Ինչպես մայնինգել բիտկոին

Համաշխարհային տնտեսական ճգնաժամի սկզբից աննկատ մի գործընթաց սկսվեց, որի մասին առ այսօր միանշանակ գնահատական չկա: Մինչդեռ համաշխարհային լրահոսում ամեն օր առնվազն մի քանի լուր է շրջանառվում այդ երևույթի հետ կապված: Երեկ, օրինակ, Google-ը հայտարարեց, որ դադարեցնում է տեղադրել կրիպտոարժույթի գովազդն իր տարածքում (նախկինում նման հայտարարություն արել էր Faccebook-ը): Տնտեսական լրահոսը նույն կրիպտոարժույթի մասին գրեց, որ այն արժեզրկվել է 2,34 տոկոսով և մոտենում է 9 հազար դոլարի սահմանագծին:

Հաջորդ տնտեսական տեղեկատվության հեղինակն Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդն էր: Նա կոչ էր անում կրիպտոարժույթի շուկան կարգավորել գլոբալ մակարդանով, այլապես, ըստ նրա, այդ շուկան կքրեականացվի, քանի որ «այն դարձել է անօրինական գործունեության ապաստարան, կամ ֆինանսական խոցելիության աղբյուր»:

Մոտ 10 տարի առաջ՝ 2009թ., համաշխարհային տնտեսական ճգնաժամի ցնցումներից հոգնած ֆինանսական աշխարհը չհասցրեց արձանագրել նոր` թվային անանուն ու պաշտպանված վճարումների համակարգի մասին տեղեկատվությունը: Միայն երկու տարի անց՝ 2011թ. հանրահայտ ու ֆինանսական աշխարհի համար նույնքան հեղինակավոր Forbes-ը մարդկության մեծ մասի համար անհասկանալի այդ թվային արժույթի համար գտավ կրիպտոարժույթ անունը: Անուն ստանալուց հետո այն, իհարկե, հասկանալի չդարձավ:

Բայց շարունակեց տարածվել աներևակայելի տեմպերով: Ոչ ոք իրականում չգիտի, թե ով է նորահայտ արժույթի հայր համարվող Սատոշի Նակամուտոն: Ենթադրում են, որ դա ոչ թե անձ է, այլ համահեղինակների խմբի կեղծանուն: Ինչևէ, մարդկությունը 20-րդ դարի կեսերից արդեն գիտեր, որ ոչ մի երկրի արժույթ ամրագրված չէ ոսկով: Հետևաբար՝ բոլոր արժույթներն էլ որոշակի իմաստով անպատասխանատու են:

Նրանց «թիկունքում» միայն այդ երկրի ԿԲ-ն է, բանկային համակարգով, ու ինչ-որ իմաստով՝ այդ նույն երկրի տնտեսությունը: Բայց ճգնաժամը հենց ֆինանսական ոլորտում էլ սկսվել էր: Եթե հիշում եք՝ մի քանի միլիարդատեր ինքնասպան եղան, մի քանիսը հայտնվեցին ճաղերի ետևում: Կրիպտոարժույթի համար աստեղային պահ էր: ԿԲ-ների ու բանկերի նկատմամբ վստահությունը նվազել էր, ու համաշխարհային ֆինանսական շուկայում հայտնվեց բանկերի հետ ոչ մի կապ չունեցող պաշտպանված վճարամիջոց:

Կրիպտոարժույթի հիմնական գրավչությունն ապահովում էր այն, որ այս արժույթը նյութական չէ, որևէ ԿԲ չի թողարկում, և, որ այն կապված չէ որևէ երկրի տնտեսության հետ: Այդ արժույթի ապագային հավատացող փորձագետների կարծիքով՝ «կրիպտոյին» լրացուցիչ հմայք է հաղորդում այն, որ քանակային սահմանափակում (կոպիտ ասած` էմիսիա) չկա, չկա որևէ միջնորդ: Կրիպտոարժույթի շրջանառությունը կատարվում է ապակենտրոնացված համակարգում, որտեղ էլ գրանցվում է գործարքների տեղեկատվությունը:

Գործարքները հարկային ու պետական մարմինների համար հասանելի չեն, որովհետև դրանք չեն պահպանվում որևէ սերվերում: Կրիպտոարժույթը գործարարների համար հրապուրիչ էր այն պատճառով, որ այն օգտագործվում է թե՛ գնումների, թե՛ խնայողությունների պահպանման համար: Հայտնի բան է, որ մեծահարուստների մի մասը միջոցների ձեռքբերման ընդունելի բացատրություն չունի, և ֆինանսական միջոցների անանուն ու վստահելի պահպանությունը նրանց հիմնական խնդիրն է:

Հարկեր հավաքելու «սովորություն» բոլոր պետություններն ունեն: Պարզապես ժողովրդավարական երկրներում հարկերի մեծ մասը պետբյուջե է ուղղվում: Իսկ բռնատիրական երկրներում` հիմնականում բռնապետի գրպան:

Կրիպտոարժույթի համակարգում գրանցվելն առանձնահատուկ տեխնիկական բարդություններ չի պահանջում: Օգտատերը, որպես ցանցի մասնակից, ունի և՛ անձնական (գաղտնի), և՛ հրապարակային բանալի: Անձնականն օգտագործվում է սեփականության իրավունքի փոխանցման համար: Իսկ հրապարակայինը` ուրիշների գործարքները «հաստատելու» կամ արձանագրելու համար: Հետո հայտնվեցին թվային այլ արժույթներ: Դրանք հիմնականում հենված են հնագույն համարվող «բիտկոինի» վրա:

Անհավանական է, բայց դրանք տարեկան 200-500 տոկոս եկամտաբերություն են ապահովում: Եվ նրանց եկամտաբերությունը հիմնականում կախված է ցանցի ընդլայնումից: Բայց նոր թվային արժույթը նաև լուրջ թերություններ ունի, որոնց մասին սիրում են խոսել այս «համակարգին» չվստահող փորձագետները:

Դրանցից ամենաառաջնայինն այն է, որ կրիպտոարժույթի ձեռքբերման (մայնինգ) համար ՏՏ ոլորտի շատ սարքավորումներ են պետք, որոնք երկու լրացուցիչ թերություն ունեն` շատ էներգատար են, և երկրորդ՝ չափազանց արագ են մաշվում և՛ նյութապես և՛ բարոյապես (հին` ոչ թվային տնտեսագիտության բառապաշարով ասած): Նոր թվային արժույթների համակարգի ամենախոցելի կողմը համարվում է, այսպես կոչված, «Գրոհ 51-ը»: Եթե որևէ մեկին հաջողվի իր ձեռքում կենտրոնացնել կրիպտոարժույթի 51 տոկոսը` կդառնա մոնոպոլիստ:

Հատկապես մեզ պետք չէ բացատրել, թե ինչպես են մոնոպոլիստները սնանկացնում շուկայի մասնակիցներին ու խլում նրանց բիզնեսը: Ահա այսպիսի հասկանալի ու անհասկանալի թվային արժույթներ:

Տեսանյութեր

Լրահոս