Ազգային ժողովը սպառեց օրակարգը. «Սա իսկապես անընդունելի է, խորհրդարանական մեր գործունեությունը դարձել է շուտասելուկ»
Քիչ առաջ Ազգային ժողովը քվեարկեց և ընդունեց այս երկու օրերին քննարկված բոլոր նախագծերը` բացի «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» Ելքի նախագծից:
«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քվեարկության ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ թեև իրենց որոշ առաջարկներ ընդունվել են, սակայն իր առաջարկը, որ անձը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության բացառապես դատական վճռով, չի ընդունվել և «Ելքը» դեմ է:
«Միջազգային պայմանագրերի մասին» նախագծի քվեարկության ժամանակ «Ելքի» պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշեց, որ բերվել է մայր օրենք` հարակից 35 օրենքների փաթեթով, և քննարկվել է ընդամենը 1 ժամ.
«Ես հասկանում եմ` շատերը էս դահլիճում չեն ցանկանում աշխատել, բայց կան մարդիկ, որ ցանկանում են քննարկել: Միայն սրա համար մենք դեմ ենք քվեարկելու: Խնդրում եմ, խորհրդում նորմալ ժամանակ սահմանել, որպեսզի մայր օրենքները մարդավարի քննարկենք և հասկանանք ինչ է կատարվում»:
Ն.Փաշինյանը տեղեկացրեց, որ ԱԺ խորհրդում ինքն առաջարկել է մայր օրենքները 3 ժամանոց ընթացակարգից պակաս չքննարկել. «Սա իսկապես անընդունելի է, և իսկապես խորհրդարանական մեր գործունեությունը դարձել է շուտասելուկ: Հիմա օրակարգը սպառեցինք, 2 դատարկ օր է մնում, պետք է մտածենք` ինչ անենք, որ հետաքրքիր անցնի»:
Օրինագիծն ընդունվեց 88 կողմ, 9 դեմ և 0 ձեռնպահ հարաբերակցությամբ:
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քվեարկության ժամանակ Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ «Ծառուկյան» խմբակցությունն առաջարկներ էր ներկայացրել, որ ըստ էության, նախագծում դրական միտում կա, բայց ամբողջությամբ խնդիրը չի լուծվում, և եթե իրենց առաջարկներն ընդունվեն, իրենք կողմ կլինեն, իսկ այս տեսքով` դեմ են:
Արտակ Զեյնալյանն արձանագրեց, որ կարևոր փոփոխություն է կատարված` վարչական դատարան դիմում կկարողանան ներկաայցնել նաև կուսակցությունները. «Դրական առաջընթաց կարող է լինել և կանխարգելել վարչական ռեսուրսի օգտագործումը նախընտրական քարոզարշավին, այդ կապակցությամբ կողմ ենք քվեարկում»:
Նախագիծն ընդունվեց 74 կողմ, 0 ձեռնպահ և 23 դեմ հարաբերակցությամբ: