«Առաջիկայում հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորված են լինելու Ռուսաստանի և Ադրբեջանի դիրքորոշմամբ»․ Ջենգիզ Աքթար
«Վառնայում ԵՄ-Թուրքիա գագաթաժողովը սրեց այն խնդիրները, որոնք կային երկկողմ հարաբերություններում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց թուրք քաղաքագետ Ջենգիզ Աքթարը՝ անդրադառնալով այս շաբաթվա սկզբին Վառնա քաղաքում անցկացված Թուրքիա-ԵՄ գագաթաժողովի արդյունքներին։
Հիշեցնենք, որ Բուլղարիայի Վառնա քաղաքում կայացած Թուրքիայի և Եվրամիության գագաթաժողովն ավարտվել է առանց դրական արդյունքների։ Երկուշաբթի երեկոյան Բուլղարիայի մայրաքաղաք Վառնայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն ասել էր.
«Չնայած ահաբեկչության դեմ մղվող պայքարում Թուրքիայի ու ԵՄ-ի համատեղ շահերին, Բրյուսելը մտահոգ է Սիրիայում, հատկապես՝ Աֆրինում, Թուրքիայի քայլերի կապակցությամբ»:
Անդրադառնալով ԵՄ-ին անդամակցելու գործընթացում առաջադրված պարտավորություններին, Տուսկը հավելել էր. «Միջերկրականի արևելքում և Էգեյան ծովում Թուրքիայի կողմից իրականացվող քայլերի, քաղաքացիների ձերբակալությունների, Թուրքիայում մամուլի ազատության և ԵՄ անդամ երկրների հետ այդ երկրի երկկողմ հարաբերությունների վերաբերյալ մտահոգությունը տակավին շարունակվում է»:
Իր հերթին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, որ ԵՄ-ում Թուրքիայի անդամակցության բանակցությունները վերսկսելու ցանկությամբ մեկնել էր Վառնա, մամլո ասուլիսի ժամանակ ասել էր.
«Եվրամիության ընդլայնման ընթացքում Թուրքիայի անտեսումը ճակատագրական սխալ կարող է լինել եվրոպացիների կողմից»:
Ջենգիզ Աքթարն ասաց, որ թուրքական իշխանություններն ակնկալում էին, որ ԵՄ-ի հետ համաձայնության կգան Թուրքիայի համար այնպիսի կարևոր հարցի շուրջ, ինչպիսին Թուրքիայում սիրիացի փաստականների համար պայմանավորված ֆինանսավորման ամբողջացումն էր, որից ԵՄ-ն վճարել է կեսից պակասը, իսկ Եվրամիության ակնկալիքն այն էր, որ Թուրքիայից դրական ազդակներ ստանա վարվող ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ։
Կողմերից ո՛չ առաջինը և ո՛չ երկրորդը, փորձագետի խոսքով, չստացավ այն, ինչ ցանկանում էր։
Նրա դիտարկումների համաձայն՝ Թուրքիան այսօր պատրաստ չէ ո՛չ հարևանների, ո՛չ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ կառուցողական հարաբերություններ հաստատել։
«Կողմերից յուրաքանչյուրն և առավելապես Թուրքիան ունի իր մեղավորությունը։ Եվրամիությունը շփոթեցրեց Թուրքիային փախստականների ֆինանսավորման վերաբերյալ, որը ուներ մի քանի պատճառներ՝ Սիրիայում Թուրքիայի քաղաքականությունը և վերջերս իրականացված «Ձիթենու ճյուղ» օպերացիան, ռուս-թուրքական հարաբերությունները, հայ-թուրքական հարաբերությունները, արձանագրությունների ավարտը, Հունաստան-Թուրքիա վերջերս էլ ավելի վատթարացած հարաբերությունները, Թուրքիայում մարդու իրավունքների և ժողովրդավարության խախտումները, մեդիայի ոլորտում հակաժողովրդավարական փոփոխությունները։
Այս ամենի պարագայում Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է ֆինանսավորում, ԵՄ անդամակցության հստակ հեռանկար և հարաբերությունների կարգավորում, որին ԵՄ-ն այս ձևաչափով ակնհայտորեն պատրաստ չէ»,- ասաց Ջենգիզ Աքթարը:
Վերջինիս խոսքով, չի բացառվում, որ Թուրքիայի ԵՄ անդամակցության հեռանկարն ընդհանրապես փակվի, քանի որ Թուրքիան ԵՄ-ին ընդառաջ որևէ քայլ չի կատարում։
Ըստ թուրք վերլուծաբանի՝ Թուրքիա-ԵՄ հարաբերությունների հնարավոր բարելավումը պայմանավորված է նաև հայ-թուրքական հարաբերություններով և դրական կանդրադառնար հայ-թուրքական հարաբերությունների դինամիկայի և սահմանի բացման հեռանկարի վրա։
Սակայն ներկայումս, նրա խոսքով, խնդիրներն այնքան բազմաբնույթ ու շատ են, որ ինչպես ԵՄ-ն է հեռու Թուրքիայի հետ հարաբերություններում հայկական օրակարգի առաջմղումից, այնպես էլ Թուրքիան է հեռու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումից։ Ջենգիզ Աքթարը նկատեց, որ Թուրքիայի իշխանությունները նույնիսկ հարկ չհամարեցին անդրադառնալ հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման որոշմանը՝ ցույց տալով, որ ներկայումս դա անկարևոր հարց է Թուրքիայի արտաքին քաղաքական դոկտրինի համար։
«Նախանշաններ չկան, որ Թուրքիան այս ուղղությամբ որևէ դրական քայլ կիրականացնի ապագայում։ Ապագայում հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորված են լինելու Ռուսաստանի և Ադրբեջանի դիրքորոշմամբ, որոնցից որևէ մեկը հետաքրքրված չէ հայ-թուրքական հարաբերությունների վերջնական կարգավորմամբ»,- նման տեսակետ հայտնեց Աքթարը։