Բաժիններ՝

«Այդ գումարն իրենց սեփականությունն է, դա ոչ մեկին չեն տալիս. Ինչպես են տանում գումարը ավանդ դնում, սա էլ նման մի բան է»

Հայաստանի կուտակային հիմնադրամներում 2017 թվականի նոյեմբերի 31-ի դրությամբ կուտակվել է 105.6 մլրդ դրամ: Այս մասին «Արմենպրես»ի հետ զրույցում նշել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը` ներկայացնելով տեղեկություն հիմնադրամներում կուտակված կենսաթոշակային վճարների, դրանց եկամտաբերության, պարտադիր բաղադրիչի ուժի մեջ մտնելու մասին:

-Խնդրում եմ ներկայացնել տեղեկատվություն մինչ այժմ հիմնադրամներում կուտակված կենսաթոշակային վճարների մասին: Որքա՞ն գումար է կուտակվել, ռեալ եկամտաբերությունը որքա՞ն է կազմել:

-2017 թվականի տվյալները դեռ ամբողջությամբ չեն ամփոփվել, հետևաբար ես ներկայացնեմ նոյեմբերի 31-ի դրությամբ ունեցած տվյալները: Նշված ժամանակահատվածում կուտակային հիմնադրումներում կուտակվել է 105.6 մլրդ դրամ: Միջոցները սկսել են հավաքագրվել 2014 թվականից: Կուտակային եկամտաբերությունը 2014 թվականից ներդրված գումարի համար կազմել է 44 տոկոս: Այսինքն` 2014 թվականին ներդրած 10 հազար դրամն այսօր դարձել է մոտավոր 14 հազար 400 դրամ: 2017 թվականի եկամտաբերությունը կազմել է շուրջ 13 տոկս: Ինչի՞ մասին են խոսում այս տվյալները: Դրանք խոսում են այն մասին, որ քաղաքացու տված գումարը կրկնակի ավելացել է: Օրինակ, քաղաքացին տվել է 25 հազար դրամ, պետությունն ավելացրել է ևս 25 հազար դրամ, 44 տոկոս եկամտաբերության դեպքում շուրջ 22 հազար դրամ ավելացել է: 2014 թվականին տված 25 հազարն այսօր դարձել է 75 հազար դրամ: Իմ կարծիքով, բարեփոխումների տեսանկյունից այս համակարգը լրիվ արդարացված է, մարդիկ շահած են դուրս գալիս:

-Այսինքն` դինամիկան դրական է համարվում:

-Դինամիկան ավելի քան դրական ենք գնահատվում: Այս գրեթե 3.5 տարի համակարգի աշխատանքը բավական գոհացնող է: Մեր ակտիվի խելամիտ կառավարման շնորհիվ որևէ ցնցում չի եղել:

-Քանի՞ մասնակից կա մինչեւ այժմ, որքա՞նն են պետական, որքանը մասնավոր հատվածից:

-Մենք հաշվառում ենք իրականացնում` ըստ ակտիվ և պասիվ մասնակիցների: Իմ նշած ժամանակահատվածի համար արդեն 188 հազար էր ակտիվ մասնակիցների թիվը, որն աճում է: Պասիվների քանակը շուրջ 300 հազար է: Ի՞նչ է նշանակում պասիվ, դա երբ անձը համակարգում հաշվառված է, սակայն, ասենք, այս պահին չի աշխատում, վճարում չի կատարում: Ակտիվ 188 հազար մասնակիցներից 65 հազարը պետական հատվածից է, մնացածը` մասնավոր:

-Հիմնադրամներում կուտակված գումարները որտե՞ղ են ներդրված: Արդյո՞ք այս ընթացքում որևէ խնդիր ծագել է:

-Շուրջ 70 տոկոսը ներդրված է հայկական դրամով, դա նշանակում է, որ գումարները Հայաստանում են: Օրենսդրորեն կա սահմանափակում, որ գումարների 60 տոկոսը ներդրվի դրամով: Ստացվում է ավելին է մնացել Հայաստանում: Գումարները ներդրվել են պետական պարտատոմսերում, բանկային ավանդներում, բորսայում շրջանառվող պարտատոմսերում, բաժնետոմսերում և այլն: Այդ ամենի արդյունքում եկամտաբերությունը կազմել է բավական բարձր տոկոս:

Կուզենայի խոսել նաև մեր ակտիվի կառավարիչների մասին: Ունենք երկու ակտիվի կառավարիչ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերությունները: Երկուսն էլ եվրոպական են, իրենց մասնաճյուղերը գրանցել են Հայաստանում: Այս կառավարիչները բավական հայտնի են Եվրոպայում, բավական վստահելի են: Մեծ ջանքեր ենք գործադրել, որ գան գործունեություն ծավալեն Հայաստանում:

Այս 3 տարվա ընթացքում գործընթացի, օրենսդրության բավական հղկման աշխատանքներ են կատարվել: Պատրաստ ենք ավելի մեծ ծավալ ընդունել:

-ՀՀ-ում կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը կգործի 2018 թ. հուլիսից: Կխնդրեմ մանրամասնել, այդ պարտադիր բաղադրիչին անցում կատարելը ինչպե՞ս է կատարվելու, ի՞նչ ընթացակարգեր կան նախատեսված:

-Որևէ նոր բան չի լինելու: Նույն գործընթացն է լինելու, պարզապես մասնակիցների քանական է ավելանալու: Թվերը խոսում են այն մասին, որ համակարգն իրեն արդարացրել է: Ինչ-որ առանձնահատուկ ընթացակարգ չկա, դիմում գրելու կարիք չկա: Նրանք, ովքեր 1974 թվականի հունվարի 1-ից հետո են ծնվել ավտոմատ կմիանան համակարգին: Իրենց գործատուներն իրենց մասին կտան հաշվետվություն, կկատարեն վճարումներ: Իրենց անունով կբացվի հաշիվ: Շատ ուրախ կլինենք, որ իրենք գնան ընտրեն իրենց ֆոնդերը, այսինքն, թե որ ուղղությամբ են մտադիր ներդրումներ կատարել` ավելի շատ, ավելի քիչ, միջին ռիսկային: Եթե չեն ընտրում, ապա համակարգն է ավտոմատ ընտրում միջին ռիսկային ֆոնդը:

-Հաշվարկներ կան, թե պարտադիր բաղադրիչն ուժի մեջ մտնելուց հետո որքա՞ն  մասնակից է ավելանալու եղածների թվին:

-Հաշվարկներ, իհարկե, կան: Մոտավոր կգումարվի 70-80 հազար մարդ, խոսքն ակտիվների մասին է:

-Ըստ ձեզ, արդյո՞ք տեղեկացվածության պակաս կա համակարգում ընդգրկված մարդկանց շրջանում և այդ ուղղությամբ ինչ աշխատանքներ են նախատեսված:

-Միգուցե կան: Մեր ռեսուրսները որքան բավարարում են, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Այս տարի ակտիվի կառավարիչները կակտիվանան, կխոսեն ինչ են արել, որքան է կազմել եկամտաբերությունը: Մենք ձգտելու ենք տեղեկանալու ճանապարհները բազմազան դարձնել: Կարող են բանկի միջոցով տեղեկություն ստանալ, եթե այնտեղ հաշիվ կա բացված, էլեկտրոնային նամակներ, հեռախոսներին հաղորդագրություններ ուղարկելու հարցերն են քննարկվում:

-Այս օրերին խոսվում է, որ մի կողմից գնաճ է, որին զուգահեռ աշխատավարձերը չեն բարձրացնում, «Եկամտային հարկի մասին» օրենքում փոփոխություններով պայմանավորված ավելի շատ գումար է գանձվելու, դրան էլ հուլիսի 1-ից գումարվում է կուտակային պարտադիր վճարը որոշ խմբերի համար: Այստեղ սոցիալական խնդիր չե՞ք տեսնում:

-Այդ գումարն իրենց սեփականությունն է, դա ոչ մեկին չեն տալիս: Ինչպես են տանում գումարը ավանդ դնում, սա էլ նման մի բան է: Կենսաթոշակային տարիքում մարդը կարող է հայտնվել աղքատության շեմին: Նորմալ չէ, երբ մարդն աշխատում է, անցնում է թոշակի, ստանում 15, 30 կամ 40 հազար դրամ: Որպեսզի այդ ճեղքը փոքրացվի, ստեղծվել է այդ համակարգը:

Հարցազրույցը` Աննա Գզիրյանի 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս