Գյումրու թիվ առաջին պոլիկլինիկայի գլխին սև ամպեր են կուտակվել
Գյումրու թիվ առաջին պոլիկլինիկայի հնարավոր տեղափոխման կամ փակման վերաբերյալ լուրերն անհանգստացրել են որոշ հիվանդների, ովքեր բողոք էին ներկայացրել 168.am-ի Գյումրու թղթակցին:
«Ինչո՞ւ պետք է մենք ավելի հեռու տեղ գնանք, այստեղ մեզ հարմար է, լավ կլինի՝ պոլիկլինիկան չտեղափոխեն այլ տարածք, քանի որ այս պոլիկլինիկա հաճախող ազգաբնակչության համար բավական դժվար կլինի հեռու տեղ պոլիկլինիկա հաճախելը, ուստի շատերը կարող է փոխեն իրենց կլինիկան և այլ տեղ գրանցվեն»,- մեզ հետ զրույցում նշեց առաջնային բուժօգնության կլինիկա հաճախող քաղաքացիներից մեկը:
Հիվանդներից մեկ ուրիշի խոսքով, թեև պոլիկլինիկան շարունակում է գործել նույն տեղում, սական իրավիճակն անորոշ է, քանի որ պետական և տեղական իշխանությունների մակարդակով պոլիկլինիկայի տնօրեն Այվազ Սուքիասյանին հորդորել են հարմար տարածք գտնել, որպեսզի պոլիկլինիկան այլ տեղ տեղափոխվի:
Նշենք, որ Շիրակացի 201 հասցեում գործող պոլիկլինիկան տեղափոխելու ամենահարմար տարածքը կարող է լինել Գյումրու նախկին Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցը, որը գործող պոլիկլինիկային բավական մոտ է գտնվում, այն բավական մեծ է, և հենց այստեղ էլ կարելի է պոլիկլինիկայի գործունեության համար տարածք հատկացնել:
100% պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություն հանդիսացող Գյումրու առաջին պոլիկլինիկան քարաշեն, երկհարկանի, երկու մասնաշենքից բաղկացած կառույց է, սպասարկող ազգաբնակչության թիվը 19986-ն է, որից մինչև 18 տարեկան՝ 2790, 18 և բարձր տարիքի անձինք՝ 17196-ն են:
Պոլիկլինիկայում մատուցվում են մի շարք ծառայություններ՝ թերապևտիկ ծառայություն (տեղամասային բժիշկության, ընտանեկան բժշկության և մանկական բժշկության կաբինետներ), նեղ մասնագիտական ծառայություն (սրտաբանական, ակնաբուժական, նյարդաբանական, վիրաբուժական, քիթ-կոկորդ-ականջաբանական, էնդոկրինոլոգիական, ինֆեկցիոն, թոքային հիվանդությունների հայտնաբերման կաբինետներ), լաբորատոր ծառայություն (լաբորատոր ախտորոշիչ՝ կլինիկա և բիոքիմիական, ռենտգեն, սոնոգրաֆիկ, ԷԿԳ, ֆիզիոթերապևտիկ և ֆլյուորոգրաֆիայի կաբինետներ):
Պոլիկլինիկայի կողմից սպասարկվող ազգաբնակչության և ծառայությունների մեծ թվով պայմանավորված՝ դրա հետագա գործունեության համար մեծ տարածք է անհրաժեշտ: Մեր տեղեկություններով, Այվազ Սուքիասյանը պոլիկլինիկայի գործունեությունը նախկին Գյուլբենկյանի անվան հիվանդանոցում շարունակելու առաջարկությունը ներկայացրել է Շիրակի մարզպետարանի Սոցիալական ապահովության և առողջապահության վարչությանը, սակայն այն «սվիններով» են ընդունել՝ ինչ-ինչ պատճառներով հորդորելով չհիշատակել գրեթե 10 տարուց ավելի չօգտագործվող նախկին Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի անունը: Դեռևս ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի որոշման համաձայն, «Գյումրու բժշկական կենտրոնի» ստեղծման նպատակով նախատեսվեց միավորել Շիրակի մարզային, Սամարիթեր և Սեդրակ Խաչատրյանի (Գյուլբենկյանի) անվան վիրաբուժական հիվանդանոցների վիրաբուժական, ինչպես նաև՝ թերապևտիկ բնույթի ծառայությունները: Այժմ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցը որևէ մեկին չի պատկանում: Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության անշարժ գույքի հաշվառման բազայի տվյալների՝ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ջիվանու 74 հասցեում գտնվող նախկին Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի անշարժ գույքը հանձնված է վարչության տնօրինությանը, ներդրումներ կատարելու համար այն ընդգրկվել է օտարման ենթակա գույքի ցանկում:
Գյումրու թիվ առաջին պոլիկլինիկայի տնօրենի հետ հարցազրույցը՝ քիչ անց:
Անահիտ Սիմոնյան