«Ցանկացած պահի պետք է ակնկալենք պատերազմ, և կարծում եմ, որ հայկական զորքերը լիովին պատրաստ են այդ սցենարին». Կայծ Մինասյան
«Հայաստանը երեք քայլի պետք է դիմի Մինսկի խմբում»,- 168̣am-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի «Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Կայծ Մինասյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ռազմատենչ հայտարարություններին:
Կայծ Մինասյանի խոսքով՝ պետք չէ զարմանալ ադրբեջանական իշխանությունների նմանատիպ հայտարարություններից: Նրա բնորոշմամբ՝ արդեն երկար ժամանակ է, ինչ ալիևների կլանը բազմապատկել է թուրքիզմի պահանջները հայերի դեմ:
«Իսկապես, մենք ցանկացած պահի պետք է ակնկալենք պատերազմի վերսկսում, և կարծում եմ, որ հայկական զորքերը լիովին պատրաստ են այդ սցենարին: Հարցն այն չէ, թե ինչու են ադրբեջանցիները նման հայտարարություններով հանդես գալիս, հարցն այն է, որ հայկական կողմը պետք է մտածի, թե ինչպիսին պետք է լինեն Հայաստանի և Արցախի դիրքորոշումները: Ադրբեջանը հայերի հետ փոխզիջման մշակույթ չունի: Այս պետությունը կառուցվել է հայերի ատելության վրա:
Աշխարհի հայերը պետք է համակարգված կերպով առաջ քաշեն հայերի նկատմամբ ադրբեջանական ռեժիմի պաշտոնական ռասիզմի հարցը: Ադրբեջանական իշխանությունները պարզապես ցանկանում են խնայել ժամանակ Մինսկի խմբի շրջանակներում քննարկումներով, մինչև որ երկրում քաղաքական կյանքը քանդեն՝ նախագահական վաղաժամ ընտրություններ անցկացնելով: Բաքուն գտնվում է ներքին և արտաքին փակուղում:
Նա այլընտրանք չունի, քան փոխելու իր օրակարգը և պետության նորմալ կյանքը, քանի որ խաղաղության հարցում մանևրելու իր «սենյակը» ամսեամիս կրճատվում է, մինչդեռ պատերազմի հարվածներն արդեն հնչում են Շիրվանի դաշտում»,- ասաց Կայծ Մինասյանը:
Հարցին, թե ինչպես պետք է դրանց արձագանքի Երևանը, և այդ տեսանկյունից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթները Մյունխենում ինչպես է գնահատում, Կայծ Մինասյանը պատասխանեց, թե նման հայտարարություններին արձագանքելու տարբեր մակարդակներ կան:
Առաջինը, ըստ նրա, այն է, թե արդյոք Հայաստանը գտնո՞ւմ է, որ ծանրակշիռ հայտարարությունները կարևոր են: «Իմ պատասխանն այո է: Ոչ ոք իրավունք չունի այդպես խոսելու Հայաստանի մասին: Եվ քանի դեռ Հայաստանի պաշտոնական և հանրային արձագանքը հաստատուն չէ, Ադրբեջանը կշարունակի իր սադրանքները:
Մենք չպետք է ընկնենք զգացմունքների գիրկը, այլ հրապարակայնորեն պաշտոնական նամակագիր ուղարկենք Մինսկի խմբի համանախագահությանը՝ խնդրելով արձագանքել հայտարարություններին ու իրավիճակին շփման գծում: Երևում է, որ նման գործընթաց սկսվել է, քանի որ Ռուսաստանն ու Ֆրանսիան արդեն հարցաքննում են Բաքվին իր անտեղի բառերի համար:
Հայաստանը կանգնած է մեծ դիլեմայի առջև: Հայերը բացարձակապես պետք է պահպանեն Մինսկի խմբի գործընթացը և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խաղաղության փաստաթուղթ ստորագրեն` պատրաստվելով ապագային: Սակայն նրանք գիտեն միևնույն ժամանակ, որ անհնար է խաղաղություն հաստատել այնպիսի պետության հետ, ինչպիսին Ադրբեջանն է, որի նպատակն է՝ ոչնչացնել Հայաստանը: Պետք է սովորենք անցյալի սխալներից, Լևոն Տեր-Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ժամանակից՝ մինչև Սերժ Սարգսյանի: Պատմությունը կոշտ կլինի նրանց հետ: Լևոն Տեր-Պետրոսյանը բաց թողեց խաղաղությունը և դավաճանեց հայ ժողովրդի վստահությունը. Ռազմական հաղթանակից հետո անհրաժեշտ էր ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ Ադրբեջանում Արցախի համար ինքնավարության լայն հնարավորություններ առաջարկելու փոխարեն: Նա պետք է աներ դա այն ժամանակ, երբ Ռուսաստանը թույլ էր:
Ռոբերտ Քոչարյանը կարծում էր, որ ամեն ինչ կարգավորվել է, և Արցախյան Հանրապետության, այդ թվում՝ նաև Սփյուռքի կազմակերպությունների ճանաչման համար ոչինչ չի արվել: Ոչինչ, թեև Արցախի Հանրապետությունը աստիճանաբար վերակառուցվել է, և, եթե մենք ստացել ենք Մադրիդյան սկզբունքներում ինքնորոշման իրավունքի սկզբունքը, պետք է խոստովանենք, որ Մադրիդյան սկզբունքները հայերի համար բարենպաստ չեն:
Եվ ես նույնիսկ չեմ համարձակվում խոսել ընդհանուր անգործության մասին՝ ի շահ Արցախի անկախության ճանաչման: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա նա փորձել է ժամանակ շահել: Մի կողմից՝ նա ազգային հույզերի ու հայ ժողովրդի հպարտության մասին է խոսում, մյուս կողմից՝ հայտարարում է, որ Աղդամը հայրենիքի մաս չէ, որ խաղաղության գինը բարձր կլինի: Բայց ի՞նչ խաղաղությունից է նա խոսում: Այսօր պարզ է, որ Հայաստանի կոնսերվատիվ քաղաքականությունը չի նվազեցրել Բաքվից հնչող սպառնալիքը: Հայաստանն ապավինում է միջազգային հանրության ճնշմանը, բայց դա անբավարար է: Այո, Հայաստանը պետք է շարունակի բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում, բայց ոչինչ չի կարող անել, քանի դեռ Ադրբեջանը մնում է հավատարիմ իր մաքսիմալիստական քաղաքականությանը»,- նման տեսակետ հայտնեց Կայծ Մինասյանը:
Հայաստանը, նրա համոզմամբ, պետք է 3 բան անի Մինսկի խմբում: Առաջինը, ըստ նրա, եթե Մինսկի խումբը դեռ գոյություն ունի, ապա Հայաստանի համբերության շնորհիվ է, քանի որ Ադրբեջանը ցանկանում է հեռանալ այս կոնտակտային խմբից: Ուստի Մինսկի խմբի պատասխանատվությունն է՝ Բաքվի դեմ հանդես գալ անհրաժեշտության դեպքում: Երկրորդ, քաղաքագետի կարծիքով, Հայաստանը պետք է պահանջի Մինսկի խմբից, որ վերջինս Բաքվին ասի հետևյալը՝ եթե Բաքուն ձեռնամուխ է լինում հայերի դեմ պատերազմին, Մինսկի խմբի երեք պետությունների համանախագահներն ինքնաբերաբար կճանաչեն Արցախի Հանրապետություն անկախությունը:
Երրորդ կետը, Մինասյանի խոսքով, այն է, որ հայերի ֆիզիկական անվտանգությունն առաջնային է Հայաստանի համար: Նա նշեց, որ հայկական դիվանագիտությունը պետք է պահանջի պաշտպանել Պաշտպանության պատասխանատվության սկզբունքը (R2P) Արցախի խնդրի կարգավորման սկզբունքների պաշտոնական շրջանակում: