Բաժիններ՝

«Հենց այնպես թողնել-գնալն էլ մի բան չէ. պարտավորությունները պետք է կատարեն». Կարինե Դանիելյանը՝ Թեղուտի աշխատանքների դադարեցման մասին

Ինչպես հայտնի է, «Վալլեքս» խմբի ընկերությունները հայտնել են, որ «Թեղուտ» ՓԲ ընկերությունը, զբաղված լինելով մարզի Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրում օգտակար հանածոների արդյունահանման ծավալների ավելացման ծրագրի կենսագործմամբ, ձեռնպահ է մնում ներկա ծավալներով հանքավայրի շահագործումից ու համապատասխան արտադրանք թողարկելուց: Իրենց կողմից տարածած հաղորդագրության մեջ ասվում է՝ տևական կանգառի պայմաններում ընկերությունը չի կարող ներկա շուրջ 1200 աշխատողներին ապահովել բավարար ծանրաբեռնվածությամբ աշխատանքով:

«Չունենալով դրամական միջոցների այնպիսի աղբյուր, ինչպիսին թողարկվող արտադրանքի իրացումից ստացվող եկամուտներն են, ընկերությունը, ստիպված, կայացրել է դժվարին, սակայն ներկա պայմաններում միակ հնարավոր որոշումը՝ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով ու պայմաններով՝ գործատուի նախաձեռնությամբ, լուծել աշխատողների մեծամասնության հետ կնքված աշխատանքային պայմանագրերը»,- նշված է հաղորդագրության մեջ:

168.am-ի հետ զրույցում բնապահպան Կարինե Դանիելյանը նկատեց, որ մի կողմից՝ դրական է, որ ընկերությունն իր աշխատանքները դադարեցնի, մյուս կողմից՝ ոչ:

«Դանիայի ֆինանսավորման ֆոնդի հետ կապված դժվարություններ եղան, միգուցե դա դրա արդյունքն է, որովհետև պարզվեց, որ իրենք իրոք հետևում էին, ինչպես նաև եվրոպացի լրագրողներն են այստեղ եղել և պարզել էին, որ էկոլոգիական լուրջ վնաս է հասցվում շրջակա  միջավայրին, ու դա կարևորագույն հիմքերից է եղել, որ ֆինանսավորումը դադարեցվել է, բայց՝ ժամանակավո՞ր, թե՞ վերջնական, չեմ կարող ասել: Եթե աշխատանքները դադարեցվեն, մի կողմից՝ դա դրական է, մյուս կողմից՝  արդեն բավականին վնաս շրջակա միջավայրին հասցրել են, հիմա ո՞վ պետք է կարգի բերի այդ ամեն ինչը: Ժամանակը ցույց կտա: Այստեղ դրական է նաև այն երևույթը, որ վերջապես մեր բնակչությունը կհասկանա, որ սոցիալական խնդիրներ չեն լուծվում այդ հանքարդյունաբերության զարգացման ընթացքում, և կըմբոստանա, որ մեզանում վերջապես պետք է այդ ուղղությունը դադարեցվի, եթե կարողանանք գոնե մասամբ վերականգնել այն վնասներն ու վտանգները, որ ուղղակի գրանցվել են»,- նշեց մեր զրուցակիցը:

Կ. Դանիելյանի խոսքով՝ ընկերությունը գոնե պետք է իր պարտավորությունները կատարի, որպեսզի պոչամբարի խնդիրը լուծի, ինչպես նաև՝ ջրերի մաքրման, վերականգնման, մարդկանց կոմպենսացիա վճարելու. «Հենց այնպես թողնել-գնալն էլ մի բան չէ: Պարտավորությունները պետք է կատարեն: Ճիշտ է, վերջերս մի փոքր խստացվել է օրենսդրությունը, բայց սկզբունքորեն մեզանում օրենսդրությունը հանքարդյունաբերության նկատմամբ այնպես է ստեղծվել, որ կարծես հատուկ ամբողջ աշխարհին ասում էինք՝ այստեղ ինչ ուզում եք՝ արեք, եկեք՝ քանդեք-տարեք, միայն թե՝ դուք էլ փող վաստակեք, մի քիչ էլ մենք ունենանք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս