Արգենտինայի համալսարանները չեղարկել են Հայոց ցեղասպանությունը ժխտող համաժողովի անցկացումը
Արգենտինայի Բելգրանո և Արևմտյան ազգային համալսարանները հայկական համայնքի ջանքերի շնորհիվ չեղարկել են «1915. Օսմանյան Կայսրության ամենաերկար տարին» խորագիրը կրող ժխտողական համաժողովի անցկացումը: Համաժողովը պետք է անցկացվեր Անկարայի համալսարանի հետ համատեղ:
Արգենտինայի Հայ դատի հանձնախմբից տեղեկացնում են, որ համաժողովի մասին հայտարարելուց հետո հայկական համայնքի բոլոր երիտասարդական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարություններով, որ անընդունելի է նման բնույթ կրող միջոցառումների անցկացնելու թույլատրումը ակադեմիական միջավայրում, հատկապես մարդու իրավունքների ոլորտի առաջամարտիկ և Հայոց ցեղասպանությունն առաջին ճանաչած երկրում՝ Արգենտինայում:
Արգենտինայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Նիկոլյա Սաբունկույանը հետևյալ բովանդակությամբ նամակ է ուղարկել համաժողովի կազմակերպիչներին. «Համաժողովի վերնագրում հղում է արվում տարեթվի, երբ մեկնարկել է Հայոց ցեղասպանությունը և կայսրության, որը իրականացրել է այդ Ցեղասպանությունը, բայց մարդկության դեմ այս հանցագործության մասին որևէ հիշատակում չկա: Համաժողովը նախատեսվում է անցկացնել Անկարայի համալսարանի հետ, որը համարվում է թուրքակայն ուսումնական համակարգի մի մասը և որպես այդպիսին մաս է կազմում այդ երկրի ժխտողական քաղաքականության»:
Սաբունկույանը հիշեցրել է, որ համաժողովներ են անցկացվել Չիլիի, Կոլումբիայի, Պարագվայի. Էկվադորի և Դոմինիկյան Հանրապետության համալսարաններում՝ ընդգծելով, որ անցկացված բոլոր համաժողովները կրել են ժխտողական բնույթ:
Երկու համալսարանների կողմից համաժողովի անցկացումը չեղարկելուց հետո Անկարայի համալսարանի ներկայացուցիչները որոշել են այն անցկացնել Արգենտինայի Հանրապետության Իսլամական կենտրոնում: