ՍԴ նախագահ ընտրվեց Հրայր Թովմասյանը. «Խոստանում եմ լինել թե՛լավ ՍԴ նախագահ, թե՛ ՍԴ լավ նախագահ»
Ազգային ժողովում այսօր տեղի ունեցավ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունը: Ինչպես զեկուցեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը, առաջադրվել էր Հրայր Թովմասյանի թեկնածությունը: Գաղտնի քվեարկության մասնակցել է 94 պատգամավոր, սակայն քվեատուփի մեջ առկա է եղել 93 քվեաթերթիկ, որից 2-ն անվավեր են եղել, կողմ քվեարկել է՝ 64, դեմ` 27 պատգամավոր:
«Այսպիսով` Սահմանադրական դատարանի նախագահ է նշանակվում Հրայր Թովմասյանը»,- հայտարարեց Գ.Մելիքյանը:
Նորընտիր ՍԴ նախագահ Հ.Թովմասյանը խոստացավ լինել թե՛ լավ Սահմանադրական դատարանի նախագահ, թե՛ Սահմանադրական դատարանի լավ նախագահ: Նա մեջբերում արեց Շահամիրյանների «Որոգայթ փառաց» ստեղծագործությունից, որը, ըստ նրա, կարող է պատգամ լինել յուրաքանչյուրի համար` «Այն ժամանակ, երբ հայ ազգը ապրել է օրինականությամբ, կարգուկանոնով, եղել է ազատ ու երջանիկ»:
«Այս խոսքերն իրենց արդիականությունը պահպանում են նաև այսօր, և խոստանում եմ, որ ամեն ինչ կանեմ ձեզ հետ միասին, մեզանից յուրաքանչուրը, որտեղ էլ լինի, որպեսզի մեր ազգը լինի ազատ ու երջանիկ»,- ասաց Հ.Թովմասյանը: