Բաժիններ՝

«Կարամ դաժե դրա վրա գրազ գամ, պարոն Հարությունյան». Գևորգ Կոստանյանն ու Դավիթ Հարությունյանը թեժ բանավիճեցին

Այսօր ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում թեժ բանավեճ տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի շուրջ:

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ու հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը համաձայնության չեկան օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի շուրջ, որը սահմանում է, որ «Կալանավորումը և դրա այլընտրանքային խափանման միջոցը մեղադրյալի նկատմամբ կարող են կիրառվել միայն այն դեպքում, երբ կան բավարար հիմքեր ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել սույն հոդվածի առաջին մասով նախատեսված գործողություններ, և կան հիմնավոր կասկածներ, որ նա կատարել է այնպիսի հանցանք, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է:

Եթե մեղադրյալին վերագրվող հանցանքի համար ազատազրկման ձևով պատիժ նախատեսված չէ կամ ազատազրկման ձևով պատիժը չի գերազանցում մեկ տարին, ապա կալանքը կարող է կիրառվել միայն մեղադրյալի կողմից իր նկատմամբ կիրառված այլ խափանման միջոցի պայմանները խախտելու դեպքում»:

Գ.Կոստանյանի կարծիքով` դրա առաջին մասն ընդունելի է, երկրորդը` ոչ:

«Ես առաջարկելու եմ «դեմ» քվեարկել այս օրենքին: Դուք ունքն ուղղելու փոխարեն՝ 2 աչքն եք հանում»,- ասաց Գ.Կոստանյանը:

«Ելքի» պատգամավոր Արտակ Զեյնալյանի խոսքով` եթե ազատազրկումը նախատեսված չէ որպես խափանման միջոց, և քննիչի կանչով չներկայանալու դեպքում անձը վերցվի կալանքի, դա կլինի Կոնվենցիայի խախտում: Նա պնդեց, որ հիմնախնդիրն առկա է, և առաջարկեց փորձել լուծել այլ կերպ:

Դ.Հարությունյանի պնդմամբ` այստեղ պատժի դաշտ չի պարունակվում:

Գ.Կոստանյանի կարծիքով` քննիչի կողմից դրված պարտականությունն օրենքով դրված պարտականություն չի:

«Կարամ դաժե դրա վրա գրազ գամ, պարոն Հարությունյան»,- ասաց Գ.Կոստանյանը` առաջարկելով հանել նախագիծը, հատկապես, որ այն ապրիլի 9-ի հետ կապ չունի:

Դ.Հարությունյանը հայտարարեց, որ օրենքը նորմալ կարգավորված է և լուծումներ կարելի է գտնել: Նա առաջարկեց կողմ քվեարկել և հարցին անդրադառնալ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում:

Ի վերջո, նախագիծը դրվեց քվեարկության, ստացավ միաձայն «դեմ» ձայներ, և արժանացավ բացասական եզրակացության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս