Բաժիններ՝

«Խնդրել եմ՝ նախկին Գյուլբենկյանի հիվանդանոցի շենքի մի մասը մեզ տրամադրել, ասացին՝ առաջին և վերջին անգամը լինի, որ այդ թեման շոշափում եք». Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի տնօրեն

Ինչպես տեղեկացրել էինք` Գյումրու թիվ առաջին պոլիկլինիկայի հիվանդները մտահոգված են դրա հնարավոր տեղափոխմամբ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, ոմանք շտապում են իրենց ամբուլատոր քարտերը վերցնել պոլիկլինիկայից, քանի որ դրա հետագա գործունեության համար անորոշ վիճակ է ստեղծվել:

Խնդրի վերաբերյալ 168.am-ը զրուցել է Գյումրու թիվ առաջին պոլիկլինիկայի տնօրեն Այվազ Սուքիասյանի հետ

– Պարոն Սուքիասյան, ո՞վ կամ ո՞ր կառույցն է բարձրացրել պոլիկլինիկայի տեղափոխման հարցը և ինչի՞ համար:

– Այդ հարցը բարձրացրել է մարզպետարանը, ավելի ճիշտ՝ քաղաքապետարանը: Մարզպետարանին գրություն է եկել, մենք խնդրել ենք այդ գրության պատճենը մեզ տրամադրել, սակայն չեն տվել: Շիրակի մարզպետը եկել, նայել է պոլիկլինիկայի պայմանները, ասելով՝ տարածք ման արեք, ես էլ հարցրեցի՝ ինչի՞ համար, պատասխանեց, որ այս շինությունը պոլիկլինիկայի գործունեության համար նպատակահարմար չէ, վթարային է, և այլն:

Մինչ մարզպետի ասելն էլ ես քաղաքում՝ պոլիկլինիկային այլ մոտ տարածք նայել եմ և չեմ գտել, բացի մեկից: Քաղաքում տարածք շատ կա, բայց իմաստը ո՞րն է, որ Սլաբոտկայի բնակիչն հասնի Տեքստիլ կամ 58 թաղամաս, կամ չգիտեմ թե ուր: Հարցն այն է, որ, եթե պոլիկլինիկա է, բնականաբար, պետք է լինի սպասարկման տարածք: Զուտ քաղաքապետարանից եկած գրություն է, թե իրենք ո՞ւմ դրդմամբ են նման քայլի դիմում, մեզ անհայտ է: Մինչդեռ պոլիկլինիկայի շենքը, թեկուզ երկրորդ կարգի վթարային լինելու դեպքում, բացարձակ թույլատրելի է օգտագործման համար: Քաղաքապետի գլխավորությամբ ամեն ինչ արվում է, որպեսզի շենքն ազատվի, բայց այն 1924 թվականի կառույց է, արդեն 94 տարին է լրանում: Չգիտեմ ինչու՝ 100 տարի հետո հիշեցին, որ այս շենքը «Կումայրի» արգելոցի տարածքում է գտնվում, նպատակահարմար չէ, որ այստեղ բուժհիմնարկ գործի, և այլն:

Չգիտեմ, տեղյա՞կ եք, թե՞ չէ, մենք մեր պոլիկլինիկայի գործունեության համար մեծ տարածք ենք ունեցել, սակայն այն մաս-մաս մասնավորին վաճառեցին: Դա մեր բակի կողմում է գտնվում, որտեղ մենք շինություններ ենք ունեցել, անցած տարի մեր նկուղը տվեցին իտալական պոլիկլինիկայի տնօրեն Գագիկ Ադամյանին: Նկուղը քանդելուց բակի կողմից մեծ քարաթափում տեղի ունեցավ:

– Պոլիկլինիկան դեռ շարունակելո՞ւ է գործել իր տարածքում:

– Պոլիկլինիկան աշխատում է, շարունակելու է աշխատել: Պապերով, նախապապերով այստեղ բուժվել են, իրենց սերունդներն էլ՝ հետը, սա ավանդական հիմնարկություն է: Երևի Հայաստանի պատմության մեջ առաջին բուժմիավորումն է եղել, որտեղ առաջին շտապ օգնությունն է եղել՝ ձիակառքերով: Դա փաստող լուսանկարներ էլ կան: 

– Եթե պոլիկլինիկայի տեղափոխման համար համապատասխան տարածք չգտնեք, ապա ի՞նչ է լինելու հետագայում:

– Փակվելու մասին խոսք չկա, բայց եթե այսպես շարունակեն, հնարավոր է՝ նման քայլի էլ դիմեն: Ավելի կոնկրետ՝ մասնավորի շահը պետական, ազգաբնակչության շահից ավելի գերադասելի է: Սեյսմիկ կայանից էլ տարիուկես առաջ եկել, ուսումնասիրել էին, ասել էին, որ մյուս շենքերի նման շենք է, հանգիստ կարող եք աշխատել: Ուղղակի նկուղը որ փորեցին, դրա պատճառով միգուցե արդեն վթարային է դարձել: Այնտեղ մենք մուտք գործելու հնարավորություն չունենք, բակը լրիվ փակեցին, տվեցին ուրիշին, ով այստեղ մասնավոր բուժհիմնարկ ունի՝ «Ապավեն» կենտրոնը, դրան գումարած՝ ինչքան գիտեմ, շենքի մի մասի առաջին հարկն էլ է գնել, բակի բոլոր շինությունները ժամանակին գնել է, կատե է դրված այնտեղ, անցած տարի էլ ահագին կռիվ արեցինք քաղաքապետի հետ, գժվեցինք գրություններ գրելով: Վերջն այսպես չի կարելի. մեր հազար տարվա նկուղն է, մենք էլ այնտեղ գույք ունենք: Ստիպեցին՝ մտեք աճուրդ, վերցրեք, ասացի՝ մենք չենք կարող: Տարեկան 400.000 դրամ վարձավճար տա՞նք, թե՞ ամսական այդ նկուղի համար 70000-100.000 դրամ վարձ տանք: Վերջը ստիպեցին, գույքի մի մասը թափեցինք, մյուս մասը երկրորդ պոլիկլինիկայի նկուղում գցած է, մի խայտառակ պատմություն:

– Շիրակի մարզպետարանի առողջապահության և ոցիալական ապահովության վարչության պետ Մեսրոպ Բզնունու հետ հարցը քննարկե՞լ եք:

– Պարոն Բզնունին մեր մոտ եկել է, իրենք շատ լավ տեղյակ են խնդրից, սակայն որքան ես եմ հասկանում՝ լուրջ մարդիկ են խառնված, Աստված գիտի, թե սրա վերջն ինչ կլինի: 65 հոգի աշխատող ունենք, 18000 սպասարկող բնակչություն, դրական տենդենցներ կան՝ որոշակի մարդկանց հիմնարկ եմ ընդունել աշխատելու, պարտքեր եմ փակել:

– Արդյո՞ք առաջարկել ենք պոլիկլինիկան տեղափոխել դրա տարածքին մոտ գտնվող նախկին Գյուլբենկյանի հիվանդանոցի տարածք:

– Բնակիչներն էլ ոտքի են ելել, թե մենք ի՞նչ պատճառով պետք է գնանք ուրիշ տեղ, էս ինչ խայտառակություն է: Ես խնդրեցի՝ նախկին Գյուլբենկյանի անվան հիվանդանոցի շենքի մի մասը մեզ տրամադրել, բայց ինձ ասացին՝ առաջին և վերջին անգամը լինի, որ այդ թեման շոշափում եք: Մենք գիտենք, որ այդ շենքը պետական հաշվեկշռում է գտնվում, բայց ոչ մի դոստուպ չկա այնտեղ: Ամբողջ շենքը մեզ պետք էլ չէ, այլ՝ մի մասը: Հազար անգամ ասել եմ, բայց զրո ուշադրություն այդ հարցի վերաբերյալ:

– Բայց ի՞նչ են պատճառաբանում, որ չեն ցանկանում նախկին Գյուլբենկյանի հիվանդանոցի մասին խոսեք:

– Ոչ մի բան, ուղղակի չեն ուզում, որ խոսվի, և վերջ: Մինչդեռ տարածքի առումով միակ հարմար տեղն այս շենքն է, որտեղ մեր բոլոր 60-ից ավելի կաբինետները կարող են տեղավորվել: 1000 քմ-ի մեջ հազիվ սմենով, բանով մի կերպ տեղավորվել ենք: Ճերմակ հիվանդանոցի շենք էլ ենք մտել, այնտեղ մի 10-12 սենյակ գուցե դուրս գա, բայց մենք 50 սենյակից ավելի ունենք, ես էլ, ենթադրենք, նեղ մասնագետ՝ ուռոլոգ եմ ուզում ընդունել, բայց կաբինետ չունեմ, որ ընդունեմ: Ո՞նց են պատկերացնում այնտեղ մեր գործունեությունը՝ այն դեպքում, երբ հսկայական ռենտգեն ապարատ ունենք, որի տեղափոխումը հեքիաթ գործ է, ամբողջ սենյակը պետք է կապարապատվի, միլիոնների հասնող գումարներ են ծախսվելու: Այնտեղ տեղափոխվելու դեպքում սենյակներ առանձնացնելու խնդիր կա, դա էլ մեծ գումար է պահանջում: Այդ դեպքում մենք ընդամենը տանիքի վերանորոգման խնդիր ունենք, թող այդ հարցը կարգավորեն, պլանային ջեռուցում ապահովեն, և վերջ: Երկու սենյակ՝ դռներով, պատուհաններով, վերանորոգեցի իմ անձնական միջոցների հաշվին, ո՞վ տեղյակ եղավ:

Պոլիկլինիկայի սպասարկման իմաստը դուք էլ շատ լավ պատկերացնում եք, որ տվյալ թաղամասի սպասարկման տարածքում գտնվելով՝ սպասարկի տեղի ազգաբնակչությանը:

– Պոլիկլինիկայի հնարավոր փակման դեպքում ի՞նչ է լինելու տեղի 65 բուժաշխատոողների՝ աշխատանքով ապահովելու հարցը, թե՞ նման մտավախություններ դեռևս չկան:

– Բարոյահոգեբանական մթնոլորտն է, որը շատ ծանր է. օրական մի բան լսում ենք, մի բան գլխներիս գալիս է, մի բան հանձնարարում են, մենք էլ ենք գժվել: Ես ինչ տնօրեն եմ դարձել, դամոկլյան սրի նման այս հարցը մեր վզին կախված է: Գիտե՞ք ինչի վրա եմ զարմանում՝ մի՞թե այդքան թույլ են, որ ոչ մի օրենքով կամ օրենսդրությամբ չեն ցանկանում այս հարցին լուծում տալ: Վերջը պոլիկլինիկա է, շենքն էլ այնպես չէ, որ 5 տարի առաջ ենք վերցրել: Թքած ունեն ամեն ինչի վրա: Նույնիսկ ամոթ է, որ սեփական ժողովրդին ծառայող հիմնարկությունը քաղաքապետարանին գումար՝ վարձ տա: Դա մարդկային չէ, դրան գումարած՝ հանեն, շպրտեն փողոցները, թե՝ այլ տարածք ման եկեք: Ուղղակի գրավոր համապատասխան փաստաթուղթ չկա իմ ձեռքին, որ կարողանամ ինչ-որ բան ապացուցել: Ես մարզպետարանին էլ եմ խնդրել, թե մեր ապագային վերաբերող հարց է, ի՞նչն է խանգարում՝ գրության պատճենը մեզ տրամադրել: Արդեն երրորդ, չորրորդ շաբաթն է՝ գրությունը մեզ չեն տրամադրում:

Թե այստեղ մարզպետարանի, քաղաքապետարանի շահը որն է, ում մատն է խառը, որքան որ դուք գիտեք, այնքան էլ՝ ես: Գուցեև ավելի վերևից է ամեն ինչ գալիս:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս