարանադաշտի պեղումների արդյունքում ի հայտ են եկել Ք. ա. I դարով թվագրվող կարասային թաղումներ: Տեղում հուշարձանի պեղումները կազմակերպելու նպատակով ՀՀ մշակույթի նախարարության կողմից կազմվում է հնագիտական արշավախումբ, որը ղեկավարում է ինքը, և որում ներառվում են իր կողմից ղեկավարվող Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն ՊՈԱԿ-ի երեք հնագետ աշխատակիցներ՝ Հարություն Բադալյանը, Արման Նալբանդյանն ու Տիգրան Ալեքսանյանը:
Հ. Սիմոնյանը պատմում է, որ Եղվարդ գյուղից մոտ 3 կմ հյուսիս-արևելք ընկած հատվածում՝ նորահայտ դամբարանադաշտի տարածքում, մոտ երկու ամիս տևողությամբ ուսումնասիրությունների արդյունքում, պեղելով չորս կարասային և մեկ քարե կառույցում կատարված թաղումները, արշավախումբը ձեռք է բերել եզակի և կարևորագույն նշանակության, բավական հարուստ հնագիտական նյութեր՝ ոսկյա, արծաթյա, պղնձե և քարից պատրաստված հելլենիստական ժամանակաշրջանին թվագրվող գտածո իրեր՝ զենքեր, զրահի մասեր, զարդեր և արդուզարդի պարագաներ, կնիք, դրամ, խեցանոթներ, և այլն:
Որպես առավել կարևոր նշանակության թանկարժեք հնագիտական նյութեր՝ Հ. Սիմոնյանն առանձնացնում է հայտնաբերված գտածոներից հատկապես զարդերը: Նա ևս մեկ անգամ ընդգծեց՝ Եղվարդի դամբարանադաշտից հայտնաբերված մետաղե բոլոր գտածո զարդերն ամբողջական ծավալով պահպանվում են իր մոտ՝ չհրկիզվող պահարանում, ինչը լուսանկարելու թույլտվություն ընձեռեց:
Հակոբ Սիմոնյանի մեկնաբանությամբ՝ ներկայացնում ենք աշխատանքային չհրկիզվող պահարանում պահվող գտածո զարդերի ծավալը՝ երկու արծաթե թևնոց, երկու զույգ ոսկյա ականջօղեր, արծաթից պատրաստված և ոսկյա բարակ թիթեղով պատված մատանի, Միհրդատ արքայի պատկերով արծաթե դրամ, և մեկ գտածո իր (ոչ զարդ)՝ գեմայատիպ քար:
Անդրադառնալով պեղումների բուն պրոցեսին, Հակոբ Սիմոնյանը նկատեց՝ ինքն անձամբ պեղումների ընթացքին չի մասնակցել, միշտ չէ, որ ներկա է գտնվել պեղումներ իրականացվող հուշարձանի տարածքում. միայն երբեմն-երբեմն խորհուրդներ է տվել հնագիտական արշավախմբի անդամներին՝ Հարություն Բադալյանին, Արման Նալբանդյանին և Տիգրան Ալեքսանյանին: Հատկանշական է, սակայն, այն հանգամանքը, որ զրույցի ողջ ընթացքում Հակոբ Սիմոնյանն այդպես էլ որևէ անգամ անդրադարձ չկատարեց պեղումների ողջ ընթացքին ներկա գտնված ոմն Կարենի մասնակցության անհրաժեշտությանը կամ պատճառներին:
Մեր հարցին՝ արդյո՞ք պատմագիտական այսօրինակ նշանակություն ունեցող գտածոները 2011 թվականից ի վեր աշխատասենյակի չհրկիզվող պահարանում թողնելն օրենքի սահմաններում է, Հ. Սիմոնյանը պատասխանեց՝ գիտական ուսումնասիրություն կատարելու նպատակով սպասում են Հայաստան ժամանելիք գերմանացիներին:
Տեղեկացնենք, որ, ըստ վերոհիշյալ պեղումների պաշտոնական արդյունքների, Եղվարդի դամբարանադաշտից հայտնաբերվել են երկու արծաթե ապարանջան՝ առաջինը՝ լավ պահպանված, մանկական օձագլուխ ապարանջան, երկրորդը՝ օձագլուխ ապարանջանին հպված:
Ապարանջանի ծայրերը հաստանում են և իրար չեն միանում: Մակերեսը պատված է հասկաձև մանր զարդանախշով, իսկ հաստացող եզրերը ստանում են կենդանակերպ տեսք: Կլոր կտրվածքով, մետաղալարից պատրաստված ապարանջանների նմանությամբ հայտնաբերվել է նաև բարակ, արծաթե մետաղալարից պատրաստված երկու մանյակ: Առաջին մանյակի մակերեսին առկա են սուր գործիքով արված հորիզոնական և ուղղահայաց գծերից կազմված հասկազարդեր, երկրորդ մանյակը անզարդ է: Գտածո զարդերի հաջորդ տեսակը արծաթից պատրաստված և ոսկյա բարակ թիթեղով պատված մատանին է:
Մակերեսին պահպանված է զույգ ակոսաձև զարդանախշ, որը հազվագյուտ երևույթ է այս դարաշրջանի ոսկերչության համար: Դամբարանների պեղումներից հայտնաբերվել են երեք զույգ ականջօղեր, երկու զույգը՝ ոսկյա, մեկ զույգը՝ բրոնզե:
Հայտնաբերված արդուզարդի պարագաներից են նաև բրոնզե կլոր հայելին և թիակը (անտիկ շրջանում տարածված թիակը ծառայել է անոթներից անուշաբույր յուղեր հանելու համար):
Բացի զարդարանքի պարագաներից, Եղվարդի պեղումների արդյունքում հայտնաբերվել են նաև մետաղե այլ իրեր՝ բրոնզե զանգակ, օղակներ, դրամ: Հայտնաբերված արծաթե մետաղադրամի դիմերեսին պատկերված է Պարթևների Արքայից Արքա Միհրդատ II-ի կիսանդրին՝ գլխին խույրով, դեմքով ուղղված դեպի ձախ, իսկ դարձերեսին՝ Արշակ I-ը՝ գահին:
Թեմայի առնչությամբ «168 Ժամը» հեռախոսազրույց է ունեցել նաև Եղվարդի համայնքապետ Սպարտակ Զաքարյանի հետ: Մեզ հետ զրույցում Ս. Զաքարյանը հիշեց, որ տարիներ առաջ՝ 2011 թվականին, Հակոբ Սիմոնյանն իր արշավախմբի մի քանի անդամների հետ պեղումներ է իրականացրել գյուղի տարածքում և նույնիսկ մի քանի օր գիշերել իրենց տանը, հետո արշավախմբի անդամների հետ գյուղում մեկ այլ տուն են վարձել և տեղափոխվել այնտեղ:
Մեր հարցին ի պատասխան՝ տեղյա՞կ է արդյոք ինքը, թե ինչ արդյունքներ են գրանցել իր համայնքի սահմաններում իրականացված նորահայտ դամբարանադաշտի պեղումները, Ս. Զաքարյանն ասաց. «Իհարկե տեղյակ եմ: Պեղումների ընթացքում ես պարբերաբար հանդիպում էի Հակոբ Սիմոնյանի հետ և տեսել եմ այն բոլոր գտածոները, որ հայտնաբերվել են այդ տարածքից՝ ոսկյա և արծաթյա զարդեր՝ օղեր, մատանիներ, թևնոցներ, ապարանջաններ, և այլն:
Պեղումներին մասնակցող արշավախմբում էին՝ Հարությունը, Արմանը, Կարենը ու Տիգրանը: Գիտեմ, որ այդ պեղումներն արվել են Մշակույթի նախարարության թույլտվությամբ, երբ պարզվեց, որ մեր գյուղի հարավ-արևելյան մասում կարասային թաղումներ բացահայտվեցին, պեղումներից հետո մի անգամ հանդիպեցի Հակոբ Սիմոնյանի հետ: Ասաց, որ գտածոներն իրենց լաբորատորիայում են, մաքրվում և մշակվում են, որպեսզի հետո տեղափոխվեն թանգարան, բայց, որքան գիտեմ, դեռ չեն տեղափոխվել այնտեղ»:
Մեզ հետ զրույցի ավարտին Հակոբ Սիմոնյանն անդրադարձավ նաև մշակութային ոլորտի առջև ծառացած հիմնախնդիրների թեմային: Հ. Սիմոնյանը խոստովանեց՝ հայկական մշակույթին անդառնալի վնասներ են հասցվել.
«Պետական երեք օղակներ կան, որոնք պարտավոր են օր ու գիշեր հսկել պատմամշակութային հուշարձանների անվտանգությունն ու անխաթարությունը՝ դրանց դեմ այս կամ այն կերպ ոտնձգության փորձ կատարել ցանկացողներից: Առաջինը տեղական ինքնակառավարման մարմիններն են, հատկապես, երբ ամեն գյուղապետ փայլուն տիրապետում է տեղեկատվությանը, թե ի՞նչ է կատարվում իր հողատարածքում: Առանց գյուղապետի համաձայնության ու գիտության՝ որևէ մեկը չի կարող մտնել իրենց տարածք ու գանձ որոնել: Մյուս օղակը պատկան մարմիններն են՝ իրավապահներն ու Մշակույթի նախարարությունը»:
Հարցին՝ իսկ որո՞նք են ստեղծված իրավիճակում հենց Մշակույթի նախարարության թույլ տված սխալները, որ հանգեցրել են ոլորտի անդառնալի կորուստներին, Հ. Սիմոնյանը պատասխանեց. «Հասկանո՞ւմ եք՝ ինչ-որ մի բան պետք է փոխել, ինչ-որ մի բան իր տեղում չէ: Ես ամեն տարի ականատես եմ լինում տասնյակներով ավերվող հուշարձանների, և դա ինձ ցավ է պատճառում»:
Հ.Գ. Պարզվում է, վերջին ավելի քան 10 տարիների ընթացքում Երևան քաղաքի և ոչ մի մշակութային օբյեկտ չի հաշվառվել և չի ընդգրկվել ՀՀ Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում՝ կանաչ լույս վառելով քաղաքի նկարագիրը տարերայնորեն աղավաղող «սեփականատերերի» համար, ինչի արդյունքում քանդվել են, քանդվում են ու դեռ քանդվելու են մշակութային բոլոր այն հուշարձանները, որոնց համար «սեփականատերեր» կգտնվեն:
Վերջին տարիներին երևանյան հուշարձանաթափի թնջուկը, պարզվում է, իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության ենթակազմակերպություն հանդիսացող Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն ՊՈԱԿ-ի վարած բարձիթողի քաղաքականության արդյունքում: Մշակութային օբյեկտների հաշվառում կատարելու պարտականությունը, որը նշյալ ՊՈԱԿ-ի գործառույթներից մեկն է, տարիներ շարունակ չի իրականացվում:
Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն ՊՈԱԿ-ն ավելի քան տասը տարի ղեկավարում է ինչ-որ բան փոխել ցանկացող և ավերվող հուշարձաններից ցավ ապրող Հակոբ Սիմոնյանը: