Կատալոնիայի անկախության կողմնակիցները դատական հայց են պատրաստում Մադրիդի դեմ
Կատալոնիայի անկախությունը պաշտպանող կուսակցությունները դատական հայց են պատրաստում Իսպանիայի կառավարության դեմ: Այդ մասին հայտնել է խորհրդարանի պատգամավոր Ժոզեպ Ռուլը:
Պատճառն այն է, որ նախարարների կաբինետը պլանավորում է կատալոնական խորհրդարանում արգելափակել Բրյուսելում գտնվող Կառլես Պուչդեմոնին տարածաշրջանի ժեներալիտետի (կառավարության) ղեկավար հաստատվելը: Հունվարի 25-ին Իսպանիայի փոխվարչապետ Սորայա Սաենս դե Սանտամարիան հայտնել է, որ կառավարությունը Սահմանադրական դատարան է դիմել Պուչդեմոնին թեկնածու առաջադրելու կապակցությամբ: Իշխանությունները Պետական խորհրդին խնդրել են եզրակացություն տալ դրա վերաբերյալ, քանի որ այն համարում են «օրենքին չհամապատասխանող»: Պետական խորհուրդը հայտարարել է, որ նման հայցի համար իրավական հիմքեր չկան:
Պուչդեմոնի ծրագրի քննարկումը եւ ինքնավար հանրակցության կառավարության ղեկավարի պաշտոնի համար նրա թեկնածության շուրջ քվեարկությունը նշանակված է հունվարի 30-ին:
«Մենք աշխատում ենք այն տարբերակի վրա, որ Կառլես Պուչդեմոնը ներկա գտնվի բանավեճերին… բայց Կատալոնիայի խորհրդարանի կանոնակարգը նախատեսում է ցանկացած հնարավորություն»,- Cadena Ser ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի կատալոնցի պատգամավոր Ժոզեպ Ռուլը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: