«Երբ 1-2 ապրանքատեսակ ենք վերցնում և դրա վրա դատողություն անում ընդհանուր գնաճային ֆոնի մասին, դա ճիշտ չէ». Վարդան Արամյան

Հարցազրույց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հետ

Պարոն Արամյան, փետրվարի 16-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրված, օրակարգում գնաճի ու հարկային նախկին դրույքաչափերին վերադառնալու թեմաներն են։ Որպես քաղաքականություն մշակող կառույց՝ Ֆինանսների նախարարությունը հնարավոր համարո՞ւմ է՝ վերադառնալ նախկին դրույքաչափերին։

– Ներկա պահին ես դա հնարավոր չեմ համարում, որովհետև նախքան Հարկային օրենսգիրքը կյանքի կոչելը մենք կատարել ենք բավականին լայնածավալ աշխատանք, այդ թվում նաև՝ գնահատելով իր գնաճային ազդեցությունը։ Մի քանի անգամ հնչեցրել ենք, որ ակցիզային հարկերի դրույքի բարձրացման առումով գնաճի վրա ազդեցությունը գնահատում ենք 0.5 տոկոսային կետ։ Ընդ որում՝ մենք ունենք բավականին  համեստ գնաճային ֆոն, բայց եթե վերցնում եք 1-2 ապրանքային շուկա, կարող է գնաճը բարձր լինել։

Վերցնենք առաջին անհրաժեշտության ապրանքները, օրինակ՝ կարագ, միս։

Կարդացեք նաև

– Իսկ ժամանակին եղել է, որ նույն ձևով ասել ենք, որ հացամթերքը, կոմունալ ոլորտին վերաբերող ծառայությունները (գազ, լույս, ջուր) նույնպես առաջին անհրաժեշտության ապրանք են։ Այստեղ վիճելու թեմա կա։ Երբ 1-2 ապրանքատեսակ ենք վերցնում և դրա վրա դատողություն անում ընդհանուր գնաճային ֆոնի մասին, դա ճիշտ չէ։ Այո, երբ գնաճը բարձրանում է, չեք կարող գտնել մի սպառող, որը հիացած լինի գների բարձրացումից։ Ես՝ որպես սպառող, երբ տեսնում եմ՝ պերմանենտ սպառվող մի ապրանք նույնիսկ ընդամենը 10-20 դրամ է թանկացել, ինձ մոտ դիսկոմֆորտ է առաջանում։ Եվ դա բոլորի մոտ է ամբողջ աշխարհում։ Բայց հիմա արդյոք կառավարությունը պե՞տք է այդպիսի քայլ անի ու ասի՝ գնաճը պետք է լինի 0%։ Դա խիստ վտանգավոր է, գնաճը չի կարող լինել 0, եթե նույնիսկ 0 ենք պահում, նշանակում է՝ տուգանում ենք տնտեսական աճը։

Պատահական և ինքնանպատակ չէ, որ Կենտրոնական բանկը թիրախ է վերցրել 4՞1.5%-ը, որպեսզի հանկարծ չստեղծի անկայունություն և տնտեսական երկարաժամկետ աճին չվնասի։ Հակառակ դեպքում կարող էր թիրախավորել 10% կամ 0%։ Աշխարհում չեք գտնի որևէ Կենտրոնական բանկ, որ թիրախավորի 3% կամ 4 %։ Եվ ինչո՞ւ որևէ երկրում չի թիրախավորվում առաջին անհրաժեշտության ապրանքների գների մակարդակը։ Դրա համար կան շուկայական գործիքներ։

Ի՞նչ պետք է անել. առաջինը՝ շուկայավարման կանոնները, մուտքի խոչընդոտները, արդար գնագոյացումը միշտ պետք է լինեն դիտակետում։ Եթե կան առաջարկից եկող գործոններ, որոնք տնտեսվարողի վրա անխուսափելի բեռ են առաջացնում, և նա ճշգրտում է իր վարքագիծը, դրան հակազդելը պահանջարկի գործոններով խիստ վտանգավոր է, դա տնտեսական աճը տուգանել է։ Դրա համար ավելի ճիշտ է՝ խոսել սոցիալապես անապահովների մասին, և ոչ թե՝ ամբողջ բնակչության։ Սոցիալական խնդիրները եղել և մնում են մեր դիտակետում։ Լուծման եղանակը պարզ է՝ թոշակների և նվազագույն աշխատավարձի բարձրացում։

Եվ քանի որ Ձեր նշած թոշակների և նվազագույն աշխատավարձի բարձրացումը չկա, սոցիալական անարդարության զգացումն ավելի է ուժեղացել հանրության մոտ։

– Բայց արդյո՞ք այդ դեպքում, երբ մենք ունեինք դեֆլյացիա, պետք է ասեինք՝ դե, բերեք, գումարները հետ տվեք։ Դրա համար սովորաբար զարգացող երկրները չեն նայում ինդեքսացիային, այլ նայում են աղքատության գիծ և նայում են այն գործիքակազմը, որ իրենք ունեն սոցիալապես անապահովներին թիրախավորելու համար։ Մենք գնալու ենք սրան, ընդ որում՝ 2 ուղիով՝ հասցեականության բարձրացման, այսինքն՝ բարեփոխում անելով, որպեսզի եղած ռեսուրսները սխալմամբ չստանան ոչ անապահովները, այլ իդենտիֆիկացնել, այդ գումարները կուտակել և ուղղել իրավամբ թոշակառուին, իրավամբ սոցիալապես անապահովին, իրավամբ հաշմանդամություն ունեցողին։ Սա է ճիշտ քաղաքականությունը, որով մենք պետք է գնանք առաջ։ Հակառակ դեպքում մենք խնդիր ենք ունենալու։

Աշխատավարձի եկամտային հարկի փոփոխությունների արդյունքում թեթևացվեց ցածր աշխատավարձ ստացողների հարկային բեռը, սակայն թեթևացվեց նաև բարձր աշխատավարձ ստացողներինը, իսկ միջին աշխատավարձի դեպքում բեռը ծանրացվեց, մասնավորապես՝ ՀՕ ուժի մեջ մտնելուց հետո 150 000-2 000 000 դրամ եկամտի նկատմամբ եկամտային հարկը 28 % է՝ նախկին 26 % փոխարեն։ Ինչո՞ւ չավելացվեց բարձր աշխատավարձ ստացողների հարկումը, ինչո՞ւ շեշտը չի դրվում ապահովներին ավելի հարկելու վրա։

– Մի կողմից՝ խոսում ենք բարձր աշխատավարձ ստացողների հարկումն ավելացնելու մասին, մյուս կողմից՝ ՏՏ ոլորտը դժգոհում է, որ իր ոլորտի համար այդ հարկումը հարաբերականորեն ավելի բարձր է, քանի որ այլ ծախսեր չկան։ Երկրորդ՝ տեսակետ կա, որ նախկինում 2 մլն դրամից ավելի աշխատավարձից գանձվող 36% հարկն իր նպատակին չի ծառայել, քանի որ մարդիկ բերում էին այդ գումարները, որպես շահույթ էին ձևակերպում և վճարում 20% հարկ, հետո որպես դիվիդենտ՝ տալիս էին այդ մարդկանց։ Այսինքն՝ պետք է նայել համադրելի համակարգերը, թե ինչպես են դրանք աշխատում։ Երրորդ՝ նախկին համակարգը պրոգրեսիվություն գրեթե չուներ, որովհետև բոլորը նույն հարկով հարկվում էին։ Մենք փորձել ենք որոշակի պրոգրեսիվություն մտցնել։ Ակնհայտ է, որ բյուջեն բալանսավորելու և էական կորուստներ չունենալու համար պետք է հասարակության տարբեր անդամների մոտ վերաբաշխումներ կատարվեն։

Այդ նպատակով մենք մինչև 273 հազար դրամ ստացողներին, որոնք ընդհանուր եկամտային հարկ վճարողների 80-90%-ն են կազմում, նրանց հիմնականում դրել ենք ավելի լավ իրավիճակի մեջ։ Իհարկե, մեկ այլ տեղից այդ ճեղքը պետք է փակենք, եթե դա էլ թողնեինք, մի քանի անգամ ասել ենք, որ ճեղքը շատ ավելի մեծ էր լինելու։ Իսկ այդ պարագայում պետք է գնայինք ավելի կոշտ քայլերի, որպեսզի ակցիզային հարկն է՛լ ավելի բարձրացնեինք։ Մեզ քննադատում են, որ ակցիզային հարկը բարձրացրել ենք, բայց ՀՕ-ում թուլացումներ կային, որ պետք է ակցիզային հարկը փոխհատուցեր, որովհետև դու չես կարող անընդհատ գնալ թուլացումների և ճեղքերը մեծացնել։ Բյուջեն չի սիրում արկածախնդրություն։ Ես ունեմ պարտավորություններ, որ գրված են թղթի վրա, և դրանք պետք է կատարել անվերապահորեն։ Իրականում մենք 1997-99 թթ. ունեցել ենք նման իրավիճակ, երբ թղթի վրա գրված աշխատավարձ ու թոշակ կար, բայց դրանք չէին կարողանում վճարել, մարդիկ աշխատում էին, բայց աշխատավարձ չէին ստանում։

Բայց հիմա մեր երկրում փաստացի հարուստներն ավելի են հարստանում, աղքատներն էլ՝ աղքատանում։ Այսինքն՝ սոցիալական քաղաքականությունը, ըստ էության, արդար չի, և հարկային հիմնական բեռը դրվում է միջին խավի օրինապահ քաղաքացիների վրա։

– Սոցիալական ու հարկային քաղաքականությունները լրիվ տարբեր բաներ են։

Փոխկապակցված են։

– Հարկային քաղաքականության միջոցով ես պետք է եկամուտների վերաբաշխում կատարեմ։ Հիմա ավելի բարձր եկամուտ ունեցող անձինք սպառման միջոցով ավելի շատ հարկ պետք է տան։ Բայց մեզ քննադատում են, թե՝ նման բան մի արեք։ Լավ։ Այդ դեպքում կարելի է գնալ այլ տարբերակի՝ աշխատավարձերը չենք բարձրացնում, որովհետև աղբյուր չունենք, և պետք է համակերպվենք, որ այդպես էլ շարունակվելու է։ Բայց ասում են՝ ոչ, պետք է բարձրացնել, որովհետև սոցիալապես անապահովները խոցվում են։

Ընդունելի է, բայց արդյո՞ք կարելի է պարտք վերցնել և ընթացիկ ծախս ֆինանսավորել։ Ոչ, չի կարելի։ Այդ դեպքում ինչպե՞ս լուծենք սոցիալապես անապահովների հարցը։ Ո՞րն է գործիքը։ Մենք կարծում ենք՝ գործիքներից մեկը սպառման միջոցով հարկումն է, գույքահարկը երկրորդ գործիքն է, որի վրա աշխատում ենք։ Մենք մտածում ենք, որ ապագայում եկամտահարկն ու շահութահարկը նվազեցնենք, կգնանք դրան, բայց առանց վտանգելու բյուջետային կայունությունը։ Չենք կարող արկածախնդրորեն մոտենալ, պետք է հստակ հաշվարկենք։ Սա է ճիշտ մոտեցումը։

Տեսանյութեր

Լրահոս