Բաժիններ՝

«Արդեն առաջին գրանտները կան, որոնց մասին չէինք էլ կարող երազել». Եվրոպական կողմը հետաքրքրված է հայկական գինիներով

«Մենք միշտ ձգտել ենք, որպեսզի ռուսական շուկայում մեր ներկայության տոկոսը նվազի, բայց մեր արտահանումը հիմնականում ռուսական շուկայում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը:

168.am-ը հետաքրքրվեց, թե հայկական գինու և կոնյակի արտահանման առումով ի՞նչ հնարավորություն կտա ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, և որքանո՞վ էին արտադրողներն օգտվում GSP+ համակարգից։

«GSP+ համակարգը մեզ թույլ է տալիս, որ կարողանանք մեր մրցակիցների հետ հավասար դաշտում լինել, բայց երբ Վրաստանը ստորագրեց ԵՄ-ի հետ պայմանագիր, իսկ մենք՝ ոչ, Արևմուտքը շատ ավելի լավ աչքով սկսեց նայել Վրաստանին։ Իրավական, ֆինանսական, դրամավարկային, քաղաքական բոլոր հարցերում սկսեցին օգնել Վրաստանին։ Արդյունքում՝ վրացիները ստացան շատ մեծ գրանտներ, ավելի շատ էժան ռեսուրսներ, սրան գումարվեց այն, որ հակառուսական տրամադրությունները շատ ավելի ուժեղացան Եվրոպայում, վրացական իշխանությունները հասկացան, որ իդեալական պայմաններ են ստեղծվել վրացական գինին գովազդելու համար, Սահակաշվիլին տնտեսաքաղաքական մեխանիզմներ գտավ, որը հետագայում շատ լավ շարունակեց հաջորդ կառավարությունը։ Սա բերեց նրան, որ մենք եվրոպական շուկաներում 15-20 տոկոսով ավելի վատ հարկային և բարոյական դաշտում հայտնվեցինք, քան վրացիները։ Արդյունքում՝ ձևավորվեցին «Վրաստանը՝ աշխարհի գինու կենտրոն», «Վրաստանը՝ առաջին գինու ծննդավայր» և նման գաղափարախոսություններ։ Դա գնաց հարևաններից բացառելու ճանապարհով»,- ի պատասխան մեր հարցի՝ ասաց Հարությունյանը։

Նաև հավելեց, որ այժմ իրադրությունը կտրուկ փոխվում է. «Այս մի քանի ամսվա ընթացքում եվրոպական կողմից համագործակցության լայն առաջարկներ ենք ստացել գինեգործության ոլորտում, կառավարությունը զբաղվում է դրանցով, արդեն առաջին գրանտները կան, որոնց մասին մենք չէինք էլ կարող երազել՝ մինչև այս համաձայնագրի ստորագրումը։ Այդ գրանտներն առայժմ 0.5 մլն դոլարի չափով են, բայց խոստումները շատ ավելի լուրջ են, և կարծում եմ, որ խաղողի և գինու մասով բացվել է մի շատ լայն քաղաքական դուռ՝ Եվրոպայի հետ համագործակցության, որը շատ շուտով կունենա տնտեսական ասպեկտ։ Այս տարվա վերջում կամ հաջորդ տարի կսկսվի խաղողի այգիների տնկման կադաստրի ծրագիրը, որի լուրջ ֆինանսական կոմպոնենտներից մեկը գրանտ է, և նման շատ ծրագրեր կան։ Այսինքն՝ կյանքն ակտիվացավ»։

Ինչ վերաբերում է հայկական գինիների որակին, նա նշեց, որ մինչև 2000 թվականը գինի արտադրում էին նրանք, ովքեր կոնյակ էին արտադրում, և մենք ունեինք ոչ որակյալ գինի. «Հետո 2008թ. տնտեսական ճգնաժամը տեղի ունեցավ, 75 տոկոսով նվազեց կոնյակի սպառումը, արտահանումն ու արտադրությունը, և կոնյակ արտադրողները հասկացան, որ գինուն պետք է նայել ոչ թե՝ մատների արանքով, այլ՝ որպես դիվերսիֆիկացիայի լավ աղբյուր և որպես պահուստային շատ լավ տարբերակ։ Եվ քանի որ իրենք հարուստ էին, սկսեցին շատ մեծ ներդրումներ կատարել գինեգործության մեջ»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս