
Եգիպտոսում հանդիպել են աշխարհի ամենաբարձրահասակ տղամարդն ու ամենափոքր կինը

Եգիպտոսի զբոսաշրջության խորհրդի հրավերով եգիպտական բուրգերի մոտ հանդիպել են Գիննեսի ռեկորդների գրքի երկու ֆիգուրանտներ: Այդ մասին հայտնել է Metro թերթը:
Թուրքիայից 35-ամյա ֆերմեր Սուլթան Քեսենը համարվում է աշխարհի ամենաբարձրահասակ մարդը. նրա հասակը 251 սանտիմետր է: «Թուրք հսկային ընկերակցել է Հնդկաստանից Ջոթի Ամջին, որն Guinness World Records ընկերության կողմից աշխարհի ամենափոքր կինն է ճանաչվել իր 62 սանտիմետր հասակի համար:
Ռեկորդակիրները ֆոտոսեսիաների են մասնակցել զբոսաշրջիկներին Եգիպտոսի տեսարժան վայրեր գրավելու համար: Նշվում է, որ Քեսենի հասակը կապված է մակուղեղի ուռուցքի հետ: Հիվանդության պատճառով նրա օրգանիզմը չափազանց շատ աճի հորմոն է արտադրում:
Հնդկաստանի 24-ամյա բնակչուհին տառապում է ախոնդրոպլազիայով՝ ժառանգական հիվանդությամբ, որը գաճաճության է բերում ոսկորների թերզարգացածության պատճառով: Աղջիկը նկարահանվում է կինոյում եւ մասնակցում ռեալիթի-շոուների: Նա նաեւ դեր է կատարել «Սարսափների ամերիկյան պատմություն» սերիալում, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: