«Շաքարային դիաբետի պատճառները բազմաթիվ են. Մեկ պատճառ չէ…». Շիրակի մարզի գլխավոր ներզատաբան
Շիրակի մարզում երկրորդ տիպի շաքարային դիաբետի տարածվածության վերաբերյալ 168.am-ը զրուցել է Շիրակի մարզի գլխավոր ներզատաբան Արմինե Էլբակյանի հետ, ով աշխատում է նաև Գյումրու Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկայում:
– Տիկին Էլբակյան, ձեր պոլիկլինիկայի ցուցանիշներն ի՞նչ են փաստում, արդյո՞ք նախորդ տարիների համեմատ՝ երկրորդ տիպի շաքարախտով հիվանդների թվի աճ է նկատվում:
– Վերջին երկու տարիների ընթացքում ամսական կտրվածքով աճ է նկատվում: Ոչ միայն Շիրակի մարզում, կարող եմ ասել՝ նույնիսկ ամբողջ աշխարհում: Շաքարային դիաբետը թե՛ երիտասարդացել է, թե՛ շատացել է: Վիճակագրական տվյալները միայն մեր պոլիկլինիկայինը կարող եմ ասել: Բայց ամբողջ աշխարհում այնքան է շատացել, որ նախկինում հաշվել են, թե 2025 թվականին որքան դիաբետիկ մոտավորապես կլիներ, հիմա արդեն այդ թիվն ապահովված է:
Այսինքն՝ մենք դեռ 7 տարի ունենք հասնելու 2025 թվականին, որպեսզի այդ թվին հասնենք, բայց այդ թիվն արդեն ապահովել ենք: Համաշխարհային առողջապահական կազմակերպությունները համարում են, որ դա համաճարակի նման մի բան է, կամ համաճարակի պես շատանում է դիաբետը:
– Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկայում որքա՞ն են կազմում երկրորդ տիպի շաքարային դիաբետով հիվանդները:
– Առաջին տիպի կամ ինսուլինակախյալ շաքարախտով հիվանդները կազմում են 27-ը, ինսուլինի պահանջ ունեցող և դեղահաբեր ընդունող հիվանդները 303-ն են, որոնք երկրորդ տիպի շաքարային դիաբետ ունեցողներն են, միայն դեղահաբ ստացող հիվանդները 630-ն են:
– Որո՞նք են երկրորդ տիպի շաքարային դիաբետի առաջացման պատճառները: Արդյո՞ք այս հիվանդությունից մահացության դեպքերը շատ են:
– Շաքարային դիաբետի պատճառները բազմաթիվ են: Մեկ պատճառ չէ: Թե՛ սնունդը, թե՛ մեր ապրելակերպը, թե՛ սթրեսները, թե՛ գենետիկ տրամադրվածությունը, թե՛ վնասակար սովորությունները: Այս պահին այդպիսի տվյալներ չունենք, թե մեր մոտ մահացությունը որքան է, բայց շատ քիչ է, քանի որ տարեկան կտրվածքով երևի 10 դիաբետիկ էլ չի մահանում, բայց մենք ամեն ամիս 25-30 հոգի դիաբետով հիվանդ ենք գրանցում: Նույնիսկ իմ սովորելու տարիներին այդքան շատ հայտնաբերում չկար: Իրականում սա լուրջ և բարդացված հարց է: Նույնիսկ Համաշխարհային առողջապահական կազմակերպության կողմից այս հարցը բարձրացվել է. շաքարային դիաբետից չեն մահանում, այլ՝ շաքարային դիաբետի պատճառով առաջացած բարդություններից:
Հիմնականում անոթային խնդիրների պատճառով են մահանում՝ ինսուլտ, ինֆարկտ: Որքան հնարավոր է՝ մեզ մոտ պահպանում ենք հիվանդներին, վերահսկում շաքարի մակարդակը, մարմնի քաշը, ճնշումը:
Նշեմ, որ մեր երեխաների մոտ մեծամասամբ առկա է հիպոդինամիա, նրանք քիչ են շարժվում: Ակտիվ չեն քայլում, բոլորը սովորել են միշտ համակարգչի առջև լինել, մինչդեռ մեր ժամանակ մենք իջնում էինք բակ՝ խաղալու: Ցանկալի է համակարգչի դիմաց շատ չնստել, հատկապես, եթե անիմաստ ժամանակ ենք վատնում: Բայց կան մասնագետներ, օրինակ՝ ծրագրավորողները, որոնց որքան էլ արգելես, միևնույն է, իրենց աշխատանքը համակարգչով է կատարվում:
– Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմները, ԳՄՕ-ներ պարունակող, հավելումներով հագեցած սննդամթերքները, գազավորված ըմպելիքները, չիպսերը, շաքարի շատ օգտագործելը կարո՞ղ են նպաստել առաջին և երկրորդ տիպի շաքարախտի վաղ տարիքում ի հայտ գալուն: Ի՞նչ ձևով են դրանք ազդում ենթաստամոքսային գեղձի գործունեության վրա:
– Իհա՛րկե նպաստում են: Առաջին հերթին շաքարի չարաշահումը նպաստում է, որ հետագայում առաջանա շաքարային դիաբետ:
– Ձեր պոլիկլինկայում երեխաների շրջանում երկրորդ տիպի շաքարային դիաբետի հայտնաբերման դեպքեր կա՞ն:
– Դեռ չի եղել:
– Երկրորդ տիպի շաքարախտով հիվանդների հայտնաբերումը պատահակա՞ն է լինում, թե՞ պոլիկլինիկայում գրանցված մարդկանց մոտ է հայտնաբերվում հիվանդությունը:
– Հայտնաբերվում է թե՛ սկրինինգների, թե՛ պատահական ստուգումների միջոցով: Հիվանդն ընկերական շրջապատում ունենում է գանգատներ, իր ընտանիքի անդամը չափում է շաքարը, բարձր թիվ են տեսնում, մեկը մյուսին խորհուրդ է տալիս գնալ և ստուգվել:
– Երկրորդ տիպի շաքարախտի պարագայում արյան մեջ շաքարի նորման որքա՞ն է կազմում:
– 3.5-5.5 միլիմոլ/լիտր: Սարքերը նախատեսված են մատից շաքար վերցնելու համար: Լաբորատորիաներ կան, որոնք իրենց չափանիշերն են սահմանել:
– Երկրորդ տիպի շաքարային դիաբետի հետևանքով առաջացած բարդությունները, մասնավորապես՝ դիաբետիկ նեյրոպաթիան, բուժել հնարավո՞ր է:
– Մենք փորձում ենք կանխել բարդությունները: Նեյրոպաթիան որոշակի փուլում բուժվում է, բայց եթե արդեն հասել ենք գանգրենային, անհրաժեշտ է վիրաբուժական միջամտություն: Միանշանա՛կ գանգրենայի դեպքում վերջույթն անդամահատվում է:
– Դիաբետիկ նեյրոպաթիայի առաջին, երկրորդ փուլերի դեպքում ի՞նչ բուժում պետք է ստանա հիվանդը, որպեսզի հիվանդությունը բուժվի:
– Թեթև նեյրոպաթիան դեղորայքով անհետանում է: Դա հիվանդից, իր հետևողականությունից էլ է կախված: Միայն բժիշկը չէ, որ պետք է հետևի: Բժիշկը դեղորայքը դուրս է գրում, խորհուրդներ է տալիս: Պետք է հիվանդը խորհուրդներին հետևի: Հիվանդ կա՝ հստակ, ինչ ասում է բժիշկը, դա անում է: Հիվանդների խումբ էլ կա, մեկ-երկու դեղահաբ ընդունելուց հետո իրենց լավ են զգում, թողնում են:
– Կա կարծիք, որ դիաբետիկ նեյրոպաթիան շատ դժվար է բուժվում: Դրա բուժման համար համալիր միջոցառում կա՞:
– Իհարկե, համալիր միջոցառումներ կան՝ ներերակային, կաթիլային միջամտությունների ձևով: Ես էլի եմ կրկնում, հիվանդը պետք է իրեն հետևի: 6 ամիսը մեկ, տարեկան 2-3 անգամ ստանա այդ բուժումը:
– Երկրորդ տիպի շաքարային դիաբետ ունեցողների պարագայում արդյո՞ք պարտադիր է դեղահաբերի ընդունումը, և, եթե հիվանդը հրաժարվում է դրանք ընդունել, ապա դա ի՞նչ հետևանքներ է ունենում իր օրգանիզմի վրա:
– Շաքարն իջեցնելու եղանակները դեղորայքայինն ու ինսուլինի ներարկումներն են: Եթե նոր հայտնաբերված դիաբետ է, շաքարը բարձր թվերի վրա չէ, մեզում շաքար չի հայտնաբերվում, դեղորայքային բուժում է նշանակվում: Դիետան, թեթև ֆիզիկական ծանրաբեռնվածությունը շաքարային դիաբետի համալիր բուժման մեջ է մտնում: Ամեն դեպքում, առանց դեղորայքի շաքարը չի կարող իջնել: Մյուս տարբերակն էլ ինսուլինն է: Կոնկրետ ինսուլինի դեպքում ցուցումներ կան: Դրա բացարձակ ցուցումն առաջին տիպի շաքարային դիաբետ ունենալու դեպքում է: Մնացած պարամետրերը՝ մեզում գլյուկոզայի առկայություն, արյան մեջ շաքարի բարձր մակարդակ, այլ օրգանների հիվանդություն՝ սրտի, լյարդի:
– Բացի քիմիականից, երկրորդ տիպի շաքարային դիաբետի բուժման համար առկա՞ է բնական հումքից պատրաստված դեղորայք:
– Ճիշտն ասած՝ ես տեղյակ չեմ բնական հումքից պատրաստված դեղորայքի մասին: Հիմնականում շաքարային դիաբետի դեղորայքը դեղագործական արդյունաբերության մեջ սինթետիկ ճանապարհով են ստանում:
– Որոշ հիվանդներ դիմելով 168.am-ին՝ ասել են, որ իրենք փորձել են ինչ-որ բույսերի միջոցով իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը, սակայն ստամոքսի ցավեր են ունեցել և դադարեցրել են այն ընդունել:
– Բնական է, քանի որ բույսերն էլ իրենց մեջ քիմիական կազմ ունեն, իսկ յուրաքանչյուր քիմիական կազմ դոզավորված չէ, և ոչ ոք չի երաշխավորում, թե դրանից հետո ինչ դուրս կգա:
– Հիմնականում հիվանդներն ի՞նչ գանգատներով են ձեզ դիմում, ինչպե՞ս եք փորձում իրենց խնդիրներին լուծում գտնել:
– Եթե առաջին անգամ հիվանդը մտնում է իմ կաբինետ, առաջին գանգատը, որ լինում է, դա քաշի կորուստն է, ծարավի զգացումը, հաճախամիզությունը: Իհարկե, պարտադիր չէ, բայց մեծ մասն այդպիսի գանգատ են ներկայացնում: Երկար տարիների դիաբետիկները ոտքերի շրջանում ցավեր են ունենում, մզմզոցներ, ծակոցներ վերջույթներում, ճնշման բարձրացում: Ամեն գանգատ էլ ներկայացնում են, քանի որ տարիքի հետ, հատկապես, եթե շաքարային դիաբետ էլ կա, մյուս օրգանների անոթներն էլ կարող են վնասվել:
– Եթե ծնողները կամ նրանցից մեկն ունի շաքարախտ, ապա երեխաներն ինչպե՞ս կարող են պաշտպանվել, որպեսզի չհիվանդանան դիաբետով:
– Իհարկե, դիաբետը կարող է ի հայտ չգալ: Կանխարգելել չի լինի, ուղղակի հնարավոր է երկարացնել այդ պահը: Եթե ինքը պետք է դիաբետ ունենա, կունենա հաստատ: Դա երկրորդ տիպի պարագայում, առաջին տիպի դեպքում ոչ մի բան հնարավոր չէ անել: Եթե երեխան վիրուսով հիվանդացավ, և իր մոտ մի քիչ գենետիկ տրամադրվածություն կա, միևնույն է, իր մոտ շաքարային դիաբետն ի հայտ է գալու: Երկրորդ տիպի դիաբետի պարագայում՝ քաշը նվազեցնելով, դիետայով հնարավոր է նվազեցնել դիաբետին հասնելու պահը, սակայն լրիվ կանխարգելել հնարավոր չէ: Կյանքի մեջ մի փուլ կգա, երբ ի հայտ կգա նյութափոխանակության խանգարում, վնասակար սովորություններ, սթրեսային իրավիճակներ, ու կարող է դա դրսևորվել:
– Վախը շաքարախտի առաջացման մեջ ի՞նչ դեր ունի:
– Ժողովրդի մեջ կա այդպիսի խոսակցություն, որը նույն սթրեսն է: Դա հանդիսանում է շաքարային դիաբետի առաջացման պատճառ, բայց մի քանի պատճառ պետք է լինի, որ շաքարային դիաբետն ի հայտ գա: Վերցնենք երկու հոգի, որոնք հավասարապես սթրես են տանում, որի արդյունքում մեկի մոտ ի հայտ է գալիս դիաբետ, մյուսի մոտ՝ ոչ: Դրա համար պետք է նաև ժառանգական տրամադրվածություն լինի:
– Շաքարախտի կանխարգելման հարցում ի՞նչ դեր ունի մարմնամարզությունը: Քանի որ հիվանդությունները շատացել են, ապա ի՞նչ եք կարծում Գյումրիում առողջական կենտրոն ստեղծելու մեր առաջարկության մասին:
– Իհա՛րկե, ողջունելի նախաձեռնություն է: Միաժամանակ նշեմ, որ շատ ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածություն էլ պետք չէ դիաբետով հիվանդներին, քանի որ այդ դեպքում հիվանդները շատ էներգիա են կորցնում, որի հետևանքով շաքարը կարող է կտրուկ իջնել, բայց թեթև ֆիզիկական մարմնամարզությունը, աէրոբիկան ողջունելի է:
Զրուցեց Անահիտ Սիմոնյանը