«Ես ուղղակի թվերին նայեցի ու հասկացա, թե այդ ընկերության ղեկավարությունն ինչպիսին է». Վարդան Արամյան
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը համոզված է, որ հաշվապահական հաշվառմանը և աուդիտի որակի բարելավմանն ուղղված իրենց քայլերը կնպաստեն գլոբալ շուկայում հայաստանյան ընկերությունների առաջ մղմանն ու դեպի Հայաստան նոր ներդրումների ներգրավմանը: Այս մասին նախարարը հայտարարեց հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտների բարեփոխումներին վերաբերող աշխատաժողովին:
«Մենք ճիշտ ուղու վրա ենք: Այն, ինչ անում ենք, միանգամայն վստահ եմ, որ կաջակցի մեր ընկերությունների զարգացմանը` թույլ տալով նրանց դուրս գալ միջազգային շուկաներ: Ցանկանում եմ մի օրինակ ներկայացնել: Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը մի անգամ ինձ խնդրեց, որ վերլուծություն իրականացնեմ ընկերություններից մեկի վերաբերյալ:
Ես ուղղակի թվերին նայեցի ու հասկացա, թե այդ ընկերության ղեկավարությունն ինչպիսին է: Նա զարմացավ`ասելով գուցե ճանաչո՞ւմ եմ այդ ղեկավարներին, ես պատասխանեցի, որ թվերն ավելին են ասում, քան տեքստն ու անձնական ծանոթությունը: Եթե մենք ցանկանում ենք ձեռք բերել այն մակարդակը, որ գլոբալ ներդրողները ցանկանան գալ Հայաստան, մենք պետք է ստեղծենք պայմաններ, որ այդ աուդիտորական հարթակը բարձր ստանդարտի վրա լինի»,- նշեց Վ.Արամյանը:
Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութոյի խոսքով` նմանատիպ միջոցառումներն օգնում են համալրել մասնակիցների գիտելիքները աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության դերի և որակի ապահովման համակարգերի, այդ թվում` իրենց հաշվետվությունների վերաբերյալ: Ինչպես նաև ծանոթանալ միջազգային փորձին և աուդիտորական գործունեության կարգավորման հարցում պրոֆեսիոնալ հաշվապահական կազմակերպությունների դերին: «Մենք պատրաստ ենք աջակցել իրազեկման արշավի իրականացմանը, որի շրջանակում երկխոսություն կձևավորվի կառավարության և այլ շահագրգիռ կողմերի միջև` կապված հաշվապահական հաշվառման աուդիտի և հանրային վերահսկողության մասին նոր օրենքի նախագծի հետ: Այդ օրենքի նախագիծն այժմ Ազգային ժողովում է, հուսով եմ, որ այն կընդունվի այս գարնանը»,-ասաց ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրենը:
Աշխատաժողովին մասնակցում էին միջազգային և տեղական փորձագետներ, մասնագիտական հանրության ներկայացուցիչներ, այդ թվում` ՀՀ ֆինանսների նախարարության հաշվապահական հաշվառման և աուդիտի մեթոդաբանության վարչության աշխատակիցներ: