«Ադրբեջանն ուղերձ փոխանցեց հայկական կողմին». Ֆելգենգաուեր
«Ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձը հստակ նպատակ ուներ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով գիշերն ադրբեջանական զինուժի նախաձեռնած դիվերսիոն ներթափանցման փորձին:
Մանրամասնենք` արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում հունվարի 25-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ: Ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկջոկատայինները հետ են շպրտվել: Այս մասին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Պավել Ֆելգենգաուերը նախ ռազմական տեսանկյունից բարձր պատրաստվածության նշան համարեց այն փաստը, որ դիվերսիոն ներթափանցման փորձը կանխվել է, ինչն ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմի իրականացրած վերազինման աշխատանքների արդյունքն է, որոնց մասին հայկական կողմը բազմիցս նշել է: Ըստ նրա՝ Ղարաբաղյան հակամարտության դեպքում դժվար է հստակ նշել, թե այդ պահին կոնկրետ ինչ նպատակով են կրակահերթեր արձակվում, որոնք զոհեր են պատճառում, դիվերսիոն ներթափանցման փորձեր նախաձեռնվում կամ բախումներ հրահրվում:
«Ամենապարզ պատճառն այն է, որ հակամարտությունը կարգավորված չէ: Բայց վերջին երկու տասնամյակը նաև ցույց են տվել, որ կողմերը հակամարտության գոտում ստեղծված խոցելի իրավիճակն օգտագործում են քաղաքական նպատակներով` ներքաղաքական կամ արտաքին քաղաքական: Այս դեպքում եղել է դիվերսիոն ներթափանցման փորձ, ինչը հատուկ պլանավորված գործողություն է, երբ գրեթե բացառված է հակառակորդին սխալ «հասկանալու» և բախումների մեջ ներքաշվելու հավանականությունը:
Բացառված է նաև Ադրբեջանի ներքաղաքական գործոնը, քանի որ սովորաբար անհասկանալի արդյունքներով դիվերսիան մեծ ուշադրության չի արժանանում հասարակության կողմից: Ակնհայտ է նաև մեկ այլ հանգամանք, որ դիվերսիոն ներթափանցման փորձը կարող էր հայկական կողմի համար զոհերով ուղեկցվել, եթե լիներ նման նպատակ, թեև նշեմ նաև, որ սովորաբար հենց դիվերսիոն խմբից են լինում զոհեր, դա ռազմական օրենք է: Չեմ բացառում, որ ադրբեջանական ուժերը փորձարկում էին հայկական զինուժի վերազինումները, միևնույն ժամանակ՝ անհամաձայնություն հայտնելով այն մտքերի հետ, որոնք ՀՀ նախագահը հայտնեց Խոջալուի դեպքերի վերաբերյալ:
Ինչպես հասկացա ադրբեջանական մամուլից, ՀՀ նախագահի այդ մեկնաբանությունները բավականին լայն քննարկումների և քննադատությունների առարկա են դարձել, քանի որ ՀՀ նախագահը սլաքներն ուղղել է ադրբեջանական կողմի ուղղությամբ, ինչը բավականին ցավոտ է ընկալվել: Ադրբեջանը սրանով և անհամաձայնություն հայտնեց այդ ձևակերպումներին, և ցույց տվեց, որ այն դրական առաջընթացը կարգավորման գործընթացում, որն արձանագրվեց Կրակովում, ցանկացած պահի կարող է խաթարվել, և ադրբեջանական կողմի պահանջները մնում են սեղանին, դրանից այդ կողմը չի հրաժարվում»,- նման տեսակետ հայտնեց Պավել Ֆելգենգաուերը:
Վերջինիս կարծիքով, դիվերսիաները, կրակահերթերը կարող են նման ուղերձներ փոխանցելու նպատակով օգտագործվել: «Այս պնդումս ավելի է առարկայանում, երբ հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ այդ հայտարարությունից մի քանի ժամ անց է նախաձեռնվել այս ներթափանցման փորձը: Չի բացառվում նաև, որ սա ադրբեջանական արձագանքն էր հայ-ֆրանսիական բանակցություններին, երբ ակնհայտ է, որ ֆրանսիական կողմն օժանդակում է հայկական ջանքերին»,- ասաց Ֆելգենգաուերը:
Հարցին, թե որքան բարձր է գնահատում ռազմական գործողությունների վերսկսման հեռանկարը, հաշվի առնելով Սիրիայում բռնկված լարվածությունը, Ֆելգենգաուերն ասաց, որ ռուս-թուրքական կոնֆլիկտը ցույց տվեց, որ հակամարտությունները կարող են ազդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի վրա, եթե կան արտաքին շահառուներ, ինչպես այդ շրջանում նաև Թուրքիան էր, որն անցել էր ադրբեջանական կողմին հրապարակային աջակցության:
«Այս հակամարտությունում բավականին կարևոր են այն երկրների դիրքորոշումները, որոնք ազդեցություն ունեն Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ, այս դեպքում խոսքը Թուրքիայի և Ռուսաստանի մասին է: Սիրիական պատերազմը շարունակվում է արդեն բավականին երկար ժամանակ, որը որևէ կերպ չի անդրադարձել ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի վրա: Եթե Սիրիայում իրավիճակն այնպիսի հունով ընթանա, որ ռուս-թուրքական հակասությունները խորանան, գուցե անդրադարձ լինի նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի և կոնկրետ շփման գծում առկա իրավիճակի վրա, բայց քանի դեռ Աֆրինի օպերացիան լուրջ հակասությունների պատճառ չի դարձել, բացասական կանխատեսումներ չեմ անի, որոնք պայմանավորված են արտաքին միջամտությամբ: Անկախ արտաքին բաղադրիչից՝ ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը վտանգավոր է, պատերազմական գործողությունների վերսկսման ռիսկը` բարձր»,- նշեց ռազմական փորձագետը: