«Ալիևի որոշումը ներքաղաքական նպատակ ունի». Սկակով
«Եթե Ղարաբաղյան բանակցություններում առաջընթաց լիներ, կարելի կլիներ ենթադրել, որ հակամարտող կողմերը փորձում են հանուն հակամարտության կարգավորման «համաձայնեցնել ժամացույցի սլաքները»»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով Ադրբեջանում անցկացվելիք վաղաժամ նախագահական ընտրությունների փաստին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում ապրիլի 11-ին կկայանան արտահերթ նախագահական ընտրություններ: Այդ մասին ասված է երկրի ղեկավարի կայքում տեղադրված փաստաթղթում: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի ստորագրել է արտահերթ նախագահական ընտրություններ հայտարարելու մասին հրամանագիր, որոնք կանցկացվեն 2018 թվականի ապրիլի 11-ին»,- ասված է հրամանագրի տեքստում: Հրամանագրի համաձայն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հանձնարարվել է կազմակերպել արտահերթ նախագահական ընտրություններն Ընտրական օրենսգրքի համաձայն: Ադրբեջանում նախագահական հերթական ընտրությունները պետք է կայանային 2018 թվականի հոկտեմբերի 17-ին:
Խոսելով հնչող տեսակետների մասին, թե պատահական չէ Հայաստանի և Ադրբեջանի ներքաղաքական զարգացումների համընկնումը, Սկակովն ասաց, որ զարգացումների միջև առանձնապես կապ չի տեսնում:
Նրա խոսքով՝ Ալիևի նպատակն ադրբեջանական քաղաքական դաշտն անակնկալի բերելն էր, որպեսզի քաղաքական ուժերը, որոնք խոստացել էին պայքարել հանուն նախագահական պաշտոնի, ինչն այդ երկրում գրեթե անիմաստ է, ժամանակ և ռեսուրս չունենան պատրաստվելու, ինչն էլ տեղի է ունենում: Թեև, ըստ նրա, Ալիևի այս որոշումը շատերի համար կանխատեսելի էր, քաղաքական ուժերը պատրաստվում էին ընտրությունների հոկտեմբեր ամսին, և ոչ՝ ապրիլ: Քաղաքագետի որակմամբ՝ ժամեկտների միջև տարբերությունը քարոզարշավի համար էական է:
«Նախապես որոշված ժամկետից ամիսներ առաջ բոլոր ուժերը պետք է շտապ սկսեն նախապատրաստական աշխատանքները՝ չհասցնելով արշավը կազմակերպել այնպես, ինչպես ցանկանում են, իսկ որոշ ընդդիմադիր ուժեր ցանկանում էին լավ քարոզարշավ կազմակերպել, թեև նրանց հաջողության հնարավորություն ես չեմ տեսնում այդ ռեժիմի պարագայում: Այնպես որ, կարծում եմ, որ այս տեղափոխության նպատակը բացառապես ներքաղաքական է»,- ասաց Սկակովը: Նրա խոսքով՝ եթե Ղարաբաղյան բանակցություններում առաջընթաց լիներ, կարելի կլիներ ենթադրել, որ հակամարտող կողմերը փորձում են հանուն հակամարտության կարգավորման «համաձայնեցնել ժամացույցի սլաքները»: «Բայց այդ ուղղությամբ առաջընթաց չկա, այնպես որ, ես արտաքին պատճառ չեմ տեսնում»,- ասաց նա: