«Նպատակ է դրված, որպեսզի Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահի պաշտոնում պաշտոնավարի մինչև 65 տարեկանը». Արտակ Զեյնալյան
«Նպատակ է դրված, որպեսզի Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահի պաշտոնում պաշտոնավարի մինչև 2035 թ.` 65 տարեկանը: Ֆորմալ առումով, կարծես, խնդիր չկա, Սահմանադրությունը գործում է այդ մասով, նա կընտրվի ՍԴ նախագահ և կպաշտոնավարի: Բայց այս հնարքով, այս տեղադրված բանալիով, չասեմ` ական, արգելափակում են նոր Սահմանադրության տրամաբանությունը:
Նոր Սահմանադրությամբ ՍԴ անդամները պետք է լինեին փոփոխական, և գործեր ավելի ժողովրդավարական մեխանիզմը: Բայց, կարծում եմ, սա հատուկ արվել է նրա համար, որպեսզի չեզոքացվի դա, և ՍԴ նախագահի պաշտոնում նա իրականացնի քաղաքական մեծամասնության քաղաքական կամքը, այսինքն` քաղաքականացվի Սահմանադրական դատարանը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը` մեկնաբանելով դեռևս գործող ու նոր Սահմանադրության տարբերությունները ՍԴ նախագահի պաշտոնավարման հարցում:
Նշենք, որ ՍԴ արդեն նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի լիազորությունները պետք է ավարտվեին մարտի 23-ին, սակայն ՀՀԿ-ն շտապեց նրան ընտրել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, իսկ ՍԴ ուղարկել Հրայր Թովմասյանին: Խնդիրն այն է, որ նոր Սահմանադրության այն գլուխը, որ վերաբերում է ՍԴ նախագահի ընտրությանը, ուժի մեջ է մտնում ապրիլի 9-ից և սահմանում է` «Սահմանադրական դատարանն իր կազմից` 6 տարի ժամկետով, ընտրում է Սահմանադրական դատարանի նախագահ և փոխնախագահ՝ առանց վերընտրվելու իրավունքի»: Մինչդեռ դեռևս գործող Սահմանադրությամբ ՍԴ նախագահը նշանակվում է Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ ՍԴ կազմից և պաշտոնավարում է մինչև 65 տարին լրանալը: Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցն Ազգային ժողովը քննարկելու է մարտի 20-ին:
Ըստ Ա.Զեյնալյանի` ՍԴ դատարանի որոշումները կսրբագրվեն և կփոփոխվեն, որովհետև ՍԴ նոր օրենքով հանված է ՍԴ որոշումների անփոփոխելիության արգելքը:
168.am-ի հարցին, թե ո՞ր որոշումները կվերանայվեն, Ա.Զեյնալյանը պատասխանեց, որ խոսքն առաջին հերթին՝ ՏԻՄ մասին օրենքի սահմանադրականության գործով վերջին որոշման մասին է, որով ավագանու նիստի իրավազորության և իրավասության հարցն է լուծվում, իսկ Հ,Թովմասյանը դրա կատեգորիկ հակառակ տեսակետին է, ու այդ որոշումը խոչընդոտ է ՀՀԿ-ի համար: