«Ես չեմ տեսնում, որ խնդիր են դնում». Մանվել Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի ճանապարհային քարտեզի մասին

«Բնական է՝ դժգոհ քաղաքացիներն իրենց բողոքը ցուցադրում են, դա շատ կարևոր է, որովհետև, եթե անգամ մարդիկ որևէ կերպ պայքարել չեն կարող, բայց համաձայն չեն այդ որոշման հետ, պետք է ցուցաբերեն իրենց անհամաձայնությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը՝ խոսելով ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանի հրապարակած ճանապարհային քարտեզի մասին:

Հիշեցնենք, որ Ն. Փաշինյանը Գյումրիից ուղիղ միացմամբ հայտարարել է. «Գյումրիի Վարդանանց հրապարակից սկսում եմ 14-օրյա քայլարշավ դեպի Երևանի Ազատության հրապարակ՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի»:

Մ. Սարգսյանը նկատեց, որ իշխանությունները փորձում են Սերժ Սարգսյանին ամեն կերպ նշանակել վարչապետի պաշտոնում, փորձում են տպավորություն ստեղծել, որ միասնություն կա, ժողովրդի խնդրանք կա. «Այդ կեղծիքը տապալելու համար շատ էական է ցույց տալ, որ անհամաձայնություն կա դրա հետ: Մնում է տեսնել, թե ոնց են պարտադրելու այդ մարդկանց հրաժարվել իրենց որոշումից, այնպիսի վիճակ ստեղծեն, որ այդ մարդիկ չկարողանան հավաքվեն ու քվեարկեն»:

Հարցին՝ այն մեթոդը, որն ընտրվել է, ինչքանո՞վ կարող է արդյունավետ լինել, Մ. Սարգսյանն այսպես պատասխանեց. «Ես սիրում եմ շատ կոնկրետ ձևակերպված խնդիր, տեխնոլոգիա և արդյունք: Արդյունքն է ցույց տալիս՝ ինչքանով էր դա արդյունավետ»:

Մեր այն հարցին էլ, թե այն, որ «Ելքի» մյուս կուսակցությունները չեն միանում «Քաղաքացիական պայմանագրին», չի՞ կարող վնասել այս գործընթացին, Մ. Սարգսյանը պատասխանեց, որ ընդդիմադիր խմբավորումները Հայաստանում արդեն տասնամյակներ է՝ շատ ավելի պայքարում էին իրար դեմ, քան՝ գործող վարչակարգի:

«Մենք ի՞նչ ենք տեսել այդ դոշ ծեծողներից, որոնք հետո գնում էին Սերժ Սարգսյանի հետ ֆոտոսեսիաների: Դրա համար անիմաստ է ասել՝ միացել են, չեն միացել: Հիմա եթե Նիկոլն իսկապես այդ խնդիրը դրել է, իսկապես նպատակը դա է, դա պետք է երևա գործողություններից և արդյունքից: Ես կարծում եմ՝ այստեղ խնդիր չէ՝ ովքեր են զբաղվում դրանով, այստեղ խնդիրն այն է, թե ինչ տեխնոլոգիա է դրված:

Կարող է՝ մի անձ դուրս գա ու այն աստիճանի համոզիչ խնդիր դնի, որ մարդիկ միանան, ու 100 կուսակցություն էլ չմիանա, գաղափարն ու դրված խնդիրն է մարդկանց միացնում, այլ ոչ թե՝ 10 ոչ մի բան չասող խմբավորումների միացումը: Հեքիաթների մասին արդեն պետք է մոռանալ: Խմբավորումների միավորումն անէական բան է, խնդիրը պետք է մարդկանց միավորի: Խնդիրը պետք է համոզիչ լինի, և ճանապարհը հստակ երևա, մարդիկ հոգնել են՝ դուրս գալ միտինգների, դասախոսություններ լսել, գնալ տուն»,- նշեց Մ. Սարգսյանը:

Դիտարկմանը, թե խնդիրը, կարծես թե, հստակ է՝ պայքարում են Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետի դեմ, Մ. Սարգսյանը չհամաձայնեց. «Հստակ չէ: Եթե ինձ ասեին՝ մենք հավաքվում ենք և թույլ չենք տալիս այդ 101 հոգուն մտնել այդ դահլիճ և քվեարկել, ու թույլ չենք տալու այս ձևով, ես կասեի՝ սա խնդիր է, հասկանալի է, մարդիկ խնդիր են դնում: Կհաջողվե՞ր, թե՞ չէր հաջողվի, ուրիշ հարց է, բայց դա երևացող խնդիր է:

Բայց ի՞նչ է նշանակում՝ ինչ-որ վերացական բան՝ մենք ուզում ենք՝ Սերժ Սարգսյանը հեռանա: Հենց այդ լոպազությունն է, որ տասնամյակներ շարունակ երբևէ ոչ մի արդյունքի չի հասցրել: Խնդիրը շատ կոնկրետ է: Ես այս քանի օրերին օրինակներ էի բերում Ղարաբաղյան շարժումից՝ հատուկ ցույց տալու՝ ինչ է նշանակում՝ խոսք, և ինչ է նշանակում՝ դրված խնդիր: Դրանք տարբեր բաներ են: Ես չեմ տեսնում, որ խնդիր են դնում: Եթե դիմում ես մարդկանց, պետք է պարզ ու հստակ ասես՝ եթե գաք, մենք անելու ենք այսպես՝ այս նպատակով: Դա կլիներ խնդիր, ես դա չեմ տեսնում»:

Տեսանյութեր

Լրահոս