«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար երկրում իշխանությունը պետք է փոխվի գաղափարապես». Թուրք վերլուծաբան

«Թուրքիայի ներկայիս քաղաքականությունն էլ ավելի է սրում իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ղարաբաղյան հակամարտության գոտում, նման իշխանությունները պատրաստ չեն կարող լինել կառուցողական քայլերի հայ-թուրքական հարաբերությունների ուղղությամբ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ստամբուլի Կագիր Հաս համալսարանի Միջազգային հարաբերությունների ամբիոնի դասախոս, քաղաքագիտու­թյան պրոֆեսոր, թուրք քաղաքական վերլուծաբան Միտատ Չելիկպալան՝ անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմանը:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չեղյալ հայտարարեց հայ-թուրքական արձանագրությունները, որոնց նախաստորագրումը տեղի էր ունեցել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխ քաղաքում։Մարտի 1-ին տեղի ունեցած ԱԱԽ նիստի օրակարգի շրջանակներում քննարկման էր դրվել այս փաստաթղթերի չեղարկման հարցը, որի վերաբերյալ զեկույց է ներկայացրել արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Քննարկման արդյունքում Անվտանգության խորհուրդը միաձայն հավանություն է տվել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաuտանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաuտանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների կնքման ընթացակարգերի դադարեցմանը:

Ամփոփելով նիստը` ՀՀ նախագահը շեշտել է, որ Թուրքիան խախտելով ընդունված միջազգային պրակտիկան և այն հանձնառությունները, որ պետություններն ունեն միջազգային հանրության առջև՝ ուղղակի կոպիտ ձևով չվավերացրեց այդ արձանագրությունները՝ առաջ քաշելով դրանց հետ կապ և որևէ աղերս չունեցող նախապայմաններ:

«Մեկ անգամ ևս ուզում եմ կրկնել, որ մենք որևէ մեկի հետ հարաբերություններում նախապայմաններ չենք առաջադրում, և որևէ մեկի նախապայմաններ առաջադրելու պրակտիկան ուղղակի մեզ մոտ չի անցնելու»,- ընդգծել է Սարգսյանը՝ նշելով, որ այս հարցի կապակցությամբ Հայաստանի մոտեցումների մասին նամակով տեղեկացրել է նաև արձանագրությունների ստորագրման արարողությանը ներկա բոլոր կողմերին, մասնավորապես՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Շվեյցարիայի նախագահներին, Եվրոպական միության խորհրդի նախագահին, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին՝ շնորհակալություն հայտնելով նրանց և բոլոր այն երկրներին ու միջազգային կազմակերպություններին, ովքեր աջակցություն են ցուցաբերել այս նախաձեռնությանը:

Միտատ Չելիկպալան ասաց, որ այդ արձանագրությունները թուրքական իշխանությունների կողմից «սպանվել» էին դեռ վաղուց, երբ համաձայնագրի վավերացման գործընթացը սկսեցին արգելակել տարբեր փուլերում: Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանը պաշտոնական երանգ հաղորդեց Թուրքիայի որոշմանը:

«Կարիք չկար պահպանել այդ փաստաթուղթը, քանի որ բավականին երկար ժամանակ է անցել այդ արձանագրությունների կազմման փուլից, այս ժամանակահատվածում փոխվել են կողմերի դիրքորոշումներն ու պահանջները, միջնորդների շահերը, ճիշտ չէր լինի վավերացնել այդ արձանագրությունները ներկայումս, քանի որ տասը տարի է անցել ստորագրումից, աշխարհում շատ բան է փոխվել, Հայաստանում և Թուրքիայում անփոփոխ են մնացել այն իշխանությունները, որոնք սկսել էին կարգավորման գործընթացը, բայց դա տեղի էր ունեցել ճնշումների ներքո թուրքական կողմի նկատմամբ, երբ այդ ճնշումը դադարեց Արևմուտքի և Ռուսաստանի կողմից, տարածաշրջանը դարձավ կրակի օջախ, թուրքական իշխանությունները պարզապես մոռացան հայ-թուրքական հարաբերությունների մասին:

Հայ-թուրքական արձանագրությունների կոնտեքստում քննարկվում էին հայկական զիջումները Ղարաբաղյան հարցում, քանի որ նման պահանջներ ուներ Ադրբեջանը: Սա այն փուլում էր, երբ Թուրքիան դեռ հետաքրքրված էր այս կարգավորմամբ»,- ասաց Չելիկպալան՝ հավելելով, որ քաղաքական կամքի առկայության դեպքում Թուրքիան կարող էր ինչ որ կերպ շրջանցել Ղարաբաղյան հակամարտությունը, առանց նախապայմանների առաջընթաց գրանցելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում:

Ըստ թուրք վերլուծաբանի՝ ԼՂ չկարգավորված հակամարտությունը պատրվակ էր Թուրքիայի իշխանությունների համար՝ խուսափելու այն ապագա պատասխանատվությունից, որը կարող էր պարտադրվել միջազգային հանրության կողմից: «Նման զիջումները չեն տեղավորվում պետության այն մոդելի շրջանակում, որն Էրդողանն է կառուցել»,- ասաց Չելիկպալան:

Անդրադառնալով ապագայում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը` փորձագետն ասաց, որ դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, երբ Թուրքիայում իշխանություն փոխվի գաղափարապես, իշխանության գան ժողովրդավար ուժեր, որոնք պատրաստ լինեն բարեփոխումների երկրի ներսում և արտաքին քաղաքականության մեջ:

«Այդպիսի իշխանությունները նաև պատրաստ կլինեն հարևանների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ մտածված քաղաքականություն վարել:

Թուրքիայի ներկայիս քաղաքականությունն էլ ավելի է սրում իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ղարաբաղյան հակամարտության գոտում, նման իշխանությունները պատրաստ չեն կարող լինել կառուցողական քայլերի հայ-թուրքական հարաբերությունների ուղղությամբ»,- ասաց Չելիկպալան:

Տեսանյութեր

Լրահոս