«Արդյոք սա՞ էր ՀՀ նախագահից ակնկալվող քաղաքական օրակարգը». Արմեն Աշոտյանը՝ ընդդիմությանը

«Պարզապես ճիշտ թեկնածու, ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում»,- այսօր Ազգային ժողովում խոսելով ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասին՝ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Դիմելով Ա. Սարգսյանին՝ նա ասաց, որ նախագահի թեկնածուի արշավը շատ տպավորիչ էր. «ՀՀ Սահմանադրությունը տալիս է հստակ տարածք, որում կարող է ՀՀ նախագահը գործել, այդ տարածքը կարող է սահմանափակ թվալ, և մենք կամ ոմանք ասեն՝ այս նախագահից ի՞նչ է կախված, որ: Բայց տեղեկացված մարդիկ գիտեն՝ ինչ է նշանակում քաղաքականությունը. այն միայն հռետորաբանություն չէ:

Իհարկե, այդ տարածքը սահմանափակ է, պարոն Սարգսյան, բայց դուք, վստահ եմ՝ ծանոթ եք Մանհեթենի էֆեկտին, սահմանափակ տարածքի վրա կարելի է և՛ խրճիթ կառուցել, և՛ բարձրահարկ շենք: Ես մեծ հույս ունեմ, որ ձեր գործունեության շնորհիվ այդ տարածքը կդառնա Հայաստանի դեմոկրատական հերթական Բաբելոնը՝ հերթական աշտարակը, որտեղից հնարավորություն կլինի ապահովել սահմանադրական լիազորությունների  լիարժեք իրագործումը: Նման դեպքերում շատ բան կախված է անձանցից, թե ով է թեկնածուն: Շատ կարևոր է, որ թեկնածուն կարողանա հավելյալ քաղաքական արժեք ստեղծել, որովհետև գալիս են անձնական հատկանիշներ, որոնք կարող են լրացուցիչ հմայք ստեղծել այս պաշտոնի դեպքում»:

Ա. Աշոտյանը հիշեց նաև 10 տարի առաջ տեղի ունեցած Մարտի 1-ի դեպքերը. «Ես՝ որպես պատգամավոր, հիշում եմ 2008 թվականի մարտի 1-ի արտահերթ նիստը: Այսօր մարտի 1-ին՝ ոգեկոչելով զոհերի հիշատակը, մենք նաև այլ օրակարգ ենք քննարկում: Մենք քննարկում ենք Հայաստանի ապագայի օրակարգը: Այս 10 տարիների ընթացքում երկիրը փոփոխելու հետևանքով՝ մենք ունենք լրիվ այլ քաղաքական օրակարգ, որի մասին 10 տարի առաջ դժվար էր երազել, որ ունենալու ենք նման սահմանադրական քննարկումներ, նման թեկնածուով»:

Կարդացեք նաև

Անդրադառնալով «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի այն դիտարկմանը, թե Ա. Սարգսյանը նշանակվում է, ոչ թե՝ ընտրվում, քանի որ նրան այլընտրանք չկա՝ Ա. Աշոտյանն ասաց. «Այլընտրանքային ընտրության դոմինանտը հետկոմունիստական հոգեբանության մնացորդ է, երբ բոլոր դեպքերում մտածում ենք՝ ամեն ինչ պետք է այլընտրանքային լինի: Հստակ սահմանադրական երաշխիքներ են եղել՝ ունենալու այլընտրանքային թեկնածուներ, ուրիշ բան, որ գործընթացների տրամաբանությունը բերել է նրան, որ ինքնանպատակ առաջադրումներ չեն եղել, իսկ այն քաղաքական ուժերը, որ ուզում էին թեկնածու առաջադրել, չունեին համապատասխան քաղաքական քվե»:

Նա դժգոհեց, որ ընդդիմադիրների հարցերը հիմնականում վերաբերում էին Ա. Սարգսյանի քաղաքացիության հարցին. «Արդյոք սա՞ էր ՀՀ նախագահից ակնկալվող քաղաքական օրակարգը, սա՞ է ՀՀ քաղաքական ապագան որոշող օրակարգը, արդյոք չկայի՞ն բովանդակային հարցեր՝ բացի տիկին Նազարյանի և Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հարցերից»:

Ա. Աշոտյանը նաև կարևորեց այն հանգամանքը, որ նախագահն աշխատելու է նաև հաջորդ իշխանությունների հետ. «Դուք դառնալու եք յուրահատուկ կամուրջ 6-րդ և 7-րդ գումարման խորհրդարանների միջև»:

Նա նաև հշեցրեց մի պատմական դրվագ. «3-րդ դարում կար հռոմեական մի կայսր՝ Դիոկղետիանոսը, որը շատ հզոր էր, կայունացրեց Հռեմեական Կայսրությունը և որոշեց գնալ իր հողամասում կաղամբ աճեցնել: Երբ իր հետևից եկան՝ հետ կանչելու, նա ասաց՝ կարծում եմ՝ չէիք գա, եթե տեսնեիք՝ ինչ կաղամբ եմ աճեցրել: Կարծում եմ՝ ձեր համաձայնությունը, պարոն Սարգսյան, հետ վերադառնալ քաղաքականություն, պայմանավորված էր նաև նրանով, որ այդ «կաղամբը» մեր երկրում մենք դեռևս միասին պետք է աճեցնենք»:

Տեսանյութեր

Լրահոս