
«ԵՄ-ի երկրներին հարկ կլինի Brexit-ից հետո ավելացնել վճարումները հանրակցության բյուջեին». Յունկեր

Եվրամիության՝ առանց բացառության բոլոր երկրները հանրակցության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո ստիպված կլինեն ավելացնել վճարումները այդ միավորման բյուջեին:
Համապատասխան հայտարարությունը փետրվարի 23-ին արել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, որը ժամանել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին: «Եթե մենք չենք ցանկանում կրճատել ԵՄ-ի բոլոր ծրագրերը, առանց բացառության բոլոր պետություններին հարկ կլինի ավելի շատ վճարել»,-ասել է նա:
Փետրվարի 23-ին ավելի վաղ Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հայտարարել է, որ Brexit-ից հետո ԵՄ-ի բյուջեում միջոցների պակասը կհասնի դրա ներկայիս ծավալի 20 տոկոսին: Ընդ որում՝ նա չի պատասխանել այն հարցին, թե իր երկիրը, որն առայժմ Բրյուսելից ավելի շատ փող է ստանում, քան մուծում է ԵՄ-ի բյուջե, պատրաստ է արդյոք ավելացնել իր վճարումները:
Հաջորդ յոթնամյա ժամանակշրջանի (2021-2027 թթ.) համար ԵՄ-ի նոր հեռանկարային բյուջետային պլանի ձեւավորման հայեցակարգը կդառնա ներկայիս գագաթնաժողովի գլխավոր թեման: Քննարկումը չափազանց լարված է լինելու, քանի որ Brexit-ից հետո շատ երկրներ, որոնք եվրոպական փողերի զուտ ստացողներ էին, այժմ ստիպված կլինեն ավելի շատ մուծել բյուջե, քան վերցնել այնտեղից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: