Որ երկրներից են ավելի շատ այցելել Հայաստան 2017 թվականին
2017 թվականին Հայաստան ամենից շատ այցելել են Ռուսաստանից։ Այս մասին են վկայում Modex խորհրդատվական ընկերության կողմից հրապարակված վերլուծության արդյունքները։
Այսպես, համաձայն օտարերկրյա քաղաքացիների ՀՀ ժամանման պաշտոնական վիճակագրության տվյալների՝ 2017 թվականին Հայաստան են ժամանել 584 561 ՌԴ քաղաքացիներ, որն այցելությունների ընդհանուր թվի 39.7%-ն է։
Երկրորդ տեղում Վրաստանն է՝ 319902 այցելություն (21.8%), որին հաջորդում են Իրանը՝ 220147 (15%), ԱՄՆ-ը՝ 44587 (3%) և Ուկրաինան՝ 29706 (2%)։
2017 թվականին՝ 2014 թվականի համեմատ, առաջատար երկրները մնացել են նույնը, պարզապես ԱՄՆ-ն և Ուկրաինան տեղերով փոխվել են։ Միևնույն ժամանակ պետք է ասել, որ եթե 2014թ-ին առաջատար հնգյակի գումարային մասնաբաժինը կազմում էր 85.2%, 2017թ-ին կազմել է՝ 81.6%, այսինքն տեղի է ունեցել ներգնա զբոսաշրջության չափավոր դիվերսիֆիկացիա ըստ երկրների։
Իսկ օտարերկրյա քաղաքացիների ժամանումների հավելաճի բացարձակ մեծությամբ առաջատարներն են ՌԴ-ն՝ մոտ 116 հազ, և Իրանը մոտ 104 հազ․,:
Հարաբերական մեծությամբ բացարձակ առաջատարը Ֆիլիպիններն է (ավելի քան 32.6 անգամ (2014թ- 674, 2017թ-22,007)) ու Չինաստանը (մոտ 3.6 անգամ), ընդ որում՝ ֆիլիպինցիների ժամանման այսպիսի աճը պայմանավորված է այն հանգամանքով, որ ԱՄԷ-ում փաստացի աշխատող, սակայն աշխատանքային իրավունք չունեցող օտարերկրացիները, պարտավոր են պարբերաբար երկիրը լքել և նորից վերադառնալ միգրացիոն օրենսդրության խախտումներ թույլ չտալու համար։
Անդրադառնալով 2017թ-ի ցուցանիշին, պետք է նշել, որ նախորդ տարվա համեմատ ՀՀ ժամանող օտարերկրյա քաղաքացիների թիվը աճել է շուրջ 265 հազ․-ով։
Ինչպես նշում է Modex-ը, այցելությունների քանակն աճել է ավելի արագ տեմպով (18.7%), քան անհրաժեշտ է (15.6%) ներգնա զբոսաշրջային այցելությունների 3 մլն թիրախային ցուցանիշին 2022թ-ին հասնելու համար։