Հետապրիլյան փակուղին շարունակվելու է անորոշ ժամկետով

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ավարտելով այցը տարածաշրջան՝ հանդես եկան հայտարարությամբ: Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շեֆերը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ միասին, փետրվարի 7-ին Բաքվում հանդիպել են նախագահ Իլհամ Ալիևի հետ, իսկ փետրվարի 9-ին Երևանում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Երկու մայրաքաղաքներում նրանք նաև խորհրդակցություններ են անցկացրել արտաքին գործերի նախարարների հետ:

«Համանախագահները դե ֆակտո իշխանությունների հետ հանդիպելու նպատակով 9-11-ը նաև այցելել են Լեռնային Ղարաբաղ: Նրանք այցելել են Կովսական, Սանասար, Ակնա, Բերձոր և Քարվաճառ: Համանախագահներն ընդգծել են 2017 թվականի հոկտեմբերին Ժնևի, ինչպես նաև՝ նախորդ գագաթաժողովների, մասնավորապես՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, ընթացքում կողմերի ստանձնած բոլոր պարտավորությունների բարեխղճորեն կատարման կարևորությունը»,- նշվում է հայտարարության մեջ:

Միջնորդները խորը մտահոգություն են հայտնել շփման գծում վերջին զոհի կապակցությամբ և կոչ արել կողմերին՝ լրացուցիչ քայլեր ձեռնարկել լարվածության նվազեցման և հրադադարի պահպանման համար, ինչպես համաձայնեցվել էր Ժնևում:

Միջնորդները նաև կոչ են արել կողմերին՝ ձեռնպահ մնալ բորբոքային հայտարարություններից և սադրիչ գործողություններից: «Համանախագահները կրկին հայտարարում են Հելսինկյան ակտի հիմնական սկզբունքների հիման վրա, ներառյալ՝ ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը և ազգերի ինքնորոշման հավասար իրավունքները, հակամարտության խաղաղ լուծում գտնելու համար կողմերին օգնելու իրենց պատրաստակամության մասին: Համանախագահները ողջունել են կողմերի՝ ինտենսիվ բանակցությունները շարունակելու մտադրությունը՝ հաշվի առնելով ներկայիս ընտրական շրջանը»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի նախագահը «Ենի Ազերբաջան» կուսակցության համագումարում հայտարարել էր, թե «Երևանն ու Զանգեզուրն ադրբեջանցիների պատմական հողերն են»: Դիմելով ադրբեջանցի երիտասարդներին՝ նա ասել էր, թե «չի կարելի մոռանալ պատմական հողերի մասին»:

«Դա պետք է դառնա մեր ապագա գործունեության ուղղությունը, ինչպես և այժմ, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Մեր պատմական հողերն են Երևանի խանությունն ու Զանգեզուր-Գյոյչան»,- ասել է նա: Նաև հավելել է, որ ապագայում հարկավոր է ավելի ակտիվ լինել այդ հարցում և այդ թեմայով ցուցահանդեսներ ու շնորհանդեսներ անցկացնել աշխարհի տարբեր վայրերում: «Որովհետև Երևանն ու Զանգեզուրը մեր պատմական հողերն են, և ադրբեջանցիները պետք է վերադառնան այդ հողեր: Դա է մեր քաղաքական և ռազմավարական նպատակը, և մենք պետք է փուլ առ փուլ մոտենանք այդ նպատակին»,- ասել էր Ալիևն այն ժամանակ, երբ համանախագահները դեռ Բաքվում էին:

«168 Ժամի» հետ զրույցում գերմանացի կովկասագետ Ուվե Հալբախն ասաց, որ համանախագահների տարածած հաղորդագրությունը բավականին հեշտ «ընթեռնելի» է: Ըստ նրա՝ այն ամբողջությամբ արտահայտում է ներկայումս կողմերում տիրող տրամադրությունները, քաղաքական իրավիճակը, դրությունը շփման գծում, բանակցությունների հրամայականը:

«Ես կարծում եմ, որ որոշ դրական նոտա կա այս հաղորդագրությունում, քանի որ համանախագահները խոսում են զոհի մասին, իրավիճակի մասին շփման գծում, սպառնալիք պարունակող հայտարարությունները դադարեցնելու մասին և ընտրական շրջանի մասին:

Իհարկե, հայտարարությունը հասցեական չէր, որը շատերը քննադատում են, իսկ շատերն էլ ռացիոնալ բանակցային գործընթաց են որակում, այնուամենայնիվ, ես այս մոտեցումը դրական եմ գնահատում, քանի որ նույնիսկ այսպես հասցեատերերն ուղերձի ուղղությունը կընկալեն, այլ հարց է, որ այն հաշվի չի առնվի, ինչպես մյուս բոլոր հորդորները, որոնք անում են համանախագահները:

Այստեղ կարևոր եմ համարում նաև այն հանգամանքը, որ համանախագահները նշում են ընտրական գործընթացի մասին, ակնհայտորեն Ադրբեջանի հայտարարած նորությունը լիովին փոխեց համանախագահների տարածաշրջանային այցի բովանդակությունը, այն կախեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցը, որը պետք է հենց այս այցի ընթացքում հստակեցվեր, ստեղծվեց մի իրավիճակ, որին Մինսկի խումբը ստիպված եղավ արձագանքել, դա շփման գծում լարվածությունն էր, Ալիևի ռազմատենչ հայտարարությունները և ընտրությունների մասին տեղեկությունը:

Մինչ ընտրական գործընթացների ավարտը համանախագահները որևէ հաջողություն բանակցություններում չեն ակնկալում, և դա ճիշտ մոտեցում է, որովհետև նախընտրական քարոզարշավը դեռ չի սկսվել, բայց Ադրբեջանն արդեն Ժնևի պայմանավորվածություններից հրաժարվելու պատճառ ունեցավ»,- նման տեսակետ հայտնեց գերմանացի կովկասագետը:

Նրա կարծիքով՝ համանախագահներն այլ անելիք չունեն, քան սպասելը, քանի որ չեն կարող հասցեական հայտարարություններ անել, չեն կարող կողմերին պարտադրել ներքաղաքական փոփոխությունների շեմին ակտիվ բանակցություններ վարել:

«Այսօր փակուղային իրավիճակ է ստեղծվել բանակցություններում, չեմ բացառում, որ իրավիճակն էլ ավելի վտանգավոր դառնա, երբ Ադրբեջանում նախագահ ընտրվի, և նրան կանգնեցնեն իր նախանշած ծրագրերն իրականացնելու հարցի առջև, Ալիևը պետք է փորձի ինչ-որ կերպ բավարարել սեփական հասարակության ցանկությունները, որոնք ինքն է ձևավորել»,- ասաց Հալբախը:

Ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովի խոսքով՝ Ղարաբաղյան շրջապտույտը շարունակվում է:

«Այլևս դժվար է ինչ-որ բան մեկնաբանել, քանի որ ոչինչ չի կատարվում, ամենավտանգավորը, փաստորեն, հենց դա է: Երբ կա հակամարտություն, չլուծված խնդիրներ, և ոչինչ չի կատարվում այդ ամենի շուրջ, այն պայթում է:

Պետք է հասկանալ նաև դիվանագետներին, երկար հանդիպումներից հետո ձեռք են բերվում պայմանավորվածություններ, որից հետո կողմերից մեկը որոշում է արմատապես փոխել իր դիրքորոշումը, սկսում է այլ շեշտադրումներ անել, ինչպես Երևանը գրավելն է, ինչպես անակնկալ ընտրություններն են, դժվար է այս իրավիճակում անընդհատ արդյունք արձանագրել, դա գրեթե անհնար է:

Համանախագահների խնդիրը բարդ է` կողմերի հետ պահպանել լավ հարաբերություններ, ունենալ նրանց մոտ հեղինակություն, չվատթարացնել այդ հարաբերություններն այս կամ այն իրավիճակի պատճառով, բանակցել հարցեր, որոնք հետո կարող են անհայտանալ պարզապես բանակցությունների օրակարգից կողմերից մեկի քմահաճույքի պատճառով, մի քանի ամիս անց պետք է սկսվի նույն գործընթացը:

Ապրիլյան պատերազմից հետո, փաստորեն, կողմերը կանգնած են նույն տեղում, մինչ այդ ևս նույն տեղում էին կանգնած, ինչ դրա նախորդ ժամանակահատվածում: Տարբերությունները նախաապրիլյան և հետապրիլյան իրավիճակն է, որը ցույց տվեց, որ պատերազմ հնարավոր է, որ անիմաստ թվացող հայտարարությունները մի օր կարող են իրականություն լինել: Դրան համարժեք ելք է պետք գտնել, բայց խնդիրը կողմերինն է, ոչ թե համանախագահներինը, քանի որ որպես միջնորդ՝ նրանք անում են հնարավորն ու անհնարը»,- ասաց Լուկիանովը:

Նրա համոզմամբ՝ հետապրիլյան փակուղին շարունակվելու է անորոշ ժամկետով, և դա ամենևին էլ կախված չէ ընտրություններից: «Եթե կողմերն ունենան քաղաքական կամք, որոշումներ կարող են լինել ցանկացած պահի»,- նկատեց նա:

Տեսանյութեր

Լրահոս