«Սերժ Սարգսյանը շատ ճիշտ որոշում կկայացնի, եթե տա իր համաձայնությունը». Գառնիկ Իսագուլյան

«Հանրապետության նախագահը լավագույն մեկնաբանությունը տվեց՝ կապված այն խնդրի հետ, որ ինքն իբր թե ժամանակին ասել է, որ չի դառնալու նախագահ, և, եթե անցնի այս Սահմանադրությունը, ապա չի հավակնելու նաև վարչապետի պաշտոնին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց  ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը՝ ընդգծելով, որ «չի լինելու» և «չի հավակնելու» արտահայտությունները տարբեր իմաստներ ունեն։

«Ի պատիվ իրեն՝ նախագահը նորից այդ ձևակերպումները տվեց ու չթաքցրեց, որ հիմա էլ չի հավակնում։ Եվ որպես մարդ, որի համար քաղաքականությունը ձեռքի հետ աշխատանք չէ, ասաց, որ իր համար քարացած չեն այն տեսակետները, որ ինքն է արտահայտել։ Եվ հիմա էլ ՀՀԿ-ն, որին Սահմանադրությամբ վերապահված է վարչապետի թեկնածու առաջադրել, որոշի առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, նա անպայման կստանձնի այդ պաշտոնը»,- ասաց Իսագուլյանը։

Ինչպես ՀՀԿ-ականները, այնպես էլ Գառնիկ Իսագուլյանը Սերժ Սարգսյանին են միայն տեսնում ՀՀ վարչապետի պաշտոնին. «Քանի որ այս կառավարման մոդելը ձևավորել է հենց ՀՀԿ-ն, Սերժ Սարգսյանին ասել եմ, որ ճիշտ կլինի՝ ինքն առաջինը ստանձնի այդ պաշտոնը, և սկզբնական փորձը, թե համակարգն ինչպես է աշխատելու, որևէ մեկը չի կարող ներկայացնել, քան գործող նախագահ Սերժ Սարգսյանը։ Ես մի քանի անգամ այս հարցով խոսել եմ նախագահի հետ, ինչը նշանակում է, որ նա այլ տեսակետներ էլ է ունեցել։ Սերժ Սարգսյանը շատ ճիշտ որոշում կկայացնի, եթե իր համաձայնությունը տա՝ առաջադրվել վարչապետի պաշտոնում և ընտրվել»։

Իսագուլյանը նկատեց՝ եթե ՀՀԿ-ն համարում է, որ իր անդամներից ամենաարժանավորը Սերժ Սարգսյանն է, ապա մենք չպետք է հակադրվենք և սկսենք տարբեր քննարկումներ. «Կան բազմաթիվ թեկնածուներ, որոնց անուններն այս պահին չեմ ուզում տալ»։

Ըստ նրա՝ նոր Սահմանադրությամբ վարչապետը ոչ թե ունի գերլիազորություններ, այլ՝ գերպարտավորություններ, իսկ ՀՀ նախագահն ունի գերլիազորություններ. «Եվ ցանկացած ձախողում ցանկացած բնագավառում ուղղակի վերագրվելու է վարչապետին»։

Տեսանյութեր

Լրահոս