Շիրակի մարզում «Գարդասիլ» պատվաստանյութով մինչ այժմ պատվաստվել է 42 աղջիկ

Դեռևս անցած տարվա դեկտեմբերի 11-ից հանրապետությունում սկսվել էին մարդու պապիլոմա վիրուսով պայմանավորված արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պատվաստումները:

Այս տարվա փետրվարի 27-ի դրությամբ Շիրակի մարզում արգանդի վզիկի քաղցկեղի դեմ «Գարդասիլ» պատվաստանյութով  մինչ այժմ պատվաստվել է 42 աղջիկ:

Այս ցուցանիշի վերաբերյալ 168.am-ին տեղեկացրեց  «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» տնօրենի խորհրդական Սոնյա Ոսկանյանը:

«Պատվաստանյութը ներդրվել է, պատվաստման այս տեսակն ազգային օրացույցի մեջ  է մտել, ուստի պատվաստումների գործընթացը շարունակական է»,- ասաց Սոնյա Ոսկանյանը:

Կարդացեք նաև

Հարցին՝  42 հոգու պատվաստումը շա՞տ եք համարում, թե՞ քիչ, Ս. Ոսկանյանը պատասխանեց.

«Այս պահի դրությամբ առկա  կոնտինգենտի կազմում  833 աղջիկ է, որի մեջ մտնում են նաև 2017 թվականի 7-12-րդ ամիսներին ծնված աղջիկները, որոնք  պետք է գան պատվաստման ամբողջ տարվա ընթացքում: Այսինքն՝ մենք այս պահին չենք կարող ասել՝ շատ է, թե շատ չէ: Կարող է տվյալ անձի պատվաստման օրն այսօր լինի, բուժաշխատողը նրան համապատասխան օրը կանչի, բայց երեխան պատվաստման ներկայանա այլ օր, կամ գա  մեկ կամ երկու ամիս հետո: Դա իր իրավունքն է, մենք չենք կարող պարտադրել նրան: Մենք ժամանակին հրավիրում ենք, բայց թե երբ կգան, իրենց որոշելիքն է»:

Մեր հարցին՝ կա՞ն արդյոք ծնողների կողմից դժգոհություններ, Ս.Ոսկանյանը պատասխանեց, որ ոչ մի բողոք և դժգոհություն իրենք չունեն, ծնողներն էլ դեմ չեն, կողմ են պատվաստմանը, պարզապես ժամանակ են ուզում, որպեսզի իրենց երեխաներին բերեն պատվաստման.

«Դեմ մարդիկ շատ քիչ ունենք, որոնք կտրականապես հրաժարվում են պատվաստումից: Նման ձևով հրաժարվողներ ամեն տեսակ միջամտությունից  էլ կարող են լինել:  Ոչ միայն պատվաստումից, այլև այլ հիվանդությունների դեպքում էլ բուժումից հրաժարվողներ կարող են լինել: 80 տոկոսը կողմ է պատվաստմանը: Դուք էլ լավ գիտեք, որ լրատվությամբ, համացանցով  բժշկության, պատվաստումների հետ  կապ չունեցող մի շարք մարդիկ տարատեսակ անկապ բաներ են գրում և ծնողներին գցում կասկածանքների մեջ: Ես ինքս ծնողներին խորհուրդ չեմ տալիս անկապ մարդկանց խորհուրդները լսել, քանի որ անկապ խորհուրդները միշտ վատ ելքի են բերում: Հիմա հանրապետությունում երեխայի՝ կապույտ հազից մահվան դեպք ունենք, որի պատճառը երեխայի չպատվաստված լինելն է: Այդ ծնողը հրաժարվել է իր երեխաների պատվաստումից, արդյունքում՝ իր երեխաները  հիվանդացել են կապույտ հազով, որից մեկը՝ 2 ամսական, մահացել է: Այստեղ մեղքը պատվաստումների վերաբերյալ անկապ տեղեկատվություն տարածողներինն է և ծնողինը, ով լսել է նմանատիպ մարդկանց»:

Ինչ վերաբերում է այլ հիվանդություների դեմ պատվաստումներին, մեր զրուցակիցը նշեց, որ պատվաստումներ կան նաև հնգավալենտ պատվաստանյութով  կապույտ հազի, դիֆտերիայի, փայտացման դեմ, մենինգիտների դեմ, պնևմոկոկային պատվաստանյութ պնևմոկոկով պայմանավորված թոքաբորբերի դեմ, պոլիոմելիտի դեմ պատվաստանյութ, ԿԿԽ՝ կարմրախտի,  կարմրուկի և խոզուկի դեմ, տուլարեմիայի, հեպատիտ B-ի, հեպատիտ  A-ի և տուբերկուլյոզի դեմ պատվաստանյութեր:

Ինչ վերաբերում է հեպատիտ C-ին, որը բավական դժվար բուժվող և բուժման նպատակով զգալի ֆինանսական միջոցներ պահանջող հիվանդություն է, ինչպես նշեց Ս. Ոսկանյանը, մեր ազգային օրացույցում նման պատվաստանյութ ներդրված չկա:

«Հեպատիտ A-ի դեմ պատվաստումները մենք անում ենք զորակոչիկներին և նախազորակոչային տարիքի տղաներին, որոնք որ պետք է բանակ զորակոչվեն՝ ծառայության: Ինչ վերաբերում է հեպատիտ C-ին, կասեմ, որ դրանով վարակվելու դեպքում բավական թանկարժեք է բուժումը, բայց դրա դեմ մեր ազգային օրացույցում պատվաստում չունենք ներդրված»,- հավելեց մեր զրուցակիցը:

Անահիտ Սիմոնյան

Տեսանյութեր

Լրահոս