Երբեմն հաշմանդամների համար անվճար բուժօգնություն ասվածն այնքան էլ անվճար չէ

Շիրակի մարզի Մարմաշեն գյուղի բնակչուհի Արփինե Խաչատրյանի ընտանիքը չունի սեփական բնակարան: Սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքը բնակվում է ուրիշի տնակում:

4 անձից բաղկացած ընտանիքի հայրն ու մայրը գործազուրկ են, քանի որ նրանց չի հաջողվում աշխատանք գտնել:

Արփինե Խաչատրյանի ամուսինն ունի առողջական խնդիրներ, հաշմանդամ է, երիկամների հետ կապված խնդիրներ ունի. նրա երիկամներից մեկը հեռացված է, վերջերս էլ ինքնազգացողությունն է վատացել՝ թուլություն և ցավեր ունի, սակայն չի հետազոտվում, քանի որ գումար չունեն:

Նրանց երեխան առողջական խնդիրներ ունի: Չնայած դրան, չի հաջողվում երեխայի համար հաշմանդամության կարգ ձեռք բերել:

Կարդացեք նաև

«14-ամյա էրեխուս ձախ աչքի տեսողությունը 40 տոկոս է, և ամեն անգամ դեղ են առաջարկում, սակայն ի ծնե նա այդպես է ծնվել, չի վերականգնվում տեսողությունը: Ֆրանսիայից էլ են բժիշկներ եկել, ասել են, որ պետք է ակնոց կրի, քանի որ բուժում չունի: Գնացել ենք Մալայանի ակնաբուժական կենտրոն: Ասել են, թե՝ ամիսը մեկ արի՝ էս դեղը փոխենք, մյուսը փոխենք, արի՝ ճառագայթ տանք, և բոլորն էլ՝ վճարովի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արփինե Խաչատրյանը:

Վերջինիս խոսքով՝ վերջերս երեխայի մոտ նաև նյարդային խնդիրներ են ի հայտ եկել:

Ա. Խաչատրյանի ցանկությունը մեկն է, որպեսզի պետությունն իրենց համար աշխատատեղեր ստեղծի, գոնե ինքը կարողանա աշխատել և ընտանիքը պահել, այլապես շատ դժվար է նաև իր երեխայի բուժման ծախսերը հոգալ:

Առողջապահական ծառայություններից օգտվելը մեծ դժվարություն է ներկայացնում հաշմանդամների համար: Այս տեսակետին է նաև «Հաշմանդամների մարզամշակութային կենտրոնի» աշխատակազմի ղեկավար Անահիտ Կիրակոսյանը:

«Իմ մորաքրոջ ամուսինը «Գյումրի» բժշկական կենտրոնում բուժում էր ստանում, հեմոդիալիզի կուրս էր անցնում, նաև ունի շաքար, երիկամի մեկը չկա: Շաքարից իր մոտ աչքի կատարակտ էր առաջացել: Բացի այդ, ոչ մի առողջ օրգան չունի: Թեև երկրորդ կարգի հաշմանդամության կարգ ունի, սակայն աչքի փառը հեռացնելու համար 80000 դրամ գումար է վճարել: «Գյումրի» կենտրոնում ինքը պառկած էր, տնօրենը շատ լավ քաջատեղյակ էր իր վիճակից, հաշմանդամության կարգի թղթերն իր մոտ կար, սակայն այդ բոլորը ոչ հաշվի առան, ոչ էլ անվճար բուժօգնություն ցուցաբերեցին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Անահիտ Կիրակոսյանը:

Անահիտ Սիմոնյան

Տեսանյութեր

Լրահոս