«Եթե Ալիևը զգա, որ կորցնում է իշխանությունը, կարող է գնալ ցանկացած ավանտյուրայի, այդ թվում՝ լայնամասշտաբ պատերազմի». Գառնիկ Իսագուլյան

«Բակո Սահակյանի ԱՄՆ կատարած այցը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց, բայց դա հերթական այց էր, նման այցեր բազմիցս եղել են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

Նա նկատեց՝ այցը կարևոր էր, բայց թմբկահարելն անիմաստ է. «Նույն հաճախականությամբ, դեռ ավելի հաճախ Բակո Սահակյանն այցելում է Մոսկվա, Բրյուսել և այլ երկրներ, որտեղ հանդիպումներ է ունենում տարբեր պաշտոնյաների հետ»։

Ալիևի հայտարարությունների, Ադրբեջանի վերջին ակտիվացումների վերաբերյալ 168.am-ի հարցին ի պատասխան՝ Իսագուլյանն ասաց, որ ցանկացած գործողություն կանխելու համար հիմնական գործոնը ՀՀ-ի և Արցախի կայունությունն ու զինուժն են.

«Մինչև հիմա մեր քաղաքական գործիչները պետք է հասկանային մի պարզ ճշմարտություն. որ երկրի որ ղեկավարն ինչ կասի, դրանք մեզ համար կարևոր են, բայց առաջնային չեն։ Առաջնայինն այն է, թե ինքներս մեր տարածաշրջանում ինչ կարգավիճակ ունենք՝ որպես պետություն։ Օրինակ՝ արդյո՞ք Հայաստանը տնտեսական առումով այնքան զարգացած է, որ կարող է դիմակայել ցանկացած ագրեսիայի, արդյո՞ք սոցիալական խնդիրները լուծված են, որ արտահոսք չլինի։ Այս պահի դրությամբ բալանսը պահպանվում է»։

Իսագուլյանը նկատեց՝ Ալիևը միշտ էլ տարբեր հայտարարություններ է անում, պետք է դրանց շատ լուրջ վերաբերվել. «Եթե Ալիևը զգա, որ կորցնում է իշխանությունը, կարող է գնալ ցանկացած ավանտյուրայի, այդ թվում՝ լայնամասշտաբ պատերազմի։ Մենք ինքներս պետք է պատրաստ լինենք դրան հակազդելու, անհրաժեշտության դեպքում կանխարգելիչ հարվածներ հասցնենք»։

Տեսանյութեր

Լրահոս