Ինչու կառավարությունը զբաղվեց անասնաբուծությամբ
Կառավարությունը քննարկեց անասնաբուծության զարգացմանն ուղղված ծրագրեր: Համենայն դեպս, հենց այսպես է վերնագրված պաշտոնական տեղեկատվությունը: Այն, ի դեպ, գրված է հավուր պատշաճի ու խիստ գրագետ: Պարզվում է՝ կառավարությունը քննարկել է «Անասնաբուծության ներկա վիճակը, առկա խնդիրները և զարգացման ուղիները»:
Տրամաբանորեն համարյա կատարյալ ձևակերպում է: Բայց ինչո՞ւ հենց հիմա, և ինչո՞ւ անասնաբուծության խնդիրները: Այս հարցերի զույգը պատասխան է փնտրում: Լավատեսներն ասում են, որ կառավարության վարքը պարզ բացատրություն ունի` գարուն է: Այսինքն՝ սկսվել է գյուղատնտեսական ակտիվ տարին, ու կառավարությունը հիշել է, որ այս ոլորտում էլ անելիքներ ունի: Լավատեսական այս պատասխանը միայն առաջին հարցին է պատասխանում:
«Բայց ինչո՞ւ վար ու ցանքի փոխարեն՝ քննարկվեց ոչ թե անասնապահության, այլ անասնաբուծության խնդիրները»՝ կասկածներ ծնող հարցը պատասխանի է կարոտ: Անցած տարի մամուլում պարբերաբար լուրեր էին հրապարակվում Հայաստանից անասնագլխաքանակի արտահանման մասին: Հետո թանկացավ թե ոչխարի, թե տավարի, թե խոզի միսը: Բայց ձեռքի հետ այլ սննդամթերքներ էլ թանկացան (մասնավորապես՝ կարագը):
Թանկացումները քաղաքական քնքուշ խորհրդարանական քննարկումներ ծնեցին, ու ամեն ինչ շղարշվեց այդ բուռն քննարկումների աղմուկում: Ու ահա հանկարծ կառավարական քննարկումը զուգադիպեց Վիճակագրական ծառայության պաշտոնական հրապարակման հետ: «Գյուղատնտեսական կենդանիների համատարած հաշվառման հանրագումարները 2018թ. հունվարի 1-ի դրությամբ» խոսուն վերնագրով հրապարակումն ահագին բան բացահայտեց:
Չոր թվերի տեսքով հայտարարվում է, որ մեկ տարվա ընթացքում՝ 2017թ.-ին, Հայաստանում կովերի գլխաքանակը պակասել է մոտ 10 տոկոսով, խոզերի գլխաքանակը` մոտ 5, ոչխարներինը՝ 8,8, այծերինը՝ մոտ 20 տոկոսով: Ընդ որում, վիճակագրությունը բավական մանրամասն է վարվում: Բոլոր կենդանիների առումով առանձին նշվում է մայրական կազմի փոփոխությունը:
Դա անհրաժեշտ է՝ հասկանալու համար, թե գլխաքանակի փոփոխությունն ինչ ազդեցություն կարող է ունենալ հաջորդ տարիների վրա: Ի վերջո, մայրական կազմի մասին հստակ տեղեկատվության հիման վրա կարելի է անասնապահության ու անասնաբուծության քաղաքականություն մշակել: Այս տեսանկյունից վիճակը համարյա մտահոգիչ է: Խոշոր եղջերավորների, ոչխարների հաշվառումը ցույց է տալիս, որ նվազման գործակցի համամասնությամբ նվազել է դրանց մայրական կազմը ևս: Ավելին, այծերի մայրական կազմի կորուստը մոտ 20 տոկոս է: Խոզերի պարագային վիճակն ավելի դրական է` մայրական կազմի կորուստը 3,1 տոկոս է:
Այսինքն՝ անասնաբուծության խնդիրների քննարկումը կառավարությունում, հավանաբար, ոչ թե գարնան գալով է պայմանավորված, այլ անցած տարի ստեղծված իրավիճակով: Գյուղկենդանիների վիճակագրությունը մեր երկրում վարվում է նաև սեփականության ձևի առանձնացմամբ: Այսինքն՝ առանձին-առանձին նշվում է, թե որքան կենդանի կա գյուղացիական տնտեսություններում, որքան՝ առևտրային կազմակերպություններում:
Այս ոլորտների թվային տվյալներն ապացուցում են, որ առևտրային կազմակերպությունների վիճակագրությունն էապես տարբեր ցուցանիշներ է արձանագրում ի տարբերություն գյուղացիական տնտեսությունների:
Օրինակ, 2017թ. խոզերի գլխաքանակը բնակչության տնտեսություններում նվազել է, իսկ առևտրային տնտեսություններում՝ ավելացել մոտ 35 տոկոսով: Բայց հարկավոր է հաշվի առնել, որ կովերի, ոչխարների գլխաքանակի 99 տոկոսի սեփականատերը պարզ գյուղացիներն են: Խոզերի միայն 10 տոկոսն է բուծվում առևտրային տնտեսություններում: Այսինքն՝ անցած տարիների ընթացքում անասնապահական խոշոր առևտրային կազմակերպություններ չեն ձևավորվել: Խոշոր առևտրային կազմակերպությունների տեսակարար կշիռը նկատելի է միայն թռչնաբուծության ոլորտում` 38 տոկոս:
Հավերի քանակի մոտ 62 տոկոսը բաժին է ընկնում բնակչության տնտեսություններին: 2017թ. առևտրային տնտեսությունները մեկ տարվա ընթացքում համարյա երկու երրորդի չափով կրճատել են իրենց ոչխարների հոտերը: Կովերի գլխաքանակը պակասել է 15 տոկոսով: Այսինքն՝ գյուղատնտեսական կենդանիներ արտահանողները առևտրային կազմակերպություններից են գնել երկրից դուրս տարվող գլխաքանակը: Մյուս կողմից՝ բնակչության տնտեսություններում ևս նկատելի է գլխաքանակի անկում: Եվ այդ 10 տոկոսանոց անկումը սովորաբար բացատրվում է արտագաղթով: Հասկանալի է, որ գյուղական բնակչությունն ամեն կերպ փորձելու է իրացնել իր ունեցած գլխաքանակը:
Մյուս կողմից՝ հենց արտահանումների ծավալի աճն է, որ ներքին շուկայում կարող է հանգեցնել մսի ու մսամթերքի գնաճի: Գյուղկենդանիների արտահանման վիճակագրական տվյալներն առայժմ հրապարակված չեն, բայց հավանաբար այդ ոլորտի հաշվառման թվերի արդյունքում կառավարությունը որոշեց քննարկել ոլորտի խնդիրները: Որոշեց ու իր հին ու բարի ավանդության համաձայն՝ այն անվանեց ոլորտի «զարգացման ծրագիր»: