«Ցավոք, Մեքսիկայում հայերի մասին իրազեկվածության մակարդակն այնքան էլ բարձր չէ». դեսպան
Այս տարի Մեքսիկան Հայաստանում նոր դեսպան ունի: «Արմենպրես»-ը զրուցել է նորանշանակ դեսպան Նորմա Բերտա Պենսադո Մորենոյի հետ հայ-մեքսիկական հարաբերությունների, տնտեսական կապերի ակտիվացման, որպես դեսպան նրա պաշտոնավարման առաջնահերթությունների մասին:
–Տիկին Մորենո, հավանաբար, առաջին անգամ եք Հայաստանում: Կխնդրեի՝ մի փոքր խոսեիք առաջին տպավորությունների մասին:
– Առաջին տպավորություններս բավականին դրական են: Երեւանը գեղեցիկ քաղաք է՝ հոյակապ շենքերով: Եղանակը շատ լավն է, հաճելի է, որ օրերը հիմնականում արեւոտ են: Մարդիկ նույնպես ինձ շատ են դուր եկել: Ես զգում եմ, որ նրանք շատ հատկություններով նման են մեքսիկացիներին:
–Իսկ մինչեւ դեսպանի պաշտոնում նշանակվելը, Հայաստան այցելելը, ի՞նչ գիտեիք երկրի մասին:
-Գիտեմ, որ Հայաստանը հարուստ պատմություն ունեցող երկիր է, եւ կարծում եմ՝ այս առումով մեր երկու երկրներն ընդհանուր գծեր ունեն, քանի որ մենք նույնպես դարավոր պատմություն ունենք, մշակույթ: Հայաստանը նաեւ հայտնի է որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիր, գինեգործության հայրենիք դեռեւս հազարավոր տարիներ առաջ, հայտնի է նաեւ հայկական խոհանոցը: Իհարկե, երբ պատրաստվում էի դեսպան նշանակվել, ես մանրամասն ուսումնասիրել եմ Հայաստանի, հայ-մեքսիկական հարաբերությունների պատմությունը: Կարող եմ ասել, որ մենք ունենք ընդհանուր շահեր եւ արժեքներ:
-Որպես նորանշանակ դեսպան՝ ի՞նչ առաջնահերթությունների հիման վրա եք կառուցելու Ձեր հետագա աշխատանքը:
-Ես, նախեւառաջ, կցանկանամ աշխատել իմ հայ գործընկերների հետ, քանի որ, ըստ իս, դեսպանի համար շատ կարեւոր է, որ նա մեկուսացված չգործի. մենք պետք է մշտապես աշխատենք մեր գործընկերների հետ:
Եվ այդ իմաստով իմ այս այցը շատ առարկայական էր, քանի որ եղել եմ տարբեր կառույցներում, հանդիպել տարբեր մարդկանց հետ, հիմա արդեն որոշակի կապեր ունենք եւ պետք է սկսենք միմյանց հետ աշխատել: Մեր երկկողմ հարաբերությունները ավանդաբար լավ մակարդակ են ունեցել, բայց, օրինակ, մեր տնտեսական, առեւտրային ցուցանիշները ցածր են, սակայն, կարծում եմ, մեծ ներուժ կա այդ ոլորտում: Ես մեծ ջանքեր եմ գործադրելու՝ փորձելով առաջ տանել հարաբերությունների այս հատվածը:
Իհարկե, համագործակցության համար հետաքրքիր ոլորտներից է նաեւ մշակույթը, կրթությունը, գիտությունը: Ես եղել եմ Երեւանի պետական համալսարանում, Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատում:
Սա հնարավորություն էր տեսնելու հստակ ուղղություններ, որոնցով մենք պետք է սկսենք աշխատել: Պետհամալսարանում մենք խոսեցինք կենսաբանության, ֆիզիկայի ոլորտում համագործակցության հնարավորության մասին: Մեքսիկայի Ազգային ինքնավար համալսարանի նախկին ղեկավար, կենսաբան Խոսե Սարուխանը, ով ազգությամբ հայ է, նախորդ տարի առաջարկեց աշխատել այդ ուղղությամբ:
Ինչ վերաբերում է ֆիզիկային, արդեն իսկ կա որոշակի համագործակցություն Երեւանի եւ Գվադալախարայի համալսարանների միջեւ, այսինքն՝ մենք հիմք ունենք, զրոյից չենք սկսում: Խոսել ենք նաեւ հնարավոր համագործակցության մասին իսպաներենի դասավանդման հարցում: Ես իսկապես տպավորված էի՝ իմանալով, որ համալսարանում իսպաներենի բաժին կա, որ այն դասավանդվում է ոչ միայն որպես երկրորդ, այլեւ որպես առաջին լեզու:
Մենք կփորձենք գտնել հնարավորություններ համալսարանին դասախոսներով աջակցելու հարցում, օրինակ՝ Մեքսիկայից մի պրոֆեսորի գործուղելով Հայաստան: Առեւտրաարդյունաբերական պալատի հետ քննարկել ենք հատուկ սեկտորներում համագործակցություն սկսելու հնարավորություններին առնչվող հարցեր: Համաձայնեցրել ենք, որ առաջիկա ամիսներին Մեքսիկա կայցելի բիզնես պատվիրակություն, եւ նրանք կսկսեն աշխատել Մեքսիկայի գործարար համայնքի ներկայացուցիչներին ճանաչելու, կապեր հաստատելու ուղղությամբ: Մենք փորձելու ենք օգնել նրանց եւ գտնել համապատասխան գործընկերներ:
-Տիկին Մորենո, ըստ Ձեզ՝ ի՞նչը կարող է գրավել մեքսիկացի ներդրողին արտերկրում, մասնավորապես՝ Հայաստանում, այսինքն՝ ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ համապատասխան ներդրումներ կատարելու համար:
-Որպեսզի օգնենք գործարար սեկտորին, առաջ տանենք տնտեսական հարաբերությունները, պետք է գործարար համայնքները միասին աշխատեն, իսկ կառավարությունները եւ դեսպանությունները կարող են նրանց օգնել հանդիպել, բայց մենք չենք կարող նրանց փոխարեն բիզնես անել, դա հենց այդ համայնքի ներկայացուցիչների, ընկերությունների աշխատանքն է: Այս ամենի համար մեզ անհրաժեշտ է Հայաստանի բիզնես համայնքի օգնությունը, որպեսզի հստակեցնենք հատուկ ուղղություններ:
Օրինակ՝ պարզեցինք, որ Հայաստանի կողմից հետաքրքրություն կա դեղագործության ոլորտում ներդրումներ բերելու հարցում, մենք դա ներկայացնելու ենք մեր գործարար համայնքի ներկայացուցիչներին՝ տեսնելու՝ արդյոք կա՞ ներդրումների հնարավորություն այդ ոլորտում: Կարծում եմ՝ այս փուլում ամենակարեւորն այն է, որ գործարար համայնքները միմյանց հետ հանդիպեն, քանի որ հավատացած եմ՝ պատճառներից մեկը, թե ինչու են ցածր մեր տնտեսական ցուցանիշները, այն է, որ երկու կողմերից այս ոլորտի ներկայացուցիչները միմյանց լավ չգիտեն: Մենք պետք է կատարենք առաջին քայլը:
-Տիկին Մորենո, 7 տարի առաջ Մեխիկոյում բացվեց Հիշողության և հանդուրժողականության թանգարան, որի 7 բաժիններից մեկը նվիրված է Հայոց ցեղասպանության պատմությանը: Ի՞նչ կարող եք ասել Ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին, ընդհանրապես, Մեքսիկայում հայ ժողովրդի, նրա պատմության մասին իրազեկվածության վերաբերյալ:
-Ցավոք, ընդհանուր առմամբ, Մեքսիկայում հայերի մասին իրազեկվածության մակարդակն այնքան էլ բարձր չէ, քանի որ, միգուցե, հենց աշխարհագրական առումով երկրները հեռու են իրարից: Մեր կառավարությունը հարգում է խոսքի ազատությունը, արտահայտվելու իրավունքը, եւ փաստը, որ այդ թանգարանը կա, հենց դրա դրսեւորումներից է: Սակայն ինչ վերաբերում է Մեքսիկայի դիրքորոշմանը այն իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել 1915 թվականին, այն միշտ շատ հստակ է եղել: Կառավարությունը խորապես ցավում է այդ դեպքերի համար: Մենք հույս ունենք, որ երկու երկրների միջեւ հակամարտությունը խաղաղ հանգուցալուծում կստանա՝ երկխոսության ճանապարհով, եւ հուսով ենք, որ նման բան այլեւս երբեք տեղի չի ունենա աշխարհի որեւէ հատվածում:
-Անդրադառնանք Մեքսիկայի հայ համայնքին: Ի՞նչ կարող եք ասել Ձեր երկրում ապրող հայերի մասին, հիմնականում ո՞ր ոլորտներում են նրանք գործունեություն իրականացնում:
-Հայ համայնքը Մեքսիկայում այնքան էլ մեծ չէ: Թվերը, իհարկե, փոփոխական են, սակայն կարող եմ ասել, որ նրանց շրջանում բավականին ականավոր դեմքեր կան, ինչպես օրինակ՝ նշեցի, Խոսե Սարուխանը եղել է Մեքսիկայի ամենակարեւոր համալսարաններից մեկի ղեկավարը: Նրա որդին դիվանագետ է, եղել է Մեքսիկայի դեսպանը Ամերիկայում: Նրանք այնպիսի մարդիկ են, ովքեր մեծ հարգանք են վայելում:
-Տիկին Մորենո, առաջիկայում նախատեսվո՞ւմ են բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելություններ:
-Կարծում եմ՝ այս տարի մի փոքր դժվար կլինի, քանի որ հուլիս ամսին Մեքսիկայում նախագահական ընտրություններ են անցկացվելու: Աննախադեպ ընտրական գործընթաց է սպասվում. փոխվելու են նախագահը, Կոնգրեսը, 9 նահանգապետ: 32 նահանգներից 30-ում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու: Նախատեսվում է 88 մլն քաղաքացիների մասնակցություն:
Հարցազրույցը վարեց Սյուզի Մուրադյանը