
Նիկոլ Փաշինյանը Գյումրիից 14-օրյա քայլարշավ է սկսել դեպի Երևան

Քիչ առաջ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերով հայտարարեց, որ հիմա ինքը գտնվում է Գյումրիում
«Գյումրիի Վարդանանց հրապարակից սկսում եմ 14-օրյա քայլարշավ դեպի Երևանի Ազատության հրապարակ՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի»,- հայտարարեց Ն. Փաշինյանը:
Նա նշեց, որ իրենք Գյումրիից ոտքով գնալու են Վանաձոր, հետո՝ Հրազդան և Աբովյան քաղաքներով գալու են Երևան: Նրա խոսքով՝ ապրիլի 13-ին, ժամը 18:30-ին իրենք կլինեն Ազատության հրապարակում: Այս գործընթացը նվիրված է Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետի դեմ:
Ն. Փաշինյանը ներողություն խնդրեց այն քաղաքների բնակիչներից, որոնցով ինքը չի անցնելու: Նրա խոսքով՝ իրենք այդ ճանապարհը մտքով անցնելու են ՀՀ բոլոր քաղաքացիների հետ:
Նա նշեց, որ ինքն իր առաջին քայլն է անում և 300 հազար քայլ կկատարի, որ հասնի Երևան՝ հույս ունենալով, որ ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներ կկատարեն իրենց քայլը: