«Այդ նախաձեռնությամբ իշխանությունները փորձում են զսպել քաղաքացիներին». Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացի միավորում» hասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանն այսօր «Հոդված 3» ակումբում կազմակերպված «Պատասխանատվության քրեականացում. ահաբեկչության քարոզի կանխարգելո՞ւմ, թե՞ մահակ ընդդիմախոսների գլխին» թեմայով քննարկման ժամանակ ասաց, որ այդ նախաձեռնությամբ իշխանությունները փորձում են զսպել քաղաքացիներին.
«Սա խոսում է իշխանությունների կողմից իրավիճակի գնահատման մասին։ Հայաստանում հետևողականորեն ընտրությունների, ժողովրդավարության թուլացման արդյունքում իշխանությունները կանխատեսում են, որ քաղաքացիները կարող են դիմել ավելի ագրեսիվ քայլերի, որոնք կարող են ունենալ հանրային սատարում, ինչը տեղի ունեցավ 1.5 տարի առաջ։ Ես բնավ չեմ ասում, որ ահաբեկչությունը պետք է քարոզվի, աջակցվի, բնականաբար, ոչ, ահաբեկչության քարոզը պետք է լինի քրեորեն հետապնդելի արարք։
Եթե տեղի է ունենում ինչ-որ գործողություն, որը ահաբեկչություն է, և իրավապաշտպանները սկսում են խոսել ահաբեկչության մեջ մեղադրվող մարդկանց իրավունքների մասին, ասում են՝ այս մարդկանց դատարանում բռնության են ենթարկում, նրանց չպետք է ենթարկել պատժի։ Այսինքն՝ պետք են այս դրույթների չարաշահման անհնարինությունն ապահովող դրույթներ»։
Իոաննիսյանի խոսքով՝ եթե մարդկանց պահանջը խաղաղասիրական բնույթի է, հանդիսանում է պահանջ, որ իրավիճակն ունենա խաղաղ լուծում, ապա պետք են երաշխիքներ, որ ՔՕ այս հոդվածն իրենց դեմ չկիրառվի. «Անգամ ահաբեկիչների հետ խաղաղ լուծում գտնելու կոչը խաղաղասիրական կոչ է, ահաբեկչության սատարում չէ, բայց իրավապահների համար դժվար չի լինի դա որակել՝ որպես ահաբեկչության սատարում, և քրեական հետապնդում սկսել»։
Նրա դիտարկմամբ՝ միջազգային ահաբեկչության հետ կապված էլ կարող է խնդիր ծագել. «Տարբեր խմբավորումներ տարբեր երկրների համար են ահաբեկիչ։ Հիմա, եթե Սիրիայում գործող քրդական խմբավորումները Թուրքիան համարում է ահաբեկչական, իսկ ես հայտարարեմ, որ սատարում եմ նրանց գործողությունները, ես պետք է քրեական պատասխանատվության ենթարկվե՞մ։ Այս ձևակերպումը լուրջ վերանայման կարիք ունի»։
ՀՀ փաստաբանների պալատի իրավական հարցերով փորձագետ Արտաշես Խալաթյանն էլ նկատեց, որ կարևորն այն հոդվածներն են, որոնք վերաբերում են ներքին ահաբեկչական սպառնալիքներին. «Ինչ վերաբերում է միջազգային ահաբեկչությանը, չեմ կարծում, որ կարող է խնդիր լինել, որովհետև հանրային պահանջարկ չկա»։