Բաժիններ՝

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղերի արդյունքները. Ովքե՞ր դուրս կգան հաջորդ փուլ

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղերն ավարտված են: Արդեն հայտնի են բոլոր հաշիվները, որտեղ, կարծես թե, անակնկալներ չկան:

Մինչ պատասխան հանդիպումները՝ առաջարկում ենք հասկանալ, թե որ ակումբներն ունեն մեծ հավանականություն հաջորդ փուլ դուրս գալու համար:

«Մանչեսթեր Սիթի»-«Բազել»

Սա մեկն է այն խաղերից, որտեղ պատասխան խաղը միայն ձևական բնույթ է կրում: «Քաղաքայինները» վստահորեն հաղթեցին առաջին խաղում՝ մրցակցի հարկի տակ խփելով 4 անպատասխան գնդակ: «Բազելը» խմբային փուլում ներկայացավ, որպես շատ ամուր ակումբ, սակայն մրցակիցը այժմ Եվրոպայում շատ հզոր անգլիական ակումբն էր: Տնային խաղում «Բազելը» ուներ գոլ խփելու մի քանի իրական հնարավորություն, սակայն ֆուտբոլիստները չօգտագործեցին դրանք: Երկրորդ խաղում սպասվում է «Սիթիի» հաղթանակը, սակայն «Բազելը» ևս կարող է գոլի հեղինակ դառնալ:

Հաջորդ փուլ դուրս գալու հավանականությունը՝ «Սիթի»՝ 99%, «Բազել»՝ 1%: 

«Յուվենթուս»-«Տոտենհեմ»

2:2 հաշիվը մրցակցի հարկի տակ անգլիացիներին հաջորդ փուլ դուրս գալու լավ հնարավորություն է տալիս: Բացի այդ, սա 1/8 եզրափակչի ամենաանկանխատեսելի զույգերից մեկն է: Պատասխան հանդիպումից կարելի է սպասել ինչ ասես, երկու կողմերն էլ պատրաստ են անակնկալ մատուցել: Մաուրիսիո Պաչետինոն այս մրցաշրջանում մեկ անգամ չէ, որ ապացուցել է, որ ուժեղ մրցակիցների հետ պատրաստ է մինչև վերջ պայքարել, իսկ Ալեգրին էլ լավագույնս գիտի, թե ինչպես մոտիվացնել իր ֆուտբոլիստներին:

Հաջորդ փուլ դուրս գալու հավանականությունը՝ «Յուվենթուս»՝ 40%, «Տոտենհեմ»՝ 60%: 

ՊՍԺ-«Ռեալ Մադրիդ»

ՊՍժ-ի համար սա կլինի տարվա գլխավոր հանդիպումը, քանի որ այս խաղից կախված է գրեթե ամեն ինչ՝ Նեյմարի և Էմերիի ապագայից՝ մինչև ամառային ռազմավարության վերանայումն ու նոր ֆուտբոլիստների ձեռքբերումը: Էմերին ասուլիսներից մեկի ժամանակ ակնկարկել է, որ իր թիմն անելու է ամեն ինչ իր մաքսիմալ կարողությունները այս խաղում ցուցադրելու համար:

Մադրիդյան ակումբի համար ևս այս խաղը չափազանց կարևոր է: Լա լիգայում չեմպիոն դառնալու հավանականություն գրեթե չկա, Գավաթի խաղարկության եզրափակչում ևս չենք գտնի մադրիդյան ակումբի անունը, մնում է Չեմպիոնների լիգան, որտեղ մադրիդցիները գերվստահ են հանդես գալիս:

Պատասխան հանդիպման համար ամենահավանական հաշիվներն են՝ 2:1, 1:1, 2:2, 3:2, սակայն սա այն խաղն է, որտեղ կարող են տեղի ունենալ անհավանական իրադարձություններ:

Հաջորդ փուլ դուրս գալու հավանականությունը՝ ՊՍժ՝ 30%, «Ռեալ»՝ 70%: 

«Պորտու»-«Լիվերպուլ»

«Պորտուի» մասին խոսելիս կարող ենք պատճենել «Բազելի» մասին նկարագրությունը, և կպատասխանենք բոլոր հարցերին: Մյուս կողմից, չպետք է մոռանանք, որ անգլիական ակումբը խփեց 5 գնդակ՝ 6 հարվածների արդյունքում, այնպես որ, պորտուգալական ակումբը կարող է անակնկալ մատուցել: Քամբեքը գրեթե անհավանական է, բայց պատասխան խաղում հաղթել պորտուգալացիները կարող են:

Հաջորդ փուլ դուրս գալու հավանականությունը՝ «Լիվերպուլ»՝ 99%, «Պորտու»՝ 1%: 

«Բավարիա»-«Բեշիկթաշ»

Այս դիմակայության առաջին խաղում ինտրիգը պահպանվեց 16 րոպե՝ մինչև Վիդիի հեռացումը: Որքան էլ թուրքական ակումբը լավ խաղ ցույց տար խմբային փուլում՝ ահեղ մյունխենցիների դեմ նրանք անզոր էին: Պատասխան խաղում, սակայն, թուրքերը կարող են համառել և գոլի հեղինակ դառնալ: Ամենահավանական հաշիվներն են ՝ 2:1 կամ 3:1:

Հաջորդ փուլ դուրս գալու հավանականությունը՝ «Բավարիա»՝ 99%, «Բեշիկթաշ»՝ 1%: 

«Չելսի»-«Բարսելոնա»

Սա տուրի ամենահետաքրքիր խաղն է՝ չնայած նրան, որ կատալոնացիներն ունեն ակնհայտ ֆավորիտի կարգավիճակ:

Լոնդոնյան ակումբն անցկացրեց հրաշալի հանդիպում: Թիմի ֆուտբոլիստները գրեթե ազատություն չէին տալիս կատալոնացիներին, ինչպես նաև չեզոքացրել էին Մեսսիին, ինչի արդյունքում Մեսսին կարողացավ 1 հարված իրականացնել: Լոնդոնցիները ոչ միայն կարողացան արժանիորեն պաշտպանվել, այլև առաջինը գոլ խփել: Սակայն հետո կատալոնացիներն արթնացան, և աշխատեց Ինիեստայի կախարդանքը:

Պատասխան խաղում սպասվում է նմանատիպ ֆուտբոլ: Ֆավորիտը, իհարկե, կատալոնացիներն են, սակայն լոնդոնցիները կարող են արժանի պատասխան տալ մրցակցին և ոչ մեկ գոլ խփել:

Հաջորդ փուլ դուրս գալու հավանականությունը՝ «Չելսի»՝ 30%, «Բարսելոնա»՝ 70%: 

«Շախտյոր»-«Ռոմա»

Սա ամենահետաքրքիր խաղերից մեկն էր՝ լի շատ պահերով և հյուրերի դարպասապահի տիեզերական խաղով: Երկու թիմերն էլ ցուցադրեցին հարձակման գծում շատ լավ խաղ՝ իրագործելով տնային պատրաստությունները:

Ուկրաինական ակումբը շատ լավ խաղաց, սակայն իտալացիները գոլ ունեն մրցակցի հարկի տակ:

Սա այն խաղն է, որտեղ հնարավորությունները հավասար են:

Հաջորդ փուլ դուրս գալու հավանականությունը՝ «Շախտյոր»՝ 50%, «Ռոմա»՝ 50%: 

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Սևիլիա»

Մանչեսթերյան ակումբը ցույց տվեց շատ անատամ խաղ և շատ մոտ էր ֆիասկոյին: Նորից շարունակվում է Պոգբայի և Մոուրինիոյի թեման, քանի որ Պոգբան այդպես էլ դուրս չեկավ դաշտ՝ տեղը զիջելով երիտասարդ ֆուտբոլիստին: Իսպանական ակումբը հրաշալի է խաղում սեփական հարկի տակ: Իսպանացիները մեկը մյուսի հետևից հրաշալի պահեր էին ստեղծում: Այս խաղից հետո մանչեսթերցիների դարպասապահ Դավիդ դե Խեայի արժեքը տրանսֆերային շուկայում պետք է բարձրանար մի քանի անգամ, քանի որ իսպանացին անհավանական խաղ ցուցադրեց:

Այնուամենայնիվ, կարծում ենք, որ Մոուրինիոյի թիմը փորձի շնորհիվ մի փոքր ավելի լավ հնարավորություններ ունի, սակայն, եթե իսպանացիները խաղան այնպես, ինչպես սեփական հարկի տակ, մանկունյանցիները շանսեր դժվար թե ունենան:

Հաջորդ փուլ դուրս գալու հավանականությունը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 60%, «Սևիլիա» 40%: 

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս