Բաժիններ՝

Ինքնատիպ արվեստ. 16-ամյա Թաթուլը նկարում է փայտի վրա

16-ամյա Թաթուլ Խաչատրյանը սովորում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քոլեջի ռադիոէլեկտրոնիկայի սպասարկում բաժնի երկրորդ կուրսում: Դասերին զուգահեռ Մասիսի սուրբ Գեւորգ եկեղեցում հոգեւոր ծառայություններ է մատուցում, զբաղվում է մարմնամարզությամբ: Այս մասին գրում է asparez.am-ը։

Ընկերների համար` ակտիվ, ուրախ եւ կատակասեր երիտասարդ է, լավ ընկեր, առավել աչքի է ընկնում իր տաղանդով: 16-ամյա երիտասարդը փայտի, կաշվի, կտորի եւ այլ տարատեսակ իրերի վրա նկարում է կրակի օգնությամբ: Արվեստի այս տեսակը կոչվում է պիրոգրաֆիա:

Պիրոգրաֆիա բառացիորեն նշանակում է նկարել կրակով: Այն դեկորատիվ-կիրառական արվեստի եւ գեղարվեստական գրաֆիկայի մեջ կիրառվող տեխնիկա է: Ցանկացած օրգանական նյութի (փայտ, պլաստմաս, խցան, թուղթ, ստվարաթուղթ, զգեստ, կաշի ) մակերեսի վրա կարմիր տաք ասեղով նկար է արվում: Հիմնականում փայտանյութը օգտագործվում է որպես նյութ, այդ պատճառով պիրոգրաֆիան լայնորեն հայտնի է որպես փայտի այրում: Պիրոգրաֆիայի տեխնիկայով աշխատող վարպետը կոչվում է պիոգրաֆիստ:

«Նկարել սկսել եմ 13-14 տարեկանից, երբ երկեղեցիների մագաղաթների մասին մի վավերագրական ֆիլմ դիտեցի ու դրանից հետո փորձեցի անձամբ կրակով նկարել: Ինձ համար հեշտ էր գնալ այդ ճանապարհով, քանի որ կար ինձ օգնող մեկը` քեռիս»,-ասում է Թաթուլը եւ վերհիշում իր պատրաստած առաջին խաչը:

«Առաջին անգամ խաչ եմ պատրաստել եւ ցույց տվել ծնողներիս: Երկուսն էլ ասացին` այդքան էլ լավ չէ: Այնուհետեւ խաչը ցույց տվեցի քեռուս, ով նույնպես սիրողական պիրոգրաֆիայով է զբաղվում: Նա ասաց, որ դեռ աշխատելու տեղ ունեմ: Ես ձգտում եմ իմ աշխատանքների օգնությամբ հմտանալ: Մտածում եմ, որ լավ արդյունքի հասնելու համար հարկավոր է մասնագիտական կրթություն ստանալ» :

 

Ալվարդ Հարությունյան

Լուսանկարների հեղինակ` Ս. Համբարձումյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս