
Արտենիում բեռնատարը գլորվել է ձորակը, վրացի վարորդը մահացել է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 21-ին, ժամը 14:42-ին տեղեկություն է ստացել, որ Արագածոտնի մարզի Արտենի գյուղի կամրջի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 22-րդ կմ-ին MAN մակնիշի VOX828 պետհամարանիշով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ գլորվել ձորակը. վարորդը տեղում մահացել է (վարորդ՝ 1959 թ. ծնված Զուրաբ Կալանդիա, Վրաստանի Հանրապետության քաղաքացի):
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և մահացածին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցչին և Վրաստանի Հանրապետության ԱԻ դեպարտամենտին: